‘Արծվիկ Մինասյան. ՀՅԴ-ն երբևէ իր հաջողությունը չի համարել միայն իրենը ‘

1087

«Բնական է, որ աշխարհով մեկ սփռված ՀՅԴ Հայ դատի գրասենյակները գործում են առաջին հերթին Դաշնակցության թե՛ ղեկավար, թե՛ գաղափարական հենքի վրա, կազմակերպական ուժի օգտագործմամբ, և աշխատանքների կիզակետում, առաջին հերթին, դրվել է ԼՂՀ-ի միջազգային ճանաչման խնդիրը: Փառք Աստծո, որ թեկուզ նահանգի մակարդակով, բայց ունենք այս հաջողությունը», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ ՀՅԴ-ն երբևէ իր հաջողությունը չի համարել միայն իրենը, և այս դեպքը բացառություն չէ: «Թող որ ՀՅԴ-ի անունը քիչ նշվի, սակայն բոլորին պարզ է, որ առաջին հերթին ՀՅԴ-ն իր աշխարհասփյուռ կառույցներով է հասնում որոշակի արդյունքի»:

Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ ԼՂՀ-ի ճանաչման գործընթացը կշարունակվի՝ հասնելով մինչև տարբեր երկրների կողմից պաշտոնապես ճանաչմանը:

«Կուզենայի ունենանք պատկեր, երբ մի օր արդեն ՄԱԿ-ը ճանաչեր ԼՂՀ անկախությունը, վստահ եմ,որ կգա այդ օրը, և կոչ կանեմ բոլոր քաղաքական ուժերին այս հարցում գոնե առաջնորդվել ՀՅԴ-ի առաջ քաշած ուղենիշներով»,- շեշտեց նա:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այս իրողությունը չի կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ առաջիկայում կայանալիք հայ և ադրբեջանցի արտգործնախարարների հանդիպման վրա, այլ ընդհակառակը, ըստ նրա՝ մենք պետք է զենք ձեռք բերենք բանակցային գործընթացներում, որպեսզի մի օր է բանակցությունների սեղանին դնենք ԼՂՀ-ի ճանաչման իրավական փաստաթուղթը:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը տեղեկացմամբ՝ Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որն Ադրբեջանից անկախացել էր 20 տարի առաջ:

Նախորդ հոդվածը‘Առաջին փեսայի շարասյունը’
Հաջորդ հոդվածը‘Սարգիս Հովսեփյանի վերջին հանդիպումը տոնական կլինի’