‘Արձանագրված խախտումների համար պատասխանատու է միայն հիմնադրամի ղեկավա՞րը’

1006

ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստն է տեղի ունեցել օրերս, որի ընթացքում քննարկվել է ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի 100 տոկոս բաժնեմասնակցությամբ առեւտրային ընկերություններին հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին եզրակացությունը։ 

Վերահսկողության ժամանակահատվածն ընգրկում էր 2011-2012թթ., որի ընթացքում ընկերությունների կանոնադրական կապիտալում հիմնադրամի կողմից կատարվել են 1,431,379.4 հազար դրամ գումարի չափով ներդրումներ, որից 983,170.6 հազար դրամը ստուգման պահին կանոնադրական կապիտալում չի ավելացվել եւ պետական ռեգիստրում չի գրանցվել:
Ընկերությունների եկամուտները նշված ժամանակահատվածում կազմել են 1,430,374.8 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 2,096,401.1 հազար դրամ։ Սա խոսում է այն մասին, որ ընկերությունները վնասով են աշխատել. 2011թ. գործունեության արդյունքում նրանց վնասը կազմել է 159,817.5 հազար դրամ, 2012թ.՝ 181,381.1 հազար դրամ։ Շահույթը` 15,539.2 հազար դրամ:

Ստուգման ընթացքում ՎՊ մասնագետները հայտնաբերել են մի շարք խախտումներ ու չհիմնավորված ծախսեր։ Օրինակ՝ ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածում տնօրենների եւ հաշվապահների փոփոխման դեպքերում, պարզվում է, հիմնականում չեն կազմվել հանձնման-ընդունման ակտեր, չեն գույքագրվել եւ հանձնվել դրամական միջոցները, վառելիքի, սերմերի, ագրոքիմիկատների մնացորդները՝ խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պահանջները:

Սեփական արտադրություն ծավալելու նպատակով ընկերությունները տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ենթավարձակալել են հողատարածքներ` 1 հա-ի տարեկան 46000 դրամ վարձավճարով /408.2հա/, համայնքի բնակիչներից` 1 հա-ն՝ 52632 դրամով կամ 500 կգ ցորենով /869 հա/: Նույն նպատակով շրջվարչակազմերից վարձակալած հողատարածքի 1 հա-ի վարձավճարը կազմել է 6000 դրամ /294.6հա/։ ՎՊ մասնագետները պարզել են նաեւ, որ Քաշաթաղի շրջանի պահուստային հողերից օգտագործել են 1649.3 հա` առանց իրավունքների գրանցման:

Խորհրդի նիստի ժամանակ խոսվել է նաեւ այն մասին, որ վերահսկողության ընթացքում համեմատվել են ընկերություններում սեփական արտադրության բերքատվության եւ ԼՂՀ շրջաններում արձանագրված միջին բերքատվության ցուցանիշների հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ ընկերությունների ցուցանիշները հիմնականում ավելի ցածր էին, քան շրջաններում արձանագրված միջին ցուցանիշները:

Հիմնական եւ շրջանառու միջոցների գույքագրման արդյունքում արձանագրվել է ավելցուկ` 9,429.8 հազար դրամի չափով, պակասորդ` 1621.4 հազար դրամ /ենթակա է վերականգնման/։

Այս եւ մյուս խախտումների արձանագրումից կարելի է եզրակացնել, թե ինչու աննշան անցավ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի փոփոխությունը, ինչի մասին տեղեկանում ենք գյուղատնտեսության նախարարության կայքից. օգոստոսի 7-ին վարչապետ Արա Հարությունյանը հիմնադրամի աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանին, ավելին՝ գոհունակություն հայտնելով նախկին տնօրեն Վահրամ Բաղդասարյանի պաշտոնավարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների առնչությամբ:

Արդյո՞ք այս խախտումների հետ է կապված Վահրամ Բաղդասարյանի ազատումը պաշտոնից՝ դժվար է ասել, բայց այն, որ հիմնադրամի գործունեության ընթացքում արձանագրված խախտումների համար պատասխանատու են նաեւ այլ պաշտոնյաներ՝ դա հստակ է, քանի որ առանց գյուղնախարարի չէր կարող այդ ամենն իրականացվել, ինչպես նաեւ հնարավոր չէր ասենք առանց Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի իմացության շրջանի պահուստային հողերից օգտագործվել 1649.3 հա` առանց իրավունքների գրանցման:

Տեղեկացնում է՝ karabakh-open.info կայքը

Նախորդ հոդվածը‘Parking City Service-ը տեսախցիկներ է տեղադրում կայանումն արգելող նշանների մոտ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սիրիահայությունը վտանգի մեջ է’