‘Արթուր Սաքունց. Մարզպետի պաշտոնանկությունը որեւէ կապ չունի քրեադատավարական պրոցեսի հետ’

1372

Արթուր Սաքունցը Ֆեյսբուքում գրում է. 

Ուրեմն առաջին. «Պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ է առգրավվել տեսագրությունը, զինդատախազն ասաց, թե դեպքից ժամեր անց»: 
Հաստատ Գորիսը Ռիո դե Ժանեյրոն չի, որ մի ծայրում կրակեն մյուս մասում չլսեն.. Իսկ ինչո՞ւ են «ժամեր անց» բռնագրավվել: Ոստիկանությունը քնա՞ծ էր: Թե՞ ամեն օր Գորիսում կրակում են, և սովորական երևույթ է: Բայց քանի որ ամեն օր չեն կրակում, ուրեմն Գորիսի ամբողջ ոստիկանական հրամկազմին պետք է առնվազն հեռացնել համակարգից… որոնք ոչ թե հասարակական կարգը պահպանողներ կամ հանցագործությունները կանխարգելողներ են , այլ անգործունակներ…

Երկրորդ. «Մյուս հարցին, թե այդ դեպքում մի քանի ժամում ինչպե՞ս են մարզպետարանի աշխատակիցները կարողացել դիտել տեսագրությունը եւ անգամ սղագրել այն, Կոստանյանը պատասխանեց, թե այդ մի քանի ժամվա ընթացքում նրանք կարող էին դիտել, անգամ պատճենահանել տեսագրությունը»: 
Ինչի՞ հիման վրա է նման եզրակացությունն արվում: Պետք է ենթադրել, որ ոստիկանությունը սպասել է, մինչև այսպես կոչված «մարզպետարանի աշխատակազմը» ժամանի, տեսանկարահանի, նոր իրենք բարեհաճեն ժամանել… Եվ սա հանգիստ բացատրում է ՀՀ Զինդատախա՞զը: Նման դեպքում, երբ «մարզպետարանի աշխատակազմը» մի քանի տասնյակ մարդ, ժամանել են մարզպետի տուն, նա դեռ հանգիստ քնա՞ծ էր: Թե՞ դա չի հետաքրքրում զինդատախազին: Լավ, վերջի վերջո կոնկրետ ովքե՞ր են ժամանել: Դա պե՞տք է պարզվի:

Երրորդ: Եթե զինդատախազը նման հստակությամբ բացատրում է , որ մի քանի ժամից «մարզպետարանի աշխատակազմը» եկել է մարզպետի տուն, նրանք որտեղի՞ց են իմացել դեպքի մասին: Ոստիկանությո՞ւնն է ասել, թե՝ հասեք, ձեր մարզպետի վրա հարձակվել են, թե՞ մարզպետի տնեցիք են հայտնել: Բայց այդ դեպքում, եթե մարզպետի տան վրա, ըստ նրա խոսքերի, զինված հարձակվել են Բուդաղյան եղբայրները, և իրենք հերոսաբար պաշտպանվել են, ինչո՞ւ չեն իրե՛նք առաջինը զանգել ոստիկանություն: «Լայաղ» չեն արե՞լ: Կարո՞ղ ենք մտածել, որ մինչև ոստիկանության ժամանումը տեղանքում կատարվել են փոփոխություններ: Այս ուղղությամբ կատարվե՞լ են ուսումնասիրություններ, և տեղազննության իրականացման ընթացքում այս հանգամանքին ուշադրություն դարձվե՞լ է:

Չորորդ. «Եթե մարզպետարանի աշխատակիցները կարող էին այդ մի քանի ժամում դիտել, անգամ պատճենահանել, ապա չէին կարո՞ղ նաեւ մոնտաժել տեսագրությունը. այս հարցադրմանն ի պատասխան` զինդատախազն ասաց, թե գործնականում դա բացառում…» Դե ժողովուրդ, կարող ենք բոլոր տեսակի փորձաքննությունները փակել, քանի որ ՀՀ զինդատախազն ինքը տեսանյութերի մոնտաժման փաստի փորձաքննության կայծակնային մասնագետն է, որը կարողանում է մի հայացքով որոշել տեսանյութի մոնտաժված լինել-չլինելու հարցը… Ուրեմն մի ամբողջ «մարզպետարանի աշխատակազմ» չէր կարող մոնտաժել հենց մարզպետի տանը տեսանյութերը այդ մի քանի ժամվա ընթացքում, մի քանի ժամ էր պետք, որպեսզի ոստիկանությունը ժամաներ դեպքի վայր.. բոլորը դանդաղաշարժ են, բայց ՀՀ զինդատախազը տեսանյութերի մոնտաժումը կայծակնային հերքելու փորձաքննության ունակություն ունի…

Հինգերորդ. «Չեմ կարծում, որ այդքան կարճ ժամանակահատվածում որեւէ մոնտաժման հնարավորություն լիներ, որովհետեւ ա. ժամանակն էր կարճ, բ. տեխնիկական հնարավորությունները, վստահ եմ, որ բացակայում են, որը հնարավորություն կտար նրանց մոնտաժելու», — ասաց Կոստանյանը:» … Տեսնո՞ւմ եք: ՀՀ զինդատախազը շաատ լավ էլ վստահ է, որ մոնտաժման տեխնիկական հնարավորությունները բացակայում են… այսինքն լիովին տեղյակ է մարզպետի տանը մոնտաժման տեխնիկական հնարավորությունների մասին… Հիմա ասել էի՝ Դո՞ւք եք մոնտաժել կամ Դո՞ւք եք պատվիրել մարզպետի տան տեխնիկական հնարավրությունները, կամ այդ ե՞րբ իմացաք՝ հնարավոր է թե հնարավոր չի մոնտաժելը: 

Ի դեպ. գոնե պահանջե՞լ եք մարզպետի տան անդամների, այսպես կոչված թիկնապահների (դեռ այս հարցին էլ պետք է առանձին անդրադառնալ, թե ինչ հիմքով են այդ մարդիկ թիկնապահ աշխատում, ինչ իրավական հիմնավորմամբ) հեռախոսային զանգերը դեպքից առնվազն երեք ժամ առաջ, և առնվազն հինգ ժամ հետո…

Վերջապես, վեցերորդ. «Վերջինիս (այսինքն մարզպետի-Ա.Ս.) պաշտոնանկությունը որեւէ կապ չունի քրեադատավարական պրոցեսի հետ: Բոլոր վարկածներն էլ քննվում են եւ քննության փուլում առաջ քաշված բոլոր հնարավոր վարկածները կամ կհերքվեն, կամ կհաստատվեն: Ըստ այնմ` պարզ կլինի քրեական հետապնդում կհարուցվի այս կամ այն այլ անձի նկատմամբ, թե` ոչ», — վստահեցրեց զինդատախազը»: …Ուշադիր, ուշադիր. «պաշտոնանկությունը կապ չունի քրեադատավարական պրոցեսի հետ»… Բայց ինչո՞ւ չպետք է կապ ունենար: Եթե մարզպետի պաշտոնում մնար, ապա ձեռքերը ծալած նստելու էր, անտարբեր նայելո՞ւ էր, թե ինչ մեղադրանք են առաջադրում իր տղայի կամ թիկնապահի նկատմամբ և որևէ կերպ չէ՞ր փորձելու ազդել նախաքննության պրոցեսի վրա, և որևէ հիմք չկա՞ր (կամ հենց հիմա էլ չկա՞) մարզպետի կողմից նախաքննության պրոցեսի վրա ազդելու: Այ քեզ խեղճ ու կրակ մարզպետ… Ով հասնում էր քրեական գործ էր հարուցում իր վրա, ազգականների վրա, ինքն էլ խեղճ-խեղճ ենթարկվում էր օրենքի պահանջներին… :))) Հենց Դո՛ւք պետք է միջնորդություն ներկայացնեիք կառավարություն՝ դադարեցնելու համար մարզպետի լիազորությունները, առաջին հերթի հենց դո՛ւք պետք է մտահոգվեք , որպեսզի նախաքննությանն ընթանա առանց որևէ կողմնակի միջամտության.. բայց … բոլորովին հակառակ մոտեցումը՝ «Պաշտոնանկությունը որեւէ կապ չունի քրեադատավարական պրոցեսի հետ:” Շա՛տ վատ է որ կապ չունի, շաատ վատ…

Նախորդ հոդվածը‘Երեւանի ավագանու նոր կազմի առաջին նիստը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքական. 5 անհրաժեշտ քայլեր’