‘Արժե՞ արդյոք «վիզ դնել», որ ԵԽԽՎ-ն քննադատական զեկույց ընդունի Ադրբեջանի վերաբերյալ. Մամուլ’

899

«Մեր պատվիրակների դժգոհությունները ԵԽԽՎ-ից գնալով ավելանում են և ավելի կոշտ ձևակերպումներ են ստանում: Հայաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների գնահատականներն այս առումով առանձնապես չեն տարբերվում, ինչից կարելի է եզրակացնել, որ տարբեր եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորներից շատերն իսկապես իրենց ամենևին «եվրոպավարի» չեն պահում և այլասերված են ավելի շատ, քան հետխորհրդային կամ, ասենք, լատինաամերիկյան պետական պաշտոնյաները: Մասնավորապես, ԵԽԽՎ-ում «պարզվել է», որ Ադրբեջանը բավականին ժողովրդավարական երկիր է և փայլուն կերպով կատարում Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները: Իսկ եթե ինչ-որ բան այն չէ, ապա զուտ այն պատճառով, որ «իրենց» տարածքների 20 տոկոսը «զավթված է», և Ադրբեջանում կա մեկ միլիոն փախստական: Ինչպես ասում են, փողին (կամ տվյալ դեպքում` գուցե խավիարին) մուննաթ: Ուրիշ ինչպես կարելի է ծաղրել այդ կազմակերպության հռչակած նպատակները և ընդհանրապես` եվրոպական արժեքները:

Բայց այստեղից երկու հարց է ծագում` արժե՞ արդյոք «վիզ դնել», որ ԵԽԽՎ-ն քննադատական զեկույց ընդունի Ադրբեջանի վերաբերյալ: Եթե որևէ մեկի կարծիքը ես կարևորում եմ, ապա, անշուշտ, փորձում եմ նրան ներկայացնել բոլոր փաստերը, որպեսզի նա առավելագույնս օբյեկտիվորեն գնահատի իրավիճակը: Բայց եթե ես վստահ եմ, որ տվյալ մարդը կամ կազմակերպությունը գնահատական է տալիս կաշառքի ազդեցության տակ, ապա նրանց գնահատականն ինձ համար կոպեկի գին չունի:

Նույն տրամաբանությամբ` այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը այնքան տանջվում, որ, օրինակ, եվրոպական այդ կառույցը հնարավորինս դրական կամ հնարավորինս բացասական գնահատական տա մեր ընտրություններին: Այդ ի՞նչ մի անաչառ դատավորներ են, որոնց կարծիքի վրա մենք այդքան դողում ենք: Հիմա նրանք ինչ-որ դիտորդներ են ուղարկելու, որոնք ինչ-որ զեկույցներ են գրելու, հետո այդ զեկույցները իշխանությունն ու ընդդիմությունը տառ առ տառ ուսումնասիրելու են, ասելու են` «հեղինակավոր միջազգային կազմակերպությունը ողջունեց», «հեղինակավոր միջազգային կազմակերպությունը դատապարտեց»` անտեսելով այն փաստը, որ այդ «ողջունելու» ու «դատապարտելու» գինը մի քանի կիլո խավիար է:

Իրականում առանց որևէ դիտորդների էլ թացն ու չորը ջոկելը բավականին հեշտ է»,- մասնավորապես գրում է «Առավոտը» իր այսօրվա խմբագրականում:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «աշխատում» է նոր «տեխնոլոգիաներով». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ինչու՞ Կաթողիկոսը Տիգրան Առաքելյանին ազատելու խնդրանքով չի դիմում Սերժ Սարգսյանին. Մամուլ’