‘Արհեստական աղմուկ՝ ԵԽԽՎ-ում իբր ուշ հերթագրվելու շուրջ ‘

1123

iLur.am-ի տեղեկություններով, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, օրերս Ազատության հրապարակում ցույց անող ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին տված իր հարցի պատմությանը, նշել է, թե ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ կարող էր հարց ուղղել Սարգսյանին, «եթե ժամանակին հերթագրված լիներ»:

Թեեւ այս տեղեկատվության հավաստիությունը տիկին Փոստանջյանից ճշտել չհաջողվեց, քանի որ նա արդեն երկրորդ օրն է չի պատասխանում հեռախոսազանգերին, այնուամենայնիվ, մենք ճշտեցինք Վեհաժողովում ելույթ ունեցողին հարցեր ուղղելու սահմանված կարգը:

Ըստ այդմ, հարց հնչեցնելու առաջնահերթությունը տրվում է նախ՝ հաշվի առնելով խմբակցության մեծությունը, որում ընդգրկված է տվյալ պատգամավորը (ԵԽԽ վեհաժողովում պատգամավորներն ընդգրկված են խմբակցություններում, դրանք են, ըստ մեծության, ԵԺԿ-ը, սոցիալիստները, լիբերալները եւ կանաչները):  Այնուհետեւ հաշվի է առնվում, թե երբ է հարց տալու համար հերթագրվել պատգամավորը, դրանից հետո՝ թե որ երկիրն է ներկայացնում նա: Այսինքն, կարեւորվում է հնարավորինս լայն աշխարհագրական ընդգրկվածությունը՝ եթե հերթագրված են մի քանի տարբեր երկրների ներկայացուցիչներ, եւ նրանց մեջ կան մարդիկ, որ նույն երկիրն են ներկայացնում, ապա հաշվի առնելով նախորդ երկու չափորոշիչները՝ նախապատվությունը տրվում է նրանցից միայն մեկին, որպեսզի այլ երկրների պատգամավորներ եւս հարցի հնարավորություն ունենան:

Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Զարուհի Փոստանջյանն ու Լեւոն Զուրաբյանը հարցի համար հերթագրվել են նույն օրը՝ մի քանի ժամվա տարբերությամբ: Սակայն անգամ եթե Զուրաբյանը հերթագրվեր շատ ավելի շուտ, քան Փոստանջյանը, այնուամենայնիվ, ավելի շուտ հարց ուղղելու իրավունք կստանար «Ժառանգության» պպատգամավորը, քանի որ նա, ՀՀԿ-ն ներկայացնող պատվիրակների հետ միասին ընդգրկված է ամենամեծ՝ ԵԺԿ խմբակցությունում: 

Այնպես որ, ուշ հերթագրվելու մասին տեղեկատվական աղմուկը արհեստածին է, քանի որ մի մասը այդ կեղծ տեղեկությունը տարածում է թերեւս միտումնավոր, մի մասն էլ՝ չգիտակցված: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի գերագույն դատարանն անփոփոխ է թողել պետական հեղաշրջման գործով դատավճիռը’
Հաջորդ հոդվածը‘Մի լոգոտիպի պատմություն. Երբ «գեղը» թելադրում է սեփական ճաշակը’