‘Արծվիկ Մինասյանը ՀՀԿ-ականներին կոչ արեց կրթվել և կարդալ (տեսանյութ)’

1978

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում մասնավորապես ասել է.

Հարգելի գործընկերներ, ցավալի է, բայց փաստ. այնպես է ստացվում, որ կուտակային կենսաթոշակների հարցը արդեն որերորդ անգամ քննարկվում է պառլամենտում արտահերթ նիստերի միջոցով: Թե՛ 2010թ. հայտնի հիսունից ավելի օրենսդրական փաթեթը և թե՛ նաև սա՝ քննարկվում են արտահերթ ռեժիմով: Կարծում եմ, որ սա  հետաքրքիր զուգադիպություն է կամ առնվազն արդեն օրինաչափություն է դարձել մեր թանկագին իշխանությունների համար, որոնք ամեն ձևով փորձում են  այս հարցը հրատապության ռեժիմով անցկացնել և, ըստ էության՝ պարտադրել:

Ես ինչո՞ւ եմ հատկապես սրա վրա կենտրոնանում: Որովհետև այն, ինչ երեկ կատարվեց այստեղ, պարզապես զավեշտ էր: Նախ՝ իմ կողմից շատ հարգված պարոն Վահրամ Բաղդասարյանի պահվածքին եմ ուզում անդրադառնալ: Հանրապետական խմբակցության ղեկավարը, որը 14 տարիների պատգամավորական փորձառություն ունի, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է, անտեսեց այդ ամենը  և չգիտեմ ինչից ելնելով, առանց անգամ իմ ելույթին, հավանաբար, ուշադրությամբ հետևելու՝ էստեղից մեղադրանքներ հնչեցրեց, որոնք ոչ միայն բացարձակ կապ չունեին  իմ ելույթի հետ, այլև չգիտեմ ում էին ուղղված, բայց, հավանաբար, անհարկի հոլովվեց կամ օգտագործվեց իմ քննադատական խոսքը օրինագծի վերաբերյալ:

Պարոն Բաղդասարյան, ես իսկապես միշտ փորձել եմ հանդես գալ կառուցողական դիրքերից, իսկապես միշտ փորձել եմ  պետականությունը արժևորել, փորձել եմ գտնել համագործակցության եզրեր: Բայց եթե Դուք ներկա լինեիք Սահմանադրական դատարանի ամբողջ քննության ընթացքին, իսկապես հանդիպեիք բազմահազար երիտասարդների հետ  և տեսնեիք այն ոգևորությունը հանրության մեջ, որ ապրեց հայ հասարակությունը ՍԴ հայտնի որոշումից հետո, որը հավասարազոր է Հայաստան- Թուրքիա ազգային հավաքականների խաղում Հայաստանի հաղթանակին, ոգևորությունն եմ ես փորձում համամետել: Ես դա  հայտարարել եմ, որ այդտեղ հաղթող-պարտվող չկար: Եթե հաղթել էր, ապա հաղթել էր միայն հայոց պետականությունը, և էդ ոգևորությունը,   որ անհրաժեշտ էր, կարևոր էր, որ  ուղղվեր երկրում լուրջ փոփոխություններ անելու համար, և էդ ոգևորությունը, որ պետք է որ դրվեր հետագա բարեփոխումների հիմքում, գրչի մեկ հարվածով ոչնչացնում ենք, կոտրում ենք: Էդքանից հետո եթե Դուք կկարողանաք չմոլորվել  և այս ամբիոնից  գովաբանել իշխանության արածը, Ձեզ առնվազն պետք է մեդալ  շնորհել: Ես չեմ կարող դա էդպես անել, որովհետև այն, ինչ կատարվում է պարտադիր կուտակային բաղադրիչի հետ, սարսափելի է: Ես հանդիպում եմ ունեցել շատ մարդկանց հետ, հանդիպում եմ ունցել երկրի առաջին դեմքի հետ, ներկայացրել եմ մեր մոտեցումները, փոխադարձ հասկացել ենք, որ պարտադիր կուտակային բաղադրիչը չի կարող լինել այն տեսքով, այն ձևով, այն հիմքերով, որոնք որ դրված են օրենքի հիմքում: Հետագա ընթացքը  եղավ այն, որ բոլորս կարծեք թե հասկացանք, որ չի կարող օրենքը այլևս պարտադիր բաղադրիչ ունենալ իր մեջ: Բայց այստեղ  հայտնվում է մի փաթեթ, որը ոչ միայն պարունակում  է այս ամենը, այլև մենք, կոտրելով, ջարդելով էդ ոգևորությունը  հասարակության  մեջ, ասում ենք, որ մեզ համար, ըստ էության՝ էս նախագիծը հենց դա է ասում, ավելի կարևոր են երկու արտասահմանյան կառվարիչների շահերը, փոքր-մոքր մի քանի անձի շահերը, քան թե մի ողջ ժողովրդի, մի ողջ պետության շահերը: Այն, որ, քաղաքական հարգելի մեծամասնություն, դուք կարդալու սեր չունեք, համենայնդեպես, շատերին եմ ասում, իհարկե՝ կան նաև իմ կողմից շատ հարգված մարդիկ, որոնք ոչ միայն կարդում են,  լավ էլ  ուսումնասիրում են, դա պարզ էր, անգամ ՍԴ-ի  որոշումը  շատերը ձեզանից չեն նայել, չեն կարդացել, անգամ այս օրենքը չեք կարդացել, նախագիծը չեք կարդացել, դա ես գիտեի:

Ես նաև գիտեմ այն, որ հրահանգով քվեարկությունը նույնպես կարևորագույն, բնութագրիչ հատկություն է, բայց ես չգիտեի, որ պառլամենտի պատգամավորները կարող են հասարակության ոգին կոտրել, ջարդել էդպիսի կեցվածքներով, որովհետև այդ հասարակության մեջ վաղը-մյուս օրը ձեր երեխաներն են, մեր երեխաներն են, մեր ապագան է: Առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, առանց նրանց հետ քննարկում կազմակերպելու՝  ի՞նչ ենք ուզում ասել սրանով, լավ, օրենքի պահանջ  չէ, իրավական ակտերի մասին օրենքի 27.1 հոդվածը հստակ է ամրագրվում, որ նախագիծը պետք է հանրային քննարկում անցնի, առնվազն տասնհինգ օր: Նախագիծը պառլամենտում, և այն էլ՝ այսպիսի հասարակական հնչեղության հարցը պետք է լուրջ ուսումնասիրության ենթարկվի հանձնաժողովներում, ի վերջո՝ սրան պետք է կցված լինի արդարադատության նախարարության եզրակացությունը, որ ամեն մի իրեն գիտուն համարող մարդ էստեղ չհայտարարի, որ  համապատասխանեցրել ենք սահմանադրական դատարանի պահանջներին: Ո՛չ մի բան էլ չեք համապատասխանեցնել,  պաշտոնապես էստեղից ասում եմ,  և աղբի անունը մեղր դնելով՝ դրանից աղբը չի դառնում քաղցր մեղր, չի՛ կարող էդպիսի բան լինել: ՍԴ որոշումը, որ տասնյակ էջեր է իր մեջ պարունակում, բազմաթիվ լուրջ հարցադրումներ և բանաձևումներ ունի, որոևէ մեկը էստեղ լուրջ ուսումնասիրության առարկա չի դարձրել: Էստեղից հայտարարում եք, թե սահմանադրականության հարցը միայն Սահմանադրական դատարանի իրավասիության հարց է, է հետո՞, այսինքն՝ դրդում եք մի հատ էլ մտնենք, հա՞, ՍԴ, ձեզ համար մանկապարտեզ է էստեղ: Ավելի լավ է՝ կրթվեք մի քիչ, դիմում եմ նրանց, ովքեր պնդում են էդ ամենը, կրթվեք մի քիչ, հասկացեք՝ ինչ բան է Սահմանադրությունը, ինչ բան է ՍԴ որոշումը, ինչ բան է Հայաստանի, պետության շահը, քաղաքացու շահը: Մյուսը, իրավական տեխնիկայի տեսակետից՝ էս փաթեթը իսկապես բացարձակ անհեթեթություն է առնվազն, ես շատ կարճ, երեք րոպեում նոր համակարգչի, իրավական ակտերի տեղեկատվության համակարգում փորձեցի փնտրման հնարավորությամբ գտնել պարտադիր կուտակային բառը Հայաստանի օրենսդրության մեջ, օրենքներում, որտեղ կա առնվազն երեք- չորս օրենք էլ տեսա, որ կա, այդ թվում, պարոն Հակոբյան, Ձեր շատ սիրած պետական կենսաթոշակների մասին օրենքում, որտեղ նկարագրում է, թե Հայաստանի կենսաթոշակային համակարգն ինչպիսին պետք է լինի, և հստակ գրված է՝ պարտադիր կուտակային բաղադրիչ: Սա է ձեր բերած փաթեթի իրավական տեխնիկայի պաշտպանվածության մակարդակը: Համակարգի ձևավորման տեսակետից՝ ձևականությունը չի կարող բովանդակություն հաղորդել, այն, որ այդպես էլ ԱԺ-ն, ինչպես ՍԴ որոշման մեջ է ամրագրված հստակորեն, պետք է մասնակցի այս միջոցների օգտագործման վերահսկողությանը, բացարձակ զրո ձևակերպում է, նույն մեխանիզմը պահպանվել է՝ կամուրջ-հաշվիչ, կամուրջ- հաշվիչ մասնավոր ֆոնդեր: ՍԴ որոշումը հո դա չի ասել, այսինքն կարդալ որոշումը և հասկանալ այլ բան ու մեկնբանել սեփական վերնաշապիկի չափով ՝ապսուրդ է դա, առաջ չի գնա այդպիսի մոտեցումը: Կամ մեկ այլ դրույթ. դուք ասում եք ՝ցանկացած մակարդակի հարց կարող են դնել: Այսպիսի բան չկա: ՍԴ որոշման մեջ հստակ է գրված՝ ներկա և ապագա կենսապայմանների հավասարակշռում պետք է ապահովվի, հարկային բեռնվածությունը չի կարող ավելին լինել, և այդ հավասարակշռության ապահովման համար է հատկապես պետք, որ գործատուն մասնակցի: Էսօր մենք ունենք միասնական եկամտային հարկ, որն արդեն պարունակում է ձեր ասած վճարը: Ինչո՞ւ ենք մենք հիմա նորից բերում մեր քաղաքացուն փորձում խաբել, համոզել, թե, իբր, գիտե՞ք ինչ կա, էն որ գրված էր, դա այլ բան է, հիմա մի հատ էլ նոր հեծանիվ ենք բերում: Ինչո՞ւ ենք խաբում, ո՞ւմ ենք խաբում: Ինքներս մեզ: Սրա վերջը ի՞նչ է լինելու, թե՞ մտածում եք՞ որ էսօր մեծամասնություն եք՞ նորից կանցկացնեք օրենքը: Է՛ անցկացրեք: Վերջը դատարկ Հայաստան եք ունենալու:


Նախորդ հոդվածը‘Իտալիա-Կոստա Ռիկա. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանին ազատ արձակելու լուրը ապատեղեկատվություն է. ՄԻՊ խորհրդական’