‘Արհմիությունները վերջնագիր են ներկայացրել Թունիսի կառավարությանը’

814

Թունիսի աշխատավորների գերագույն միությունը՝ երկրի խոշորագույն արհմիությունը, վերջնագիր է ներկայացրել կառավարությանը՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ և իշխանությունը հանձնել նոր կառավարությանը, որը կազմված կլինի տեխնոկրատներից, հաղորդում է Reuters-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ եթե կառավարությունը հրաժարվի կատարել այս պահանջը, կազմակերպությունը «ստիպված կլինի քննարկել այլ միջոցների դիմելու հարցը»: Թե հատկապես ինչ է դա ենթադրում՝ արհմիությունը չի մանրամասնել:

Թունիսում քաղաքական իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված  մնալ աշխարհիկ ընդդիմության ղեկավար Մոհամեդ ալ-Բրահմիի սպանությունից ի վեր՝ հունիսի 25-ից: Այդ սպանությունը զանգվածային բողոքի ալիք բարձրացրեց ողջ երկրում, որն ուղեկցվում էր ոստիկանության հետ բախումներով: Ցույցերի ընթացքում ցուցարարները պահանջում էին հիմնականում չափավոր իսլամիստներից կազմված կառավարության հրաժարականը: Թունիսի վարչապետ Ալի Լարայեդը հուլիսի 29-ին հայտարարեց, թե կառավարությունը ժամկետից շուտ վայր չի դնի իր լիազորությունները, և առաջարկեց հերթական ընտրություններ անցկացնել 2013 թ. դեկտեմբերին:

Թունիսի աշխատավորների գերագույն միությունն ունի 600 հազար անդամ կամ երկրի բնակչության մոտավորապես վեց տոկոսը: Ինչպես նշում է Reuters-ը՝ կազմակերպությունը Թունիսի ամենահզոր քաղաքական և տնտեսական կառույցներից մեկն է. այսպես, հուլիսի 26-ին արհմիության կողմից հայտարարված համընդհանուր մեկօրյա գործադուլի հետևանքով ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ գահավիժեց մինչև պատմության մեջ նվազագույն մակարդակը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Արմավիա»-ի ներկայացուցիչը չներկայացավ վարչական վարույթի քննությանը’
Հաջորդ հոդվածը‘2 օր առաջ բանակում մահացած զինծառայողի մորը չեն կարողանում հայտնել որդու մահվան մասին’