‘Արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր’

748

Հոկտեմբերի 4-ին Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում երեք անձի մոտ արձանագրվել է սիբիրյան խոց (մաշկային ձև):

Առողջապահության նախարարության և մարզի առողջապահական կառույցների մասնագետների կողմից կազմակերպված բակային համայցի արդյունքում հայտնաբերվել են ևս ութը: Հիվանդները ենթարկվել են լաբորատոր հետազոտության: Յոթ հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձևը: Մյուսների հետազոտություններն ընթացքում են: Հիվանդները հոսպիտալացվել են և ստանում են անհրաժեշտ բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, և ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Կազմակերպված և իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության հավանական վարակի աղբյուրը համայնքում արձանագրված կենդանիների անկումներն են, որոնց մսեղիքն օգտագործվել է սննդում: Միաժամանակ պարզվել է, որ մսեղիքի որոշ չափաբաժին տեղափոխվել է Գյումրի:

Իրականացված հետազոտությունների արդյունքում Գյումրիում հայտնաբերվել է չորս կասկածելի հիվանդ, որոնք հոսպիտալացվել են, կազմակերպվել են լաբորատոր հետազոտութուններ (ընթացքում են) և բուժում:

Հիվանդության տեղայնացման և հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվում են բակային համայցերը: Որպես վարակի հավանական աղբյուր՝ առգրավվել է մսեղիքը, իրականացվում է տնային տնտեսությունների կենցաղային պարագաների ախտահանում: 

Նախորդ հոդվածը‘Առատ ձյան արդյունքում «գերության» մեջ էր հայտնվել 35 ավտոմեքենա’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն պատասխանել է Երևանին. Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն անհնար է բաղադրիչներից որևէ մեկի բացակայության դեպքում’