‘Արման Գրիգորյան. Ժողովրդավարական լինելը արեւմտյան կողմնորոշման մեխանիկական հետեւանք չէ ‘

2342

ilur.am-ի հարցերին պատասխանում է Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի անդամ Արման Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյան, օգոստոս ամսին «Առավոտ» թերթին տված Ձեր հարցազրույցը բուռն քննարկումների առարկա դարձավ սոցիալական կայքերում։ Այդ քննարկումների ընթացքում Ձեզ բազմաթիվ մեղադրանքներ հասցեագրվեցին, ու բազմաթիվ հարցեր բարձրացվեցին, որոնք անպատասխան են մնացել։  Այսօր ուզում ենք զրուցել Ձեզ հետ այդ մեղադրանքների ու հարցերի շուրջ, քանի որ դրանցից շատերը շարունակում են մնալ մեր քաղաքական բանավեճերի օրակարգում եւ հասցեագրված են ոչ միայն Ձեզ։ 

— Հաճույքով։ 

Սկսենք թերեւս ամենահաճախ կրկնված մեղադրանքից. որոշ մարդիկ Ձեր հարցազրույցը գնահատել էին որպես պրոռուսական կամ նույնիսկ պրոպուտինական քարոզչություն։  Ի՞նչ կարող եք ասել նման մեղադրանքի կապակցությամբ։ 

— Մի ժամանակ առաջ էլ Կիմա Եղիազարյանն իր հոդվածներում ինձ Արեւմուտքի ագենտ լինելու մեջ էր մեղադրում։ Մնաց Չինաստանը… Եթե ընդունենք պրոռուսականության ու պրոպուտինականության` նման մեղադրանքներ առաջադրողների սահմանումը, ապա այդ խարանին չարժանանալու համար պետք է օրնիբուն հայհոյենք ռուսներին ու Պուտինին, նույն եռանդով օրնիբուն քծնենք Արեւմուտքին, իսկ արեւմտամետության` Հայաստանի շահերին համապատասխան լինելու թեզը պետք է ընդունենք ոչ թե որպես քննության ենթակա դիրքորոշում, այլ որպես բիբլիական ճշմարտություն կամ ռեֆլեքս։ Այսինքն, պետք է լինենք Արտաշես Գեղամյան՝ մինուս նշանով, ինչպես իրենցից ոմանք են դարձել։ Իսկ ինձ համար Արտաշես Գեղամյանն Արտաշես Գեղամյան է` ռուսամետ լինի, թե արեւմտամետ։ Ի վերջո, ի՞նչ էի ասել ես այդ հարցազրույցում։  Ասել էի, որ գոյություն ունի որոշակի արտաքին քաղաքական ստատուս քվո։ Չէի ասել` հիացած եմ դրանով, պարզապես արձանագրել էի, որ ունենք ինչ-որ իրականություն։ Ասել էի նաեւ, թե որպեսզի այդ իրականությունը մերժենք ու նորն ընդունենք, պետք է նորի պարամետրերը նախընտրելի լինեն եղածից։ Թվարկել էի այդ պարամետրերը եւ հայտարարել, որ ինքս պատրաստ եմ անմիջապես արեւմտամետների ճամբարն անցնելու, եթե նրանք կարողանան փաստեր տրամադրել Արեւմուտքից ստացած համապատասխան առաջարկների ու երաշխիքների, ինչպես նաեւ` այդ երաշխիքների դեմ պահանջվող գնի` ընդունելի լինելու մասին։ Եթե ինձ մեղադրողները սա պրոպուտինական քարոզչություն են համարում, ուրեմն լրիվ կորցրել են մտածելու կարողությունը։ 

Որոշ արեւմտամետներ հակադարձել են, թե արեւմտամետությունն արեւմտյան ճամբար անցնելու քարոզ չէ, այլ հավատարմություն արեւմտյան արժեքներին, որոնցից Կոնգրեսն իբր հեռացել է։ 

— Այդ ո՞ր արեւմտյան արժեքներից է հեռացել Կոնգրեսը։ Ժողովրդավարության սկզբու՞նքն ենք սկսել անընդունելի համարել, արդար ընտրություններով իշխանություն ձեւավորելու իրավու՞նքը, մարդու իրավունքները հարգելու սկզբու՞նքը, թե՞ Սահմանադրության ու օրենքների գերակայության սկզբունքը։  Իսկապես չեմ հասկանում, թե խոսքն ինչի մասին է։  

Դուք նաեւ հայտարարել էիք, որ վերջին 20 տարում Արեւմուտքն ավելի շատ անմեղ մարդ է սպանել, քան Ռուսաստանը, ինչը նույնիսկ չեզոք մարդիկ կարող էին որպես պրոռուսականության դրսեւորում դիտել։  

— Նախ, չեզոք մարդկանց խորհուրդ եմ տալիս նորից ուշադիր կարդալ, թե ես ինչ եմ ասել ու ինչ չեմ ասել։ Մասնավորապես, ես չեմ ասել, որ ռուսները հրեշտակներ են, եւ որ նրանց ձեռքերը մաքուր են։  Ես ասել եմ, որ եթե ստրատեգիական նկատառումները մի կողմ դնենք ու հարցին նայենք զուտ բարոյական տեսանկյունից, ինչը հատկապես մեր, այսպես կոչված, արեւմտամետներն են սիրում անել, ապա չի կարելի պնդել, որ առաջարկվող ընտրությունը, պատկերավոր ասած` հրեշտակի ու ոճրագործի միջեւ է, այլ, լավագույն դեպքում` երկու ոճրագործների. այսինքն, որ ոչ թե Ռուսաստանն է անմեղ, այլ որ Արեւմուտքն անմեղ չէ։ Վստահ չեմ, որ նման բան կարդալու դեպքում Կրեմլում կառաջարկեին իմ պատվին բաժակ բարձրացնել։ 

Երկրորդ, փաստերը լինում են հավաստի կամ ոչ հավաստի։ Նրանք չեն լինում պրոռուսական կամ պրոարեւմտյան։ Նույնիսկ Պենտագոնի անարժանահավատորեն համեստ տվյալներով՝ երկրորդ իրաքյան պատերազմի հետեւանքով ավելի քան 100.000 իրաքցի է զոհվել։  Բրիտանական Lancet բժշկական ամսագրի ոչ այդքան համեստ տվյալներով` մոտ մեկ միլիոն։ 1990-ականներին նույն Իրաքի դեմ կիրառած տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ մի հարցազրույցի ընթացքում մարդու իրավունքների ու ժողովրդավարության մեծ առաջամարտիկ Մադլեն Օլբրայթին հարցրել էին, թե արդյո՞ք ողջամիտ էին այդ պատժամիջոցները, քանի որ դրանց պատճառով կես միլիոն իրաքցի երեխա է զոհվել։ Օլբրայթը պատասխանել էր` այո։ Չէր ասել` ստում եք, չէր ասել` դրա համար Սադամ Հուսեյնն է պատասխանատվություն կրում, պարզապես ասել էր` այո։  Էլ չեմ խոսում Սերբիայի դեմ պատերազմի, Լիբանանի դեմ պատերազմի, Պակիստանում ու Աֆղանստանում  շարունակվող ու վաղուց անհասկանալի դարձած պատերազմների, Պաղեստինում շարունակվող այլանդակության մասին։ Ռուսներն էլ մեծ թվով մարդկանց սպանեցին Չեչնիայում, այդ թվում` անմեղ մարդկանց, բայց երբ համեմատում ենք թվերը, հաշվեկշիռն Արեւմուտքի օգտին չէ հաստատ, անկախ այն բանից` արեւմտամետ ես, ռուսամետ, թե ճապոնամետ։

Բայց նորից հետեւյալն եմ ուզում շեշտել։ Ես կյանքս չեմ վատնում ամբողջ օրը Արեւմուտքի հանցագործությունների ու Ռուսաստանի արժանիքների մասին խոսելու վրա։ Իրենք են գլուխներս տարել արեւմտյան արժեքների, Արեւմուտքի ենթադրյալ հրեշտակային վարքագծի ու ռուսների հանցագործությունների մասին խոսելով։ Իրենք են պնդում, որ այդ հարցում իրենց տեսակետներից նույնիսկ չնչին շեղումը կատարյալ անբարոյականություն է։ Ես ընդամենը փորձել եմ ցույց տալ, որ ընդդիմախոսներին խարազանելու համար իրենց բարոյական դիրքերն իրականում այնքան ամուր չեն, որքան իրենք են կարծում։ 

Իսկ այդ դեպքում դուք համարում եք, որ ներկա ստատուս քվոն ընդունելի՞ է կամ նախընտրելի՞ արեւմտամետների առաջարկածից։ Ասենք, դուք ՀԱՊԿ-ի պայմանագիրն ընդունելի՞ եք համարում։ 

— Որեւէ բան կարող է նախընտրելի լինել ինչ-որ այլ բանից, եթե այդ այլ բանը գոյություն ունի։ Վստահեցնում եմ, որ ներկա ստատուս քվոյի բացասական կողմերի մասին շատ ավելի երկար կարող եմ խոսել, քան մեր շատ սիրելի արեւմտամետները։ Բայց դա կլինի անիմաստ, մետաֆիզիկական դատարկախոսություն` զուրկ որեւէ քաղաքական իմաստից։ Որպեսզի նման խոսակցությունն իմաստ ունենա, պետք է սեղանին այլընտրանք լինի դրված։  Իսկ բացի ընդհանրական հայտարարություններից, արեւմտյան արժեքների նախընտրելիության մասին շատախոսությունից՝ այդ մարդիկ որեւէ շոշափելի բան չեն առաջարկել, որ մենք էլ կարողանայինք նստել ու որոշել, թե արդյոք արժե՞ դրա հիման վրա ռուսներին` իրենց ՀԱՊԿ-ի հետ միասին, գրողի ծոցն ուղարկել։ 

Բայց գուցե դուք պատճառահետեւանքային կապն եք սխալ հասկանում։ Գուցե` ռուսներին «գրողի ծոցն ուղարկելը» ճանապարհ բացի դեպի Արեւմուտքի հետ դաշինք, դեպի Եվրոպական Միություն, դեպի տնտեսական ավելի մեծ չափերի օգնություն եւ այլն։ 

— Եթե մենք Ղարաբաղի չլուծված խնդիր չունենայինք եւ ունենայինք նորմալացված հարաբերություններ Թուրքիայի հետ, ես նման տեսակետը կհամարեի դարձյալ վտանգավոր, բայց` ոչ անլուրջ։ Ներկա պայմաններում այդպիսի բան առաջարկելը պարզապես անլրջություն է։ Այն համարժեք է ֆինանսական վատ վիճակում գտնվող մեկին համոզելուն, որ այդ վիճակից դուրս գալու լավագույն ելքը փող պարտք անելն ու խաղատուն գնալն է։  Այսինքն՝ ճիշտ չեմ ասում. խաղատնից շահած դուրս գալու հավանականությունը հաստատ ավելի մեծ է, քան նման քաղաքականությամբ ինչ-որ լավ բանի հասնելու հավանականությունը։ 

-Իսկ ի՞նչ եք կարծում այն թեզի մասին, որ Ռուսաստանի ազդեցության ծիրից հեռանալն ու արեւմտյան կողմնորոշում ընդունելը կնպաստեն Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին, եթե մի պահ մի կողմ դնենք նման քաղաքականություն որդեգրելու մյուս հնարավոր հետեւանքները։ 

— Ես որոշ տրամաբանություն տեսնում եմ այդ թեզի այն հատվածի մեջ, որ Ռուսաստանի ազդեցության ծիրում լինելը մեր երկրի ժողովրդավարացմանը երեւի չի նպաստում։ Այդ թեզի հետ իմ հիմնական խնդիրը դրա մյուս հատվածն է, այսինքն՝ որ արեւմտյան կողմնորոշում ընդունելն անհրաժեշտաբար ու մեխանիկորեն հեշտացնելու է Հայաստանի ժողովրդավարացումը։ Այս պնդման տրամաբանությունն է, որ ես չեմ տեսնում։ Մեզ համառորեն չեն բացատրում այն պատճառահետեւանքային մեխանիզմը, որն արեւմտամետությունը կապում է ժողովրդավարացման հետ։ Գուցե չեն բացատրում, որովհետեւ նման կապն ակնհայտ է թվում, բայց այն ակնհայտ չէ։  Վստահ չեմ նույնիսկ, որ նման կապ գոյություն ունի, որովհետեւ աշխարհը լեցուն է երկրներով, որոնք միաժամանակ արեւմտամետ են ու բռնատիրական։   Իհարկե, կան նաեւ բազմաթիվ երկրներ, որոնք միաժամանակ արեւմտամետ են ու ժողովրդավարական, բայց այդ երկրների ժողովրդավարական լինելը արեւմտյան կողմնորոշման մեխանիկական հետեւանք չէ։ Դա, առաջին հերթին, հետեւանք է այն բանի, որ այդ երկրներն ու իրենց ժողովրդավարական ուժերն Արեւմուտքի հետ ունեցել են ընդհանուր շահեր և ընդհանուր հակառակորդներ, ինչպես, օրինակ` արեւելաեվրոպական երկրների դեպքում՝ սառը պատերազմի ավարտից հետո, կամ Գերմանիայի ու Ճապոնիայի դեպքում` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Միեւնույն ժամանակ, բազմաթիվ են դեպքերը, երբ այս կամ այն երկրի իրական շահերը, այսինքն` մեծամասնության ազատ կամքի արտահայտմամբ ձեւավորված շահերը, բախվել են Արեւմուտքի շահերի հետ։ Նման դեպքերում Արեւմուտքը երբեք չի խորշել այդ երկրներում ժողովրդավարական շարժումների դեմ դուրս գալուց, ինչպես դա արել ու շարունակում է անել Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի որոշ երկրներում (Մուբարաքին ու Բեն Ալիին հանձնեցին ոչ թե որովհետեւ Եգիպտոսում ու Թունիսում ժողովրդավարություն էին նախընտրում, այլ որովհետեւ նրանց պահելն այլեւս հնարավոր չէր), կամ եթե այդ շարժումներին հաջողվել է իշխանության գալ, չի խորշել դրանց դեմ հեղաշրջումներ կազմակերպելուց, ինչպես ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան արեցին Մոսադեկի կառավարության դեմ Իրանում, ինչպես ԱՄՆ-ն արեց Արբենցի կառավարության դեմ` Գվատեմալայում, կամ Ալիենդեի կառավարության դեմ `Չիլիում։ 

Վերադառնանք, սակայն, Հայաստան։ Եթե մեր իրական շահերը համընկնում են Արեւմուտքի շահերի հետ, ապա, նորից եմ ասում, ես խնդիր չեմ տեսնում։  Եկեք դառնանք արեւմտամետ. ե՛ւ ժողովրդավարացումը կհեշտանա, ե՛ւ այդ շահերը պաշտպանելը։  Բայց այս դեպքում հարց է առաջանում. ինչու՞ դա տեղի չունեցավ բնական ճանապարhով։ Ինչու՞ Արեւմուտքն ի սկզբանե ոչ միայն համերաշխություն չհայտնեց մեր ժողովրդավարական շարժմանը, այլեւ այդ շարժմանը վերաբերվեց համարյա չքողարկված հակակրանքով։  Չէ՞ որ այն ժամանակ այս զավզակությունը չկար, թե իբր Տեր-Պետրոսյանն ու նրա ղեկավարած շարժումը ռուսամետ ու պուտինամետ են, թե նրանք հեռացել են ազատական արժեքներից եւ այլն։ Այսօրվա կարկառուն արեւմտամետներից շատերն էլ մեր կողքին էին։ 

Ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Արեւմուտքի երեսպաշտության վերաբերյալ Ձեր փաստարկները որոշ նմանություններ ունեն իրենց իսկապես կոշտ հակաարեւմտականությամբ հայտնի գործիչների ու մտավորականների, այդ թվում՝ որոշ ազգայնական ռուս գործիչների ու մտավորականների փաստարկներին։ Դա Ձեզ չի՞ անհանգստացնում։  Շատերին կարող է նաեւ տարօրինակ թվալ, որ դուք նման տեսակետներ ունեք, թեև քաղաքագիտական կրթություն ԱՄՆ-ում եք ստացել։ 

— Սկսեմ վերջից։ Իմ տեսակետները ձեւավորվել են ոչ թե չնայած այդ կրթության, այլ` դրա շնորհիվ։ Ամերիկյան ակադեմիական քաղաքագիտությունը պետք է տարբերել ամերիկյան քարոզչությունից։  Կարող են շատերը զարմանալ, բայց իմ տեսակետներն այս ու նման հարցերում ոչ միայն հազվագյուտ չեն ամերիկյան ակադեմիական շրջանակներում, այլեւ շատ տարածված, նույնիսկ կարելի է ասել` գերիշխող են։ Երկրորդ, եթե մենք առաջնորդվենք այն սկզբունքով, որ այս կամ այն դիրքորոշումն անընդունելի է, որովհետեւ դրա ջատագով են նաեւ կասկածելի շարժառիթներ ունեցող մարդիկ, մենք կհայտնվենք շատ տարօրինակ վիճակում։ Ասենք՝ ստիպված կլինենք եզրակացնել, որ կոմունիզմի քննադատությունը երբեք չի կարող ընդունելի լինել, քանի որ հակակոմունիստ էին նաեւ նացիստները։ Դա, իհարկե, անհեթեթություն է։ Երրորդ, իմ հիմնական թիրախն Արեւմուտքի երեսպաշտությունը չէ։ Իմ քննադատության թիրախը հայաստանյան այն գործիչներն ու վերլուծաբաններն են, ովքեր սկզբունքների ու արժեքների մասին արեւմտյան քարոզչությունը չափից ավելի մեծ պատրաստակամությամբ ու եռանդով են ընդունում (կամ ձեւացնում են, որ ընդունում են), եւ ովքեր չափից ավելի մեծ ագրեսիվություն են ցուցաբերում այդ նույն քարոզչությունն իրենց քաղաքական ընդդիմախոսներից պաշտպանելիս։  Իմ թիրախն այն մարդիկ են, ովքեր իրենց ոգեւորությունն այնքան չեն կարողանում զսպել, կամ այնքան անտեղյակ են Արեւմուտքի քաղաքական անցուդարձից, որ պատրաստ են համակրանք արտահայտել Ջոն Բոլտոնի նման կիսախելագարի նկատմամբ՝ միայն այն պատճառով, որ վերջինս ռուսների դեմ թշնամաբար է տրամադրված։ Իսկապես, չի կարելի այդքան անլուրջ լինել։  

Այսինքն՝ դուք հիմնովին մերժո՞ւմ եք հակաարեւմտականության մեղադրանքը։ 

— Ինչ-որ բանի քննադատությունը որպես այդ բանի դեմ կանխակալ կամ թշնամական վերաբերմունք ներկայացնելը չափազանց տարածված հնարք է, բայց դրանից այն ավելի ընդունելի չի դառնում։ Ես ոչ միայն մերժում եմ հակաարեւմտականության մեղադրանքը, այլեւ համարում եմ վիրավորական։ Բազմաթիվ հարցերում իմ էությունը, նախասիրություններն ու դիրքորոշումներն արեւմտյան մտքի ու մշակույթի արդյունք են։ Իմ` որպես անհատի ձեւավորման մեջ Ջ. Դ. Սելինջերը, Կարլ Պոպպերը, Հաննա Արենդտն ու Ռոջեր Ուոթերզը երեւի նույնքան կարեւոր դեր են խաղացել, որքան` ծնողներս։ Ես շատ բաներով պարտական եմ ԱՄՆ-ին` որպես երկրի, որտեղ իմ առջեւ այնպիսի դռներ են բացվել, որոնց մասին ես ժամանակին նույնիսկ երազել չէի կարող, եւ որտեղ ես աշխատելու ու ստեղծագործելու այնպիսի հնարավորություններ ունեմ, որ չունեմ իմ հայրենիքում։ Ինձ համար Չիկագոյի ու Կոլումբիայի համալսարանները, որտեղ իմ գիտական աստիճաններն եմ վաստակել, սրբավայրերի կարգավիճակ ունեն։ Բայց ասվածը չի ենթադրում չտարբերակված համակրանք արեւմտյան ամեն ինչի նկատմամբ կամ կույր աջակցություն Արեւմուտքի քաղաքականությանը բոլոր հարցերում, ինչպես Հայաստանը սիրելը չի ենթադրում անվերապահ աջակցություն Սերժ Սարգսյանի վարչակազմի արած ամեն քայլին կամ համակրանք` հայաստանյան ամեն ինչի նկատմամբ։ 

Որոշ քննադատներ պրոռուսականության դրսեւորում էին համարել սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության նախընտրելի լինելու վերաբերյալ Ձեր արած հայտարարությունները։ Ձեզ նույնիսկ մեղադրել էին կոմումիզմի նկատմամբ համակրանքի մեջ։ 

— Ի՞նչ կապ ունի ժամանակակից Ռուսաստանն ու այդ երկրի սոցիալ-տնտեսական մոդելը սոցիալ-դեմոկրատիայի հետ։ Ռուսական մոդելը նույնիսկ վայրի կապիտալիզմի մոդել անվանելը հաճոյախոսություն պետք է համարել։  Սոցիալ-դեմոկրատականից ավելի հեռու բան, քան Ռուսաստանի մոդելն է, իսկապես դժվար է գտնել։ Եթե սոցիալ-դեմոկրատական մոդելների օրինակներ եք ուզում, որոնք ես ընդօրինակման արժանի եմ համարում, նայեք սկանդինավյան երկրներին։ Խոսքս դրանց մասին էր, ոչ թե ռուսական մոդելի։

Ինչ վերաբերում է սոցիալ-դեմոկրատիան կոմունիզմի հետ շփոթելուն, դրա պատճառներն իհարկե հասկանում եմ։  Սկզբնական շրջանում մարքսիստական շարժումներն ու կուսակցությունները, համարյա առանց բացառության, իրենց սոցիալ-դեմոկրատական էին կոչում։ Այդպես էր իրեն կոչում նաեւ բոլշեւիկյան կուսակցությունը մինչեւ 1918 թ.։ Այսօր էլ Հայաստանում իրեն այդպես է կոչում խորհրդային նոմենկլատուրայից սերած մի կուսակցություն, որն արդարացիորեն տհաճ ասոցիացիաների աղբյուր է։  Խոսքը սոցիալ-դեմոկրատիայի այդ արխաիկ եւ թյուր ընկալման մասին չէ սակայն, այլ դրա ժամանակակից տեսակի, ինչն արմատապես տարբերվում է կոմունիզմից ու սոցիալիզմից։ Նախկինում այս թեմայով տված իմ հարցազրույցներում այդ տարբերությունների մասին խոսել եմ։  Հիմա չեմ ուզում նորից դրանց հանգամանորեն անդրադառնալ։ Միայն վերաշեշտեմ հետեւյալ տարբերությունները։ Առաջին, որպես քաղաքական վարդապետություն՝ սոցիալ-դեմոկրատիան ազատական վարդապետություն է, եւ սա իրականում դարձավ բոլշեւիզմի պես արմատական ձախ շարժումներից դեռեւս 20-րդ դարի սկզբին սահմանազատվելու հիմնական պատճառը։ Երկրորդ, որպես սոցիալ-տնտեսական վարդապետություն՝ ժամանակակից սոցիալ-դեմոկրատիան չի ենթադրում պլանային տնտեսություն կամ մասնավոր սեփականության ոչնչացում։  Ընդհանրապես, շուկայական տնտեսության գերադասելիությունն այսօր բանավեճի առարկա չէ, գոնե լուրջ մարդկանց շրջանում։ Բայց դա չի նշանակում, որ այլեւս բանավիճելու բան չի մնացել աջերի ու ձախերի միջեւ։  Արեւմտյան բոլոր երկրներում այսօր թեժ բանավեճ է ծավալված հենց այն հարցերի շուրջ, որոնց նախկինում ես արդեն անդրադարձել եմ. արդյո՞ք ազատ շուկան ինքնակարգավորվող եւ կայուն համակարգ է, արդյո՞ք չկարգավորված շուկան կարող է արդարացի եւ օպտիմալ արդյունքներ ապահովել, արդյո՞ք պետությունը պետք է վերաբաշխող ֆունկցիա ունենա, արդյո՞ք կորպորատիվ կառավարման դասական համակարգն ընդունելի է, արդյո՞ք հարստության գերկենտրոնացումը սպառնալիք է ժողովրդավարության նկատմամբ, եւ այլն։  Այս հարցերին առաջարկվող պատասխաններն են, որ արեւմտյան երկրներում քաղաքական դաշտն աջերի ու ձախերի են բաժանում։ Այդ հարցերին տված իմ պատասխաններն էլ մոտավորապես նույնն են, ինչ արեւմտյան երկրների ձախակենտրոն ուժերի տված պատասխանները։ Կոմունիզմի քարոզի մեջ ինձ մեղադրելը, հետեւաբար, կատարյալ անհեթեթություն է, որովհետեւ եթե առաջնորդվենք այդ մեղադրանքի տրամաբանությամբ, պետք է ուրեմն հավասարության նշան դնենք նաեւ, օրինակ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ու կոմունիստների միջեւ կամ նույնիսկ անգլիական լեյբորիստների ու կոմունիստների միջեւ։ 

Կոմունիզմը վաղուց դադարել է ազատականության միակ այլընտրանքը լինելուց, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո այն առհասարակ դադարել է լուրջ այլընտրանք լինել։  Բայց դա չի նշանակում, որ այլընտրանք ընդհանրապես չկա։  Դա չի նշանակում, հետեւաբար, որ ազատական մոդելը մերժելը ենթադրում է համակրանք կոմունիզմի նկատմամբ։  Այնպես որ, մեր արեւմտամետներին խորհուրդ եմ տալիս դադարեցնել պայքարը գոյություն չունեցող վտանգի ու հակառակորդների դեմ եւ ավելի լուրջ զբաղմունք գտնել։ Այլապես նրանք սկսում են Սերվանտեսի հայտնի հերոսին նմանվել։ 

 

 Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյանի տեսլականը. Դատարկել Հայաստանն ու հպարտանալ ‘
Հաջորդ հոդվածը‘Արայիկ Սարգսյան. Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու ‘