‘Արծվիկ Մինասյան. Դիկտատուրան իր վախճանն ունենում է հեղափոխությամբ’

2668

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը:

Պարոն Մինասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ Հայաստանն առաջիկայում պատրաստվում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը վաճառել «ՀայՌուսգազարդ» ընկերության` Հայաստանին պատկանող 20 տոկոս բաժնեմասը, եւ որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ արդեն սկսվել են այս ուղղությամբ բանակցությունները:

— Հայտարարությունը, որ «ՀայՌուսգազարդում» Հայաստանի սեփականություն հանդիսացող 20 տոկոս բաժնեմասը փոխանցվում է Ռուսաստանին, չպետք է տարանջատել գազի գնի բարձրացման քաղաքականությունից: Սա ես համարում եմ տնտեսական քաղաքականության հերթական ձախողումը: 20 տոկոս բաժնեմասը Հայաստանին հնարավորություն էր տալիս շահույթ ստանալ «ՀայՌուսգազարդի» գործունեությունից, գործունեություն, որը չի սահմանափակվում միայն գազի բաշխմամբ կամ ձեռքբերմամբ, այլ շատ ավելի ընդգրկուն է: Մյուս կողմից՝ այդ 20 տոկոսը որոշակի հնարավորություն էր տալիս սահմանափակելու «ՀայՌուսգազարդի» գույքի ձեռքբերման պայմանագրերը, որոնք պետք է ձեռք բերվեին տարբեր ռուսական կազմակերպությունների կողմից. գործող օրենսդրության համաձայն՝ այս դեպքում որոշում կայացնողը պետք է լիներ 20 տոկոսի սեփականատերը` ՀՀ կառավարությունը: Այնպես որ՝ Հայաստանը, ռուսական կողմին փոխանցելով 20 տոկոս բաժնեմասը, փաստացի «ՀայՌուսգազարդի» կառավարումն ամբողջությամբ հանձնում է «Գազպրոմին»: Ինձ մտահոգում է նաեւ այլ բան. «Գազպրոմն» իր 100 տոկոս դուստր ձեռնարկության միջոցով իրականացնում է Հայաստանին գազի մատուցման ծառայություն, եւ հետեւաբար՝ գնագոյացման քաղաքականության մեջ մենք պետք է դիտարկենք ոչ թե «ՀայՌուսգազարդին», այլ «Գազպրոմին»: Եվ մեր պահանջները, որ ձեւակերպում ենք գազի գնի, որակի, մատուցված ծառայության վերաբերյալ, պետք է պայմանավորենք բացառապես «Գազպրոմին» ներկայացված պահանջներով, որովհետեւ փաստացի՝ Հայաստանն այլեւս պետության կողմից մատուցվող ծառայությունների որեւէ վերահսկողական լծակ չունի:

— Բայց ՀՀԿ-ականները պնդում են, որ, այնուամենայնիվ, որոշում կայացնելու իրավունքը մնում է Հայաստանին, քանի որ ՀՀ տարածքում է գործելու «ՀայՌուսգազարդը», հետեւաբար` ենթարկվելու է մեր օրենքներին:

— Նման տեսակետ հայտնողները հավանաբար ՀՀ ռեզիդենտության մասին օրենսդրությունը խառնում են որոշումների կայացման իրավասությունների հետ: Հայաստանում գրանցված կազմակերպությունները համարվում են ՀՀ ռեզիդենտներ: Եթե օտարերկրացին գալիս է Հայաստան ու այստեղ ստանում է բնակության որոշակի կարգավիճակ, բնականաբար՝ ՀՀ օրենսդրությունը նրա վրա տարածվում է: Բայց դա չի նշանակում, որ այդ կազմակերպությունը ղեկավարվելու է հայաստանյան օրենքներով, այդ կազմակերպությունը ղեկավարվելու է իր մայր երկրի օրենքներով ու, բնականաբար, այդ երկրում իր գործունեության շահով: Միամիտ է կարծել, որ «ՀայՌուսգազարդը» պետք է շարժվի Հայաստանի շահերով: Ավելին, դա ոչ թե միամտություն է, այլ` աբսուրդ: Կառաջարկեմ մեր բառապաշարից հանենք գազի վերաբերյալ «Հայաստանը սա է ուզում, նա է ուզում» բառակապակցությունը, որովհետեւ Հայաստանն այլեւս որեւէ ազդեցություն չունի եւ չի կարող ունենալ: Եվ գազի գնորդը ոչ թե Հայաստանն է` որպես պետություն, այլ` ՀՀ քաղաքացիները, բաժանորդները: Իսկ ՀՀ-ն, որպես պետություն, պարտավոր է ի՛ր շահը առաջնահերթ համարել, ոչ թե մատուցվող ծառայության դիմաց շահույթ ստացող կազմակերպության շահը:

Փաստորեն՝ «ՀայՌուսգազարդի» գործունեությունը մեզ վրա բավական թանկ է նստում. մի կողմից՝ 30 տոկոս սուբսիդավորման դիմաց խոսում են Մաքսային միասնական միությանը ՀՀ անդամակցելու մասին, մյուս կողմից՝ «ՀայՌուսգազարդում» հայկական բաժնեմասն են վաճառում:

— Երբ խոսում ենք սուբսիդավորման մասին, պետք է հասկանանք, որ եթե սա է գործարքը, ուրեմն` սուբսիդավորում այլեւս չկա: Սա սուբսիդավորում չէ, սա գործարք է: Ընդ որում, իմ հաշվարկներով՝ «ՀայՌուսգազարդում» Հայաստանի 20 տոկոս մասնակցության բալանսային արժեքը 150-160 մլն դոլար է: Սա համապատասխանում է մեկ տարվա ընթացքում ՀՀ ներկրվող գազի ծավալի գնի 30 տոկոսին: Այսինքն` եթե «Գազպրոմը» ՀՀ սահմանին գազը «ՀայՌուսգազարդին» է վաճառում հազար խմ-ն 270 դոլարով, ու ապա 30 տոկոս սուբսիդավորումը կազմում է 81 դոլար: Պարզ թվաբանություն` 81 դոլարը բազմապատկում ենք տարեկան Հայաստան եկող գազի ծավալի չափով, այսինքն` 1.8մլրդ խմ-ով, ստացվում է «ՀայՌուսգազարդում» ՀՀ 20 տոկոս բաժնեմասի արժեքը: Այնպես որ՝ տեղի է ունեցել ոչ թե սուբսիդավորում, այլ` պարզ գործարք` «բաժնեմաս՝ գազի դիմաց» սկզբունքով:

Հիշո՞ւմ եք՝ նախորդ տարվա հոկտեմբերին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բարձրացրել էր այդ 20 տոկոս բաժնեմասի վաճառքի հարցը, բայց իշխանությունները` էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ, հերքել էր այդ լուրերը: Նույն հաջողությամբ իշխանությունները մինչեւ վերջերս հերքում էին գազի սակագնի բարձրացման մասին լուրը, հետո պարզվեց` ապրիլի 1-ից Հայաստանին վաճառվող գազի սակագինը գաղտնի բարձրացել է: Ինչպե՞ս հասկանանք այս ամենը:

— Ես էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին որպես մարդ հարգում եմ եւ խնդրում եմ իմ գնահատականներն անձավորված չհամարել: Բայց Արմեն Մովսիսյանը՝ որպես նախարար, այլեւս ադեկվատ չէ այս համակարգում մշակվող ու իրականացվող քաղաքականությանը: Ավելին, նախարարը հերթական անգամ թյուրիմացության մեջ է գցել մեր հանրությանը, հասարակությանն ու հիմա էլ շարունակում է նույն ոճով` սկսած էներգետիկ համակարգի գազային ոլորտից, ավարտված էլեկտրական էներգիայի արտադրության ու բաշխման կարգի նկատմամբ անհամապատասխան ու անհամարժեք հայտարարություններ անելով:

— Իսկ ինչո՞ւ է նա նման կերպ վարվում` թաքցնելով կատարվածը:

— Դժվար է միանշանակ ասել` դա զուտ իր անձնական, սուբյեկտիվ մոտեցումն է, թե վերեւից եկող թելադրանք է: Բայց նրանք առաջնորդվում են այն կեղծ մոտեցմամբ, թե որքան քիչ տեղեկություն իմանան, այնքան հեշտ գործարքներ կիրականացնեն: Նման գործելաոճը, ինչպես ասում էր Ժան-Ժակ Ռուսոն, բերելու է դիկտատուրայի հաստատմանը, իսկ դիկտատուրան իր վախճանն ունենում է հեղափոխությամբ:

Արման Գալոյան

 

 

Նախորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. Մխիթարյանը կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր-լիգայի լավագույն խաղացողը’
Հաջորդ հոդվածը‘Նախկին ոստիկանները եւ հայկական սպորտը’