‘Արժեքային Անդաստան’

24780

Հայաստանը, ինչպես հայտնի խորհրդային անեկդոտում է ասվում, ամենաանկանխատեսելի անցյալն ունեցող երկիրն է: Հատկապես՝ նորագույն շրջանի անցյալը:

Երբ 2007-ին որոշվեց վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դին թաղել Կոմիտասի անվան Պանթեոնում, շատերը տարակուսած էին: Մարգարյանը Երրորդ Հանրապետության առայժմ ամենաերկարակյաց վարչապետն է, մահացել է պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, բայց արդյո՞ք դա բավարար է՝ Պանթեոնում հանգչելու պատվին արժանանալու համար, ասում էին շատերը:  Տարակուսանքն ավելի աճեց, երբ որոշ ժամանակ անց մարդիկ տեսան նրա դամբարանը, որը Պանթեոնում թաղված այլ գործիչների՝ Կոմիտասի, Խաչատրյանի, Թամանյանի եւ մնացած մեծերի գերեզմանների համեմատ՝ աչքի է ընկնում իր չափսերով ու ճոխությամբ (մինչ այդ մարդիկ սովոր էին այդպիսի հուշարձաններ տեսնել Թոխմախում եւ Երեւանի այլ գերեզմանատներում, հիմնականում՝ քրեական հեղինակությունների շիրիմների վրա):

Իսկ վերջերս Երեւանի Հրաչյա Քոչարի փողոցում ՝ Վաղարշյան խաչմերուկի մոտ (գուցե նաեւ այլ տեղերում) «Հայ մեծերը» վերտառությամբ  պաստառի վրա հայտնվել է նաեւ Անդրանիկ Մարգարյանի պատկերը:  Այս շարքի վահանակների վրա պատկերված են, օրինակ, Մհեր Մկրտչյանը, Հովհաննես Թումանյանը, Վիկտոր Համբարձումյանը… Եւ, փաստորեն, Անդրանիկ Մարգարյանը:

Հայ մեծերի շարքում դասվել կարող են նրանք, ովքեր մեր պետությանն ու ազգին թողել են խոշոր ժառանգություն՝ լինի դա պետական, հասարակական, գիտական թե մշակութային կյանքում: Դա ազգի սերուցքն է, Օլիմպոսը, որ արժեքային ուղենիշ է երիտասարդ սերնդի համար, ինչպես նաև այցեքարտ՝ աշխարհին ներկայանալիս: Իսկ թե Անդրանիկ Մարգարյանն ինչ ժառանգություն է թողել ազգին հետագա հարյուրամյակների համար, թող դատի յուրաքանչյուրը: Հայտնի է միայն, որ Անդրանիկ Մարգարյանը, մեղմ ասած, առանձնապես օժտված չէր քաղաքական մտքի սրությամբ, տեսական կամ պրակտիկ գիտելիքներով, քաղաքագիտական երկեր չէր հրապարակում, արտասահմանցի պաշտոնակիցների հետ հանդիպումներում աչքի չէր ընկնում պերճախոսությամբ, եւ որ ամենակարեւորն է՝ նրա պաշտոնավարման ընթացքում ծաղկում էր ամենաբարձր մակարդակի կոռուպցիան, տնտեսությունը «հաջողությամբ» մոնոպոլիզացվում էր, կրթական համակարգը՝ կուսակցականացվում:  Եվ մեկ էլ այն, որ Մարգարյանի որդին, երիտասարդ հասակից ի վեր բացառապես ինքնակառավարման պաշտոններ զբաղեցնելով հանդերձ (առանց, ի դեպ, բանակում ծառայելու), «հասցրել է» կարճ ժամանակում դառնալ դոլարային միլիոնատեր, մանր ու մեծ բիզնեսների  ու անշարժ գույքի սեփականատեր:

Իսկ իրականում, այն մարդիկ, որոնց մտքով անցել է Անդրանիկ Մարգարյանին «տեղավորել» հայ մեծերի շարքում, եւ այն մարդիկ, որոնք թույլ են տվել իրականացնել այդ գաղափարը, ամենամեծ վնասն են հասցրել և՛ Մարգարյանի հիշատակին, և՛ ազգի իրական մեծերին՝ Մաշտոցին,  Թումանյանին, Խաչատրյանին, Չարենցին, Սարյանին, Կոմիտասին, Նարեկացուն, Նժդեհին: Սրանով այդ մարդիկ ստիպում են, որ հայաստանյան հանրությունը ՀՀԿ-ի իշխանության նկատմամբ ունեցած ողջ նեգատիվն ուղղի այդ մարդու ուղղությամբ: Մարդ, որը վերը նշված բոլոր հանգամանքներով հանդերձ, երբեք ակնհայտ բացասական ընկալում չի ունեցել:

Եթե իշխանական շրջաններում արժեքային այլասերումը հասել է այս մակարդակի, եւ ինչ-ինչ այսրոպեական շարժառիթներից ելնելով՝ նրանք պատրաստ են խեղաթյուրել «մեծի» ու «արժանավորի» հանրային ընկալումները, ապա պետք չէ զարմանալ, եթե ապագայում հայ մեծերի շարքը դասվեն Թաթան, Արմենչիկը, Գալուստ Սահակյանը: Նրանց անուններով, հնարավոր է, նաեւ փողոցներ, թաղամասեր ու քաղաքներ անվանակոչվեն, նրանց պատկերը հայտնվի ազգային դրամի վրա, ու էլի նման բաներ: Որովհետեւ, ինչպես խորհրդային հայտնի անեկդոտում եւ Օրուելի հայտնի հակաուտոպիայում, Հայաստանն էլ՝ ամենաանկանխատեսելի անցյալն ունի: 

Հ.Կ.

Նախորդ հոդվածը‘Մադուրոյի սուսերները՝ ընդդեմ ԱՄՆ պատժամիջոցների’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլիի կուսակցությունը՝ իրենց առաջնորդին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին’