‘Արթուր Սաքունց. Արդարադատության նախարարն ուղղակի ցնցեց ինձ’

953

«Արդարադատության նախարարն ուղղակի ցնցեց ինձ, որևիցե նորմալ երկրում արդարադատության նախարարի նման արտահայտության պատճառով կլիներ սկանդալ, և կպահանջվեր վերջինիս հրաժարականը: Խոսքն ազատզրկված անձանց իրավունքների պաշտպանության մասին է, թե հիմա ինչ հանցագործության համար է նա մեղավոր ճանաչվել՝ որևէ էական նշանակություն չպետք  է ունենա ՔԿՀ-ում նրա նկատմամբ վերաբերմունքի տեսակետից, բայց եթե նախարարը գտնում է, որ պետք է հաշվի առնել նաև տուժածների կարծիքը և դրանով վերաբերմունք մշակել, դա համարում եմ սկանդալ»,-  այսօր ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկը պատժիչ բնույթ ունի, իսկ ՀՀ-ում քրեակատարողական ծառայությունը և դատական համակարգը, չնայած որ անձը մեղավոր է ճանաչվել և ազատազրկման ձևով կրում է իր պատիժը, ստիպում է նրան գտնվել կրկնակի, եռակի, քառակի պատիժների սահմաններում:

Արթուր Սաքունցը բերեց մի օրինակ, թե ինչպես քաղաքացուն առանց դատարանի որոշման կալանքի տակ պահել են 25 օր, իսկ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը ու երկու այլ կազմակերպություններ փորձել են քրեական գործ հարուցել պաշտոնատար անձի լիազորությունների գերազանցման համար, սակայն անարդյունք:

«Երբ սկսեցինք գործի բողոքարկման գործընթացը, արդարադատության նախարարը բոլոր ՔԿՀ-ներին նամակ ուղղեց, թե այսուհետ առանց դատարանի որոշման որևիցե մեկին չընդգրկել ՔԿՀ: Այսինքն՝ քրեական դատավարության օրենքով սահմանվածը լրացուցիչ պետք է տրվի նաև գրությա՞մբ»,-նշեց նա:

Արթուր Սաքունցը մի օրինակ ևս բերեց, թե ինչպես «Վանաձոր» ՔԿՀ-ի պետը, լրագրողի այն հարցին, թե արդյոք առկա է հացադուլի սպառնալիք՝ ասել էր. «Եթե նման բան լիներ, «զոն նայողը» կգար, ինձ կտեղեկացներ»:

«Եթե մենք ասեին, թե «զոն նայող» կա», կասեին՝ ապացուցեք, իսկ այդ պաշտոնատար անձը շարունակում է պաշտոնավարել. փաստորեն՝ ՔԿՀ-ի պետը ընդունում է, որ համակարգում ոչ իրավական նորմերը ավելի մեծ նշանակություն ունեն, քան իրավական ընթացակարգերը: Եվ դա նորմալ է, սկանդալ չէ»:

Նախորդ հոդվածը‘Հայտնի չէ՝ «Արարատ գրուպը» կբողոքարկի՞ ՍԻԼ-ի հարցով դատարանի որոշումը, թե՞ ոչ’
Հաջորդ հոդվածը‘Ռուփերթ Մերդոքի բրիտանական թերթերի նախկին խմբագիրները մեղադրվել են պետպաշտոնյաներին կաշառելու համար’