‘Արթուր Սաքունց. ԵԽԽՎ բանաձևն առնչվում է Հայաստանի և Ադրբեջանի քաղբանտարկյալներին ‘

1403

ilur.am-ի հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը

— Պարոն Սաքունց, օրերս ԵԽԽՎ-ն բանաևւ ընդունեց, համաձայն որի՝ սահմանված են այն չափորոշիչները, որոնցով կալանավորված անձը ճանաչվում է քաղբանտարկյալ: Ըստ այդ բանաձևի՝ Մարտի 1-ի գործով կալանավորված անձինք քաղբանտարկյալնե՞ր են:

— Միանշանակ՝ նրանք համարվում են քաղբանտարկյալներ: ԵԽԽՎ գերմանացի խորհրդարանական Քրիստոֆ Շտրեսսերի հեղինակած բանաձևը կապված է Հայաստանում և Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության հետ: Սա է նախապատմությունը: Ինձ համար դա զարմանալի է, քանի որ Ուկրաինայում, Մոլդովայում էլ կան քաղբանտարկյալներ: Չափորոշիչներում հստակ սահմանված է, որ անձը համարվում է քաղբանտարկյալ, եթե նրա՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված հիմնարար իրավունքները սահմանափակված են: Դրանք են՝ մտքի, խղճի և կրոնական համոզմունքների ազատության սահմանափակումը, տեղեկատվության և կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը, հավաքների և միավորումներ ստեղծելու  ազատության սահմանափակումը: Երկրորդ չափորոշիչն այն է, որ մարդը ազատազրկվել է քաղաքական դրդապատճառներով, ասենք՝ ձերբակալել են կուսակցական պատկանելության կամ քաղաքական գործունեության  համար: Մյուս չափորոշիչն այն է, որ քաղաքական դրդապատճառներով ազատազրկման պայմաններն ու ժամկետները համարժեք չեն կատարված հանցանքին: Ենթադրենք՝ մարդն ազատազրկվել է վրաերթ կատարելու համար: Ղազախստանում Եվգենի Ժովկիսը Մարդու իրավունքների միջազգային բյուրոյի ղեկավարն էր, մի քաղաքացի պատահմամբ նրա մեքենայի տակ է ընկնում և մահանում: Ժովկիսի դատավարության ժամանակ, ինչպես նաև նրա պահման պայմաններում  ակնհայտ էր քաղաքական դրդապատճառը: Նույնը վերաբերում է ԱԺ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին, որի նամակագրությունը խոչընդոտում էին: Քաղաքական դրդապատճառ  է նկատվում այն դեպքերում, երբ պահման պայմանների, ազատազրկման տևողության հարցում խտրական վերաբերմունք է դրսորվում նույն հանցանքը կատարած անձանց միջև: Հաջորդը վերաբերում է արդար դատաքննությանը: Եթե դատական պրոցեսում  վկաների նկատմամբ ցուցաբերվում են ճնշումներ, ի հայտ է գալիս ապացույցների անբավարարությունը, խտրական վերաբերմունք է ցուցաբերվում միջնորդությունների ներկայացման ժամանակ, ապա կա քաղաքական դրդապատճառ: Ելնելով այս չափանիշներից՝ հստակ կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործով բոլոր կալանավորվածները և դատապարտվածները, այդ թվում նաև նրանք, ովքեր առողջական կամ ինչ-ինչ պատճառներով ներման դիմումներ են գրել և ժամկետից շուտ ազատ արձակվել, քաղբանտարկյալներ են: Ակնհայտ է, որ այդ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է քաղաքական պրոցեսներին մասնակցելու և կարծիք արտահայտելու համար:

— Այս բանաձևի համաձայն՝ կարո՞ղ են քաղբանտարկյալ համարվել նաև կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց մեջ կան ոչ քիչ թվով ազատազրկվածներ:

— Կրոնական համոզմունքների համար ազատազրկվածները ևս քաղբանտարկյալներ են: Նրանք համարվում են ոչ թե խղճի բանտարկյալներ, այլ՝ քաղբանտարկյալներ: Իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունների  և այդ փաստերի առթիվ քննություն չիրականացնելու դեպքում նրանք ևս համարվում են քաղբանտարկյալներ: Իրավապաշտպանները տեղեկություններ են փնտրում և տարածում, կարծիքներ են արտահայտում զինված ուժերի կամ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, և նրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն համարվում է քաղաքական հետապնդում: Այս համատեքստում Վարդան Օսկանյանն էլ է համարվում քաղաքական հետապնդման զոհ, որովհետև նրան մեղադրանք չէր առաջադրվել, այլ գլխավոր դատախազությունն ուզում էր ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկել, որպեսզի հետո տեսնի, թե ինչպես է վարվում: Կամ՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դեպքը. քանի դեռ իրավապահները չեն իմացել նրա՝ ՀԱԿ անդամ լինելը, այլ կերպ են վերաբերվել, իսկ երբ պարզվել է, որ նա ՀԱԿ անդամ է, այլ կերպ են վերաբերվել: Մեղադրանքն առաջադրվել և դատաքննությունն ընթացել է խտրական վերաբերմունքի դրսևորմամբ: Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է: Ավելին, եթե նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը և ազատազրկման ժամկետը  համեմատենք Վահե Ավետյանի գործով կալանավորվածներին առաջադրված մեղադրանքների հետ, ակնհայտ խտրական մոտեցում է ցուցաբերվում: Բանաձևում անդրադարձ կա նաև ոչ քաղաքական հանցագործություններին: Անձը, որը գտնվում է ազատազրկման մեջ ոչ քաղաքական հանցագործության համար, չի համարվում քաղբանտարկյալ: Սակայն նա կարող է համարվել քաղբանտարկյալ, եթե կա նրան ազատազրկելու քաղաքական մոտիվ,եթե իշխանությունը նպատակ է դրել նրան պահել ազատազրկման պայմաններում: ԵԽԽՎ բանաձևով ապացուցման բեռն ընկնում է իշխանությունների վրա: ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանին մեղադրում էին «փողերի լվացման» մեջ, հետագայում այդ «փուչիկը» պայթեց:

— Չե՞ք կարծում, որ եվրոպական կառույցներն այսօր հայտնվել են ճգնաժամի մեջ՝ իրենց կազմում ընդգրկելով քաղբանտարկյալներ ունեցող երկրների, և այսօր լուծումների փնտրտուքների մեջ են:

— Եվրախորհուրդը ճգնաժամի մեջ է հայտնվել այն պատճառով, որ նախկին խորհրդային երկրներին միանգամից ընդգրկել է իր կազմում: Ճգնաժամն այն բանի հետևանքն է, որ այդ երկրները, չանցնելով բնականոն էվոլյուցիոն ճանապարհ, միանգամից հայտնվեցին մի ակումբում, որտեղ չիմացան, թե իրենց ինչպես պետք  է պահել զարգացած երկրների կողքին: Այս հանգամանքը դարձավ լուրջ մարտահրավեր հենց Եվրախորհրդի համար: Անդամ երկիրը, որն իր արժեհամակարգով դեմ է դուրս գալիս Եվրախորհրդին, պետք  է դուրս գա նրա կազմից: Բայց, մյուս կողմից, կա քաղաքական նպատակահարմարության հարցը: Հիմա, եթե մենք չանդամակցեինք Եվրախորհրդին, ապա մեզ համար կլինեին լուրջ  մարտահրավերներ: Տեսեք, ՀՀ Նախագահի ամեն մի ընտրությունից առաջ մեր երկրում լինում են զանգվածային հետապնդումներ, հետո դրանք մարում են մինչև հաջորդ ընտրություններ:

— Օրերս Եվրադատարանը կայացրեց որոշումներ Գրիշա Վիրաբյանի և Ժիրայր Սեֆիլյանի բողոքների վերաբերյալ, որոնք ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեին: Մինչ այդ էլ ԵԴ-ն որոշումներ կայացրել էր այլ ընդդիմադիրների նկատմամբ: Այդ որոշումները չե՞ն կարող վճռորոշ ազդեցություն ունենալ  դատաիրավական համակարգի բարեփոխումների վրա:

— Միանշանակ կարծում եմ, որ Եվրադատարանի նախադեպային որոշումներն  ուղղակի ազդեցություն կունենան դատաիրավական համակարգի վրա: ԵԴ-ի հանձնարարականները բավականին լուրջ նշանակություն ունեն ԵԽ անդամ երկրների համար, գնահատական  է տալիս դատական համակարգին, թե ինչպիսին պիտի լինի այն: Հիշենք, թե քանի անգամ ԵԽԽՎ-ում արծարծվեց վարչական կալանքի հարցը,  և այսօր «Վարչական իրավախախտումների մասին» օրենքից հանվել է վարչական կալանքի մասին հոդվածը:Նույնը վերաբերում է զինված ուժերին, որտեղ ռազմական ոստիկանությունում  մարդուն ազատությունից կարող էին զրկել, իսկ այսօր կարգապահական վարույթ  է կիրառվում: Կամ՝ քրեակատարողական հիմնարկները ներքին գործերի նախարարության ենթակայությունից հանձնեցին արդարադատության նախարարությանը:

Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Նախորդ հոդվածը‘Կառլսենը շրջանցեց Արոնյանին’
Հաջորդ հոդվածը‘Սուտը՝ որպես իշխանության մնալու երաշխիք’