Արթուր Կուկունյան․ Արցախի հետ տեղի ունեցածը ռազմական կոնտեքստում քննարկելը նշանակում է կոծկել մեղավորներին

2218

Արթուր Կուկունյանը Ֆեյսբուքում գրում է․

«ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն էսօր ԱԺ ամբիոնից հերթական ինքնախոստովանությունն արեց։ Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից հնչեցվող մեղադրանքներին, թե Արցախի 75 տոկոսը հանձնել եք, սկսեց բացատրել, որ 7 շրջանները Արցախինը չէին, հիմնավորեց փաստաթղթերում ու բանակցություններում առկա կետով, ըստ որի` այդ տարածքները բոլոր դեպքերում վերադարձվելու էին, հետևաբար՝ իրենք Արցախի 75 տոկոսը չեն հանձնել։ Մի կողմ թողնելով Հադրութի ու Շուշիի մասին պատգամավորի լռությունը, մի կողմ թողնելով Պապիկյանի ու Ալեն Սիմոնյանի ասած՝ Աղդամը մեր հայրենիքն է արկածախնդիր ու մանկամիտ ֆլեշմոբերի մասին լռությունը, անցնեմ բուն խոստովանությանը։

Պատգամավորն ասում ա՝ Սերժ Սարգսյանը երբ չընդունեց փաստաթուղթն ու չգնաց փոխզիջման, դրանով պաշտպանեց Հայաստանի շահը, որից հետո սկսվեց ապրիլյան պատերազմը, և Սերժ Սարգսյանը դրանում մեղավոր չէր, նույնը արեցինք մենք, չընդունեցինք այդ նույն առաջարկը։

Հիմա էսքանից հետո դեռ որևէ մեկի համար հա՞րց ա առաջանում, թե ով ա պատերազմի մեղավորը, ով ում դեմ ա պայքարել և պայքարում, որևէ մեկը մտածում ա, որ էս պատերազմի համար քննիչ հանձնաժողովնե՞ր ա պետք, քրեական գործե՞ր են պետք։ Քանի կասկա ու բռոնի ժիլետ ա էղել, քանի միավոր տեխնիկա ա էղել, ինչ սպառազինություն ա գնվել ավելորդ կամ պակաս, էս ամեն ինչը ոչ մի կապ չունեն էս պատերազմի հետ, որևէ հանձնաժողով որևէ անելիք չունի էս պատերազմի կամ Արցախի հետ տեղի ունեցածը քննելու հարցում։ Արցախի հետ տեղի ունեցածը ռազմական կոնտեքստում քննարկել, նշանակում ա կոծկել մեղավորներին, լղոզել էս աղետը, մեղքը բարդել ում վրա ասես, բացի իրական մեղավորներից։ Արցախի կործանման պատասխանատվությունը բացառապես քաղաքական ա, ու ոչ մի կապ չունի, թե որ գեներալն ինչ սխալ ա թույլ տվել, որ օպերացիան էր ճիշտ, որը՝ սխալ, ինչ սպառազինություն ա գնվել կամ չի գնվել։

Կա մեկ մեղք, խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուց չխուսափելը, եթե չասեմ՝ ամեն գնով դրան նպաստելը։

Հիմա ասեք՝ որևէ տարբերություն կա՞ էս քաղաքական ուժերի մեջ, նրանք որևէ բանով տարբերվո՞ւմ են իրարից։ Այս մարդիկ բանակցել են էդ տարածքները զիջելու մասին, բայց իրենց ժողովրդի առաջ չեն կանգնել և ասել այդ մասին, չեն բացատրել, որ աղետից խուսափելու համար պետք ա գնալ խնդրի քաղաքական, դժվար, ծանր որոշման ու լուծման։ Ու բնական ա, որ դա չեն արել, որովհետև իրենք իշխանության են էկել հենց էդ լուծումն իբր մերժելու գնով։ Ու հիմա իբր իրար են մեղադրում, իսկ իրականում՝ արդարացնում՝ թքած ունենալով, որ իրենց անհեռատես ու տգետ արկածախնդրությամբ մի ամբողջ ժողովրդի տարան դարի ողբերգության»։

Նախորդ հոդվածըԼեոն ճիշտ էր․ պոռոտախոս մտավորականներն են ազգակործաններ սնուցողը. ՉԻ
Հաջորդ հոդվածըՄի քանի հիշեցում. Ալիք Մեդիա