‘Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս առաջին)’

6073

Հայ Ազգային Կոնգրեսի վերլուծական կենտրոն1

Արման Գրիգորյան

Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում

(մաս առաջին)

Հայաստանի վերջին՝ նախագահական ու ավագանու ընտրություններն իմ ծանոթների ու մտերիմների մեջ հուսալքության ու անզորության շատ ծանր տրամադրություն են հարուցել։  Բայց ընտրությունների արդյունքներից ավելի շատ նրանց սկսել է տանջել Հայաստանում ծավալվող իռացիոնալիզմի, կեղծ բարեպաշտության, էժանագին սենտիմենտալության ու գռեհիկ սիմվոլապաշտության ագրեսիան, ինչն սկսել է հոշոտել մեր մշակույթը, և ինչը հատկապես ակներև դարձավ նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի բեմադրած ֆարսի արդյունքում։  Նշածս ծանոթներից շատերը, որ իմ սերնդակիցներն են, այսինքն՝ 80-ականներին և 90-ականներին ձևավորված մարդիկ, անընդհատ հիշում են իրենց պատանեկության ու երիտասարդության Հայաստանը, որի հասարակական մթնոլորտում գերիշխողն այդ ամենի հակառակն էր։ Այդ Հայաստանում սկսել էին նախընտրել տրամաբանված միտքն ու խոսքը և մերժել մտքի բացակայությունն էժան սենտիմենտալությամբ ու կեղծ բարեպաշտությամբ քողարկելու փորձերը։ Այդ Հայաստանում մեկնելի ու գործնական խոսքը սկսել էին նախընտրել դատարկ կարգախոսներից ու ներբողներից։ 

Այսինքն՝ այնպես չէ, որ Հայաստանում իռացիոնալիզմի, կեղծիքի ու գռեհիկ սիմվոլապաշտության սուր դեֆիցիտ էր զգացվում այդ տարիներին, բայց այն ժամանակ դրանց վաճառականները մի տեսակ պաշտպանվողի դիրքերում էին։  Իմ սերնդի պատանեկության Հայաստանում էր, որ այդ ամենն իր թիրախը դարձրած Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր 83% ձայն ստանալ նախագահական ընտրություններում, ինչն, իմ խորին համոզմամբ, նրա և նրա թիմակիցների՝ այդ տարիների ներքաղաքական հաղթանակների հիմնական գրավականն էր[1]։ Այդ Հայաստանում էր, որ կարող էր լույս տեսնել Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը», որի ոչ միայն բովանդակությունն է հետաքրքիր, այլև տոնը։  Այդ Հայաստանի հասարակական ու մշակութային մթնոլորտի ծնունդն էին Վանո Սիրադեղյանի արձակն ու հրապարակախոսությունը, որը նույնպես նշածս իռացիոնալիզմի, սենտիմենտալության ու գոլորշու պերճախոս մերժումն էր, և, որ ամենակարևորն է՝մերժումն էր ուժեղի ու հարձակվողի դիրքերից։

Տեղերն ու ուժերի հարաբերակցությունը կարծես փոխվել են։  Այսօրվա Հայաստանում երկրի ղեկավարությունն ստանձնելու լուրջ հավակնություններ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանն առանց ծաղրի առարկա դառնալու մտավախության կարող է խոսել միաժամանակ Ղարաբաղը ճանաչելու և Թուրքիային նախապայմաններ ներկայացնելու մասին։  Նույն Հովհաննիսյանը կարող է 20 րոպե խոսել՝ առանց գոնե մի վերծանելի միտք հայտնելու, և ոչ առանց որոշակի հիմքի ակնկալել, որ սկանդալայինը ոչ թե դա է լինելու, այլ դա մատնացույց անելը։  Այսօրվա Հայաստանում նորից արևի տակ իր փոքրիկ ու տաքուկ անկյունը գտած նոմենկլատուրային մտավորականը կարող է առանց վարանելու պնդել, թե լավ է հասարակական մթնոլորտի համար, որ մարտի 1-ը չեն բացահայտել, ինչպես Մարտին Վարդազարյանն էր դա արել, կամ բացեիբաց հայտարարել, թե Սերժ Սարգսյանի ընտրված լինել-չլինելն իրականում կարևոր չէ, ինչպես մի այլ  «մտավորական» էր հայտարարել վերջին երդմնակալության արարողությունից հետո։ Այսօրվա Հայաստանի գիտական կոչվելու հավակնություններ ունեցող կայքերում ու ամսագրերում կարող են հոդվածներ հրատարակվել թուրքերի մոտ մարդասպանի գենի առկայության կամ Բելի դեմ պատերազմում Հայկի ընտրած մարտավարության մասին։ Եվ այսպես շարունակ։ 

Իսկ մտածելու ընդունակությունը չկորցրած մարդիկ պարտավոր են հանդուրժողաբար ու հարգալից տոնով բացատրել, թե, ասենք, ինչո՛ւ առանց դաշնակիցների երկու ճակատով պատերազմը Հայաստանի շահերից չի բխում։  Այդ բացատրությունն էլ անպայման պետք է համեմվի ապացույցներով, որ շատ սիրում ես հայրենիքդ և որ ցեղասպանության փաստը կասկածի տակ չես դնում։  Հարգալից տոնով ու բառապաշարով ստիպված ես բացատրել, որ ոչինչ չի կարող հասարակական մթնոլորտը փչացնել այնպես, ինչպես մարտի 1-ի նման հանցագործությունը չբացահայտելն ու մեղավորներին չպատժելը։  Ստիպված ես համբերատար լսել թուրքերի մարդասպան գեների մասին տխմարաբանությունն՝ առանց դրա հեղինակին ասելու, որ կասկածելին ոչ թե թուրքերի գեներն են, այլ տվյալ «գիտական» թեզի հեղինակի քրոմոսոմների քանակը։ Վերջապես ստիպված ես համբերատար, առանց որոշ մարդկանց հոգեկան հավասարակշռության մասին բարձրաձայն դատողություններ անելու, բացատրել, թե ինչու բարև տալով, նախորդ ժողովրդական ընդվզումները նսեմացնելով, ընդդիմադիր դաշտի միավորումն ակնհայտորեն անհնար դարձնող քայլերով և քաղաքական տրամաբանությունը սիմվոլներով ու ներբողներով փոխարինելով հնարավոր չէ հեղափոխություն անել։ 

Ի՞նչն է այս ամենի պատճառը։ Ինչո՞ւ է մեր հասարակական, քաղաքական ու մտավորական մթնոլորտն այս աստիճանի այլասերվել։  Ինչո՞ւ են մարդիկ սկսել ոչ միայն հավատալ ակնհայտ կեղծիքների ու անհեթեթությունների, այլ նաև մի տեսակ էպիստեմոլոգիական թշնամանքով լցվել տրամաբանված մտքի ու խոսքի նկատմամբ։ Ինչո՞ւ են մտածելու ընդունակ մարդիկ պաշտպանվողի դերում հայտնվել։  Այս հարցերը հաճախ են իմ մտերիմների հետ քննարկման առարկա դառնում, և նրանցից շատերին ակնհայտ թվացող պատասխանը Հայաստանի կատաստրոֆիկ ապամոդեռնիզացիան է վերջին 20 տարում, դրա հետևանքով՝ երկրի մտավորական խավի արտագաղթը և կրթության որակի անկումը։ Այս պատասխանի մեջ ճշմարտության բավականին շոշափելի բաղադրություն կա, իհարկե։  Արտագաղթի ամենաաղետալի հետևանքներից մեկն իսկապես այն է, որ Հայաստանից հեռացել է տեխնիկական, գիտական ու մշակութային մտավորականության մի զգալի մասը։  Այդ մարդիկ, որպես խավ՝ 20-25 տարի առաջ մեր մտավորական ու մշակութային ստանդարտների հիմնական կրողներն ու պահապաններն էին, և նրանց հեռանալն իսկապես անհետևանք լինել չէր կարող։ Գաղտնիք չէ նաև, թե որքան է ընկել մեր դպրոցների ու բարձրագույն ուսումնական հաստատությունների մակարդակը, ինչը մասամբ նպաստել է այն բանին, որ նոր սերնդի մեջ ավելի քիչ են մարդիկ, ովքեր կարող էին ստանձնել այդ ստանդարտները կրելու և պահպանելու էստաֆետը։ 

Բայց սա ամբողջական պատասխան համարել չի կարելի, որովհետև իռացիոնալիզմի ու անհեթեթության պաշտամունքի արմատավորումն ու քաջալերումը նաև քաղաքական երևույթ է։  Ավելին՝ դա առաջին հերթին քաղաքական երևույթ է, հատկապես՝ եթե խոսում ենք ոչ թե անկանոն ու անհատական, այլ սիստեմատիկ ու հասարակական իռացիոնալիզմի մասին։  Նման իռացիոնալիզմի արմատավորումն ու քաջալերումը միշտ որոշակի քաղաքական ու սոցիալական շահերի արտահայտություն են՝ եթե նույնիսկ գիտակցված ու կոորդինացված քաղաքականության արդյունք չեն։  Հաճախ, իհարկե, դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ նման կոորդինացված քաղաքականության արդյունք։

Իսկ ո՞ւմ է ձեռնտու հասարակական, քաղաքական ու մտավորական կյանքում բանականի մերժումն ու դրա փոխարինումն անհեթեթության ու սիմվոլների պաշտամունքով։  Իհարկե, առաջին հերթին՝ դա բխում է իշխանությունների շահերից, քանի որ ռացիոնալի ու բանականի դաշտում նրանք պարզապես դատապարտված են։  Նրանք չեն կարող ռացիոնալ բանավեճի մեջ մտնել այն մասին, թե ինչպես է նվազող բնակչություն ունեցող հանրապետությունում ընտրողների թիվն ավելանում, թե ինչպես է 35-ամյա պետական պաշտոնյան միլիոնավոր դոլարների կարողություն հայտարարագրում, թե ինչպես է Հայաստանը հայտնվել աշխարհի սոցիալապես ամենաբևեռացված երկրների շարքում, թե ինչու է պատերազմի ամենօրյա վտանգի աչքերին նայող մեր բանակն այնքան բարոյալքվել, որ ամիսը  ծառայակիցների կողմից սպանված մի քանի զինվոր է կորցնում, թե ինչու է անազատության մեջ գտնվում Տիգրան Առաքելյանը և ոչ 2008 թ. մարտի 1-ին իրենց համաքաղաքացիներին գնդակահարելու հրաման տված վիժվածքներն ու այդ հրամանը  կատարողները, և այլն, և այլն, և այլն։  Շատ հեշտ է հասկանալ, թե ինչու են նրանք այս ու նման թեմաներից նախընտրում Նժդեհի, 5-հազարամյա պատմության, հայերի գենետիկական առանձնահատկությունների, ցեղակրոնության, ազգային միասնության, ազգային առաքելության, հայկական աշխարհի մասին դատարկախոսությունները։

Բայց բացառապես իշխանությունների վրա կենտրոնանալն ինձ սկսում է անբավարար թվալ՝ երկու պատճառով։ Նախ, որքան էլ հակաժողովրդական ու ավազակապետական՝ իշխանությունը սովորական ավազակախումբ չէ և չի կարող լինել։ Այն չի կարող գոյատևել առանց որոշակի սոցիալական հենարանի [2], հետևաբար՝ մենք  «ավազակապետություն» խարանը պետք է ավելի շուտ որպես մետաֆոր ընկալենք, քան որպես պարզ նկարագրություն։ Սրա նշանակությունը միայն ակադեմիական չէ։  Սա նաև բարոյական ու քաղաքական նշանակություն ունի։ Մասնավորապես, մենք ավելի ամբողջական պատկերացում պետք է կազմենք այն մասին, թե ովքեր են պատասխանատվություն կրում այս իշխանությունների և Հայաստանին նրանց պատճառած աղետի համար։  Երկրորդ, մեր սոցիալական ու քաղաքական կյանքը մի քիչ ավելի բազմաշերտ ու բարդ է դարձել, քան այն, ինչ հնարավոր է տեսնել իշխանություն-ընդդիմություն կամ իշխանություն-հասարակություն հակադրությունների պրիզմայով։  Կամ, եթե մի քիչ այլ կերպ ձևակերպեմ նույն միտքը, դրանք դադարել են Հայաստանի միակ հետաքրքիր ջրբաժանները լինելուց, եթե երբևէ եղել են։  Հայաստանում կան այլ, թերևս ավելի հետաքրքիր կամ նույնիսկ ավելի ֆունդամենտալ ջրբաժաններ, քան այդ հակադրությունների սահմանածներն են։ 

Իմ խորին համոզմամբ, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի ամենակարևոր ջրբաժանը հանրային շահի ու որոշակի մասնավոր շահերի կոալիցիայի միջև գոյություն ունեցող ջրբաժանն է։  Այդ կոալիցիայի տարբեր հատվածները հաճախ կարող են տարբեր նպատակներ, խնդիրներ ու շահեր ունենալ։  Դրանք երբեմն կարող են իրար դեմ դուրս գալ և նույնիսկ հայտնվել իշխանություն-ընդդիմություն ջրբաժանի հակառակ կողմերում։ Բայց, ինչպես միջազգային քաղաքականության մեջ իրար հետ հակասություններ ունեցող պետություններն են հաճախ դաշինքներ կազմում ավելի վտանգավոր ու սպառնալի հակառակորդների դեմ, այնպես էլ այդ խմբերն ու ուժերն են միշտ կարողանում միավորվել իրենց համար ամենասարսափելի հակառակորդի՝ Հայաստանի հանրային շահի, ինչպես նաև այդ շահը պաշտպանել հանդգնող որևէ քաղաքական կամ հասարակական ուժի դեմ։  Իսկ քանի որ հանրային շահի դեմ դուրս գալը որևէ ռացիոնալ փաստարկով հնարավոր չէ պաշտպանել, նրանք փորձելու են մասնավորը որպես հանրային շահ ներկայացնել առասպելների, կեղծիքի ու ստի օգնությամբ։  Նրանք նաև ամեն ինչ անելու են ռացիոնալ բանավեճն անհեթեթությամբ ու թամաշայով փոխարինելու համար։  Իսկ  հիմա անցնենք այդ կոալիցիայի տարբեր բաղադրիչ ուժերի թվարկմանն ու նկարագրությանը։

«Մտավորականություն»

Սկսեմ, թերևս, «մտավորականությունից», որն իրական մտավորականությունից տարբերվում է նրանով, որ եթե վերջինը պարզ նկարագրությունն է այն մարդկանց, ովքեր իրենց հանապազօրյա հացը վաստակում են մտավոր և ստեղծագործական աշխատանքի շնորհիվ, առաջինը որոշակի սոցիալական, քաղաքական դերի ու արտոնությունների հավակնող, ինչպես նաև որոշակի ինստիտուցիոնալ և կազմակերպական տեսք ունեցող հավաքականություն է։  «Մտավորականությունը» խորհրդային ժառանգության ծանրագույն բալաստներից է, որ դեռ երկար ժամանակ խոչընդոտ է լինելու Հայաստանի զարգացման ճանապարհին և անելու է հնարավոր ամեն բան՝ հասարակական-քաղաքական կյանքում արմատավորելու և ամրապնդելու համար իռացիոնալիզմի ու անհեթեթության պաշտամունքը։

«Մտավորականության» մի մասը եռանդուն կերպով շարունակելու է աջակցել ոչ միայն Սերժ Սարգսյանի նման նախագահների, այլև բոլորովին չի խորշելու Գագիկ Բեգլարյանի ու Տարոն Մարգարյանի նման օդիոզ կերպարների կողքին կանգնելուց, քանի որ նման աջակցությամբ և ոչ իրական ծառայություններով ու տաղանդով են պայմանավորված մտավորական, գիտական ու կրթական հաստատությունների վրա ունեցած նրանց վերահսկողությունը, նրանց որոշակի արտոնությունները և հասարակական դերը։  Որպես հիմնական թիրախ՝ «մտավորականները» միշտ ունենալու են բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր կսպառնան այդ ստատուս քվոն փոխել, ինչպես նաև ոչ չակերտավոր մտավորականներին, քանի որ վերջիններս սովորաբար մերիտոկրատիայի կողմնակիցներ են։  Այս համակարգն իհարկե ոչ բոլոր «մտավորականներին» կարող է բավարարել։  Նրանցից ոմանք անխուսափելիորեն խաղից դուրս են մնալու և ժամանակ առ ժամանակ ընդդիմադիր կեցվածք են որդեգրելու։  Բայց նույնիսկ այդ դեպքում նրանք նշված քաղաքական ուժերին, իսկական մտավորականներին ու ընդհանրապես ռացիոնալիզմի մշակույթի բոլոր կողմնակիցներին շարունակելու են համարել իրենց ամենավտանգավոր հակառակորդները և ամենակարևոր պահերին միշտ միավորվելու են նրանց դեմ։

«Մտավորականության»՝ խորհրդային ժառանգության մաս լինելու վերաբերյալ վերն ասածս կարող է որոշ շփոթություն առաջացնել և «համ նալին, համ մեխին խփելու» մեղադրանք հարուցել, քանի որ հոդվածի սկզբում անթաքույց նոստալգիայով էի խոսել իմ պատանեկության տարիների Հայաստանի մտավորական մթնոլորտի մասին, ինչը, ենթադրաբար, նույնպես խորհրդային ժառանգության մաս էր։ Այստեղ ոչ մի անտրամաբանական բան չկա սակայն։  Իսկապես, և՛ իմ պատանեկության տարիների Հայաստանի՝ նոստալգիայի արժանի մտավորական մթնոլորտը, և՛ «մտավորականությունը» խորհրդային ժառանգության մասեր են։ 

Խորհրդային ժառանգությունն ընդհանրապես հեշտ չի դնել ինչ-որ պարզ կաղապարի մեջ, ինչը տասնամյակներ շարունակ արել են թե՛ այդ համակարգի սպասարկուները, թե՛ դրա հակառակորդները։  Մասնավորապես, խորհրդային դասագրքերը մեզ համոզում էին, թե բոլշևիկյան հեղափոխության ու կոմունիստական իշխանության հիմնական շարժիչ գաղափարը դասակարգային պայքարն էր, իսկ այդ պայքարի սոցիալական հենարանները՝ պրոլետարիատն ու գյուղացիությունը։  Կոմունիստների քննադատներն՝ իրենց հերթին, հաճախ առանց սա վիճարկելու, բոլշևիկներին քննադատում էին որպես ծայրահեղականների, իսկ խորհրդային համակարգը՝ որպես բռնապետական ու տնտեսապես անհեթեթ։  Խորհրդային պատմությանն ու հատկապես դրա վաղ շրջանին նվիրված ավելի լուրջ գիտական գրականությունը, սակայն, անառարկելիորեն ցույց է տալիս, որ դասակարգային պայքարը ոչ միայն բոլշևիկների միակ մտասևեռումը չէր, այլև գուցե նույնիսկ ամենակարևորն էլ չէր նրանց տարբեր մտասևեռումների հիերարխիայում։  Բոլշևիզմն ինքը ոչ այնքան պրոլետարիատի, որքան քաղաքային մտավորականության որոշակի հատվածի շարժում էր, որի հիմնական թիրախը Ռուսական կայսրության խրոնիկական հետամնացությունն էր։ Բոլշևիզմը, համապատասխանաբար, մոդեռնիզացիայի շարժում էր, ինչին, որպես նրանց հիմնական նպատակի, ստորադասված էր ամեն ինչ, այդ թվում՝ նույն պրոլետարիատի և հատկապես գյուղացիության շահերը։

Բոլշևիկները՝ որպես մոդեռնիզացիայի ագենտներ, ո՛չ միակն էին, ո՛չ էլ առաջինը։  Մոդեռնիզացիան լուսավորչականության գաղափարների տարածման և դրան զուգահեռ տեղի ունեցող արդյունաբերական հեղափոխության զավակն էր, և վերջին 200 տարվա բոլոր ազատական ու սոցիալիստական քաղաքական շարժումներն այս կամ այն չափով մոդեռնիզացիայի ագենտներ են եղել։ Բոլշևիկների խնդիրը, սակայն, շատ ավելի բարդ էր, քան մոդեռնիզացիայի դրոշակակիր ուժերի խնդիրն, ասենք, Մեծ Բրիտանիայում կամ Ֆրանսիայում՝ երկու պատճառով։  Նախ, ավանդականության սոցիալական բազան, հետևաբար և մոդեռնիզացիային դիմադրությունը շատ ավելի ուժեղ էր 80% գյուղական բնակչություն և հիմնականում ագրարային տնտեսություն ունեցող Ռուսական կայսրությունում։  Երկրորդ, բոլշևիկներն ու նրանց անմիջական ժառանգորդները, ոչ առանց հիմքի, Ռուսաստանն ու իրենց իշխանությունը վտանգված էին համարում, եթե այն տեխնոլոգիապես մրցունակ չդառնար Արևմուտքի ու Ճապոնիայի հետ, ինչը ենթադրում էր ոչ թե սոսկ մոդեռնիզացիա, այլ մոդեռնիզացիա գլխապտույտ արագությամբ։  Այս ամենն իր հերթին երկու հետևանք ունեցավ։  Նախ, այդ գլխապտույտ մոդեռնիզացիայի շրջանում Խորհրդային իշխանությունն ահռելի, կարելի է ասել՝ աննախադեպ տնտեսական, քաղաքական ու սոցիալական ռեսուրսներ ներդրեց գիտության ու կրթության զարգացման գործում, ինչն անհրաժեշտ էր երկրի արդյունաբերական ու տեխնոլոգիական զարգացման համար։ Երկրորդ, դա արվեց տոտալիտար համակարգի օժանդակությամբ, քանի որ նրանք այդ ռեսուրսները կարող էին հայթայթել միայն գյուղը կողոպտելու և հասարակությանն ընդհանրապես ծանր զրկանքներ պարտադրելու միջոցով, իսկ ոչ-տոտալիտար համակարգի պայմաններում նման կողոպուտ իրականացնելը, նշված զրկանքների դեմ հասարակության կանխատեսելի ընդվզումը զսպելը, ինչպես նաև անիրատեսական թվացող նպատակների համար հասարակությունը մոբիլիզացնելը շատ դժվար, գուցե անհնարին կլիներ[3]։

Նպատակի ու միջոցի այս համադրումը խորհրդային բազմաթիվ պարադոքսներից թերևս ամենահետաքրքիրն ու ամենակարևորն էր։  Դա պարադոքս էր, որովհետև մի կողմից նման քաղաքականությունը չէր կարող չլինել մերիտոկրատական. այն պետք է հենվեր լավագույն մասնագետների, գիտնականների, ուսուցիչների, ստեղծագործողների ու չինովնիկների վրա (դա էր «կադրերն են որոշում ամեն ինչ» կարգախոսի իմաստը)։  Մոդեռնիզացիան, և հատկապես գիտության ու տեխնոլոգիական առաջընթացի պաշտամունքը, որ շատ բնորոշ էր վաղ շրջանի խորհրդային մշակույթին և ժամանակի մարքսիստական շարժումներին ընդհանրապես, ենթադրում էր նաև մտքի ու ստեղծագործելու կարողության ազատություն, դոգմաների մերժում, ճշմարտության անկախություն այս կամ այն ինստիտուտի ու անհատի հեղինակությունից, և այլն։  Միևնույն ժամանակ տոտալիտար համակարգը, որի գլխավոր սկզբունքները հասարակության վրա ամբողջական վերահսկողությունն ու քաղաքական գծից շեղումներ չհանդուրժելն էին, անխուսափելիորեն սահմանափակելու էր մտքի ու ստեղծագործելու ազատությունները, հին դոգմաներն ու պաշտամունքներն էլ փոխարինելու էր նորերով։  Իսկ որ ամենակարևորն է քննարկվող խնդրի համատեքստում՝ այդ համակարգը կադրեր էր առաջ հրելու զուտ քաղաքական լոյալության պայմանով, ինչը նշանակում է, որ ամեն Չարենցի դիմաց այն մի քանի նաիրի զարյան էր պահելու, ամեն Պրոկոֆևի դիմաց՝ մի քանի խրեննիկով և ամեն Կոլմոգորովի դիմաց՝ մի քանի լիսենկո։

Հայաստանն այս համատեքստում մի լրացուցիչ առանձնահատկություն ուներ։ 1940-ական թվականներից սկսած՝ մեր նոմենկլատուրային մտավորականությանն իրավունք ու հնարավորություն էր վերապահված համակարգի և կայսրության շահերը պաշտպանելու հայկական ազգայնականության դիրքերից։  Խորհրդային Միությունն ընդհանրապես բավականին բարդ, փոփոխական և երբեմն հանդուրժող վերաբերմունք ուներ ազգայնականության նկատմամբ[4], բայց հայկական ազգայնականության և դրան սպասարկող «մտավորականության» հետ կայսրության հարաբերությունները հատկապես հետաքրքիր էին։  Մասնավորապես, Մոսկվան ոչ միայն հանդուրժում, այլև հմտորեն քաջալերում էր այդ ազգայնականությունը՝ պայմանով, որ Հայաստանի ազգայնականներն ու «մտավորականները» 1) թուրքերին տեսնեին որպես թիրախ, 2) Մոսկվային դիտեին առնվազն որպես հայության պաշտպանի, իսկ առավելագույնը՝ որպես հայկական պահանջատիրության ագենտի, 3) ժամանակ չվատնեին Խորհրդային Միության բազմաթիվ թերությունների կամ անկախ պետականության ստեղծման մասին մտածելու վրա։  Մոսկվան շատ լավ գիտակցում էր, որ մարդկանց այդ խումբը կենսաբանական թշնամանքով էր լցված լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հարցականի տակ դնեին նման դիրքորոշման խելամտությունը, քանի որ նրանց սոցիալական ու քաղաքական դիրքերի ամրությունը Հայաստանում այդ դիսկուրսի կայունությամբ էր երաշխավորված [5]։

Այս կապակցությամբ չեմ կարող չհիշել մի դեպք, որն, իմ կարծիքով, շատ ակնառու տալիս է այդ խավի բնութագիրը, ինչպես նաև բացատրում դրա ներկայացուցիչների վերաբերմունքը 1990-ականների սկզբին Հայաստանում կատարվածի նկատմամբ։ 1992 թ. աշնանը, երբ ես աշխատում էի նախագահի աշխատակազմում, ինչ-որ գործով այցելեցի Երևանի պետական համալսարանի իմ նախկին դասախոսներից մեկին։  Նա իմ նկատմամբ ջերմ վերաբերմունք ուներ, բայց խիստ հիասթափված էր, որ ոչ միայն աշխատում էի Տեր-Պետրոսյանի վարչակազմում, այլև պատրաստ էի պաշտպանել Թուրքիայի նկատմամբ այդ վարչակազմի վարած քաղաքականությունը։   Ինչպես կանխատեսելի էր, իմ այցելության օրը այդ հարցը կրկին դարձավ մեր քննարկման առարկան, և ես ստիպված էի լսելու արդեն այն ժամանակ ձանձրալի դարձած, ակնհայտորեն կեղծ բոլոր մեղադրանքներն ու ծանծաղ փաստարկները, ինչպես նաև համբերատար կերպով պատասխանելու դրանց։ Մի ժամի չափ բանավիճելուց հետո ակնհայտ դարձավ, որ նա պարզապես չի կարող բանավեճը շարունակել՝ առանց լրիվ ծիծաղելի դառնալու կամ իջնելու փողոցային դեմագոգի մակարդակի։ Եվ, քանի որ մի երկու բաժակ էլ կոնյակ էր խմել, նրա նյարդերը չդիմացան. «Арман, дорогой, как ты не понимаешь, шваль пришла к власти и я с этим никогда не смогу мириться, так что перестань меня уговаривать», — համարյա լացակումած խնդրեց նա [6]։  Դրանով ամեն ինչ ասված էր, և ես որոշեցի խոսակցության թեման փոխել։

«Մտավորականության» համար սոցիալական հիերարխիայում դիրքերը կորցնելու հեռանկարն, իհարկե, միակ վտանգը չէր։ Այդ ամբոխը 80-ականների վերջին ու 90-ականների սկզբին հայտնվել էր որպես տեսակ առհասարակ վերանալու վտանգի առջև։ Նոր Հայաստանում այլևս հնարավոր չէր թուրքերին հայհոյելով, ռուսներին քծնելով, հայրենիքին տափակ ներբողներ ձոնելով՝ ինչ-որ լուրջ բանի հավակնել։ Եվ խնդիրն այստեղ բնավ թուրքերը չէին, այլ այն, որ այդ տեսակի ու որակի մտավոր արտադրանք տվողներն այն ժամանակվա հասարակական լսարանի համար վերածվել էին զավեշտական անախրոնիզմի՝ անկախ նրանց հայհոյանքների ու ներբողների հասցեատերերից։  Զավեշտական անախրոնիզմի էին վերածվել նաև մարքսիզմ-լենինիզմի, ԽՍՀՄ ու ՍՄԿԿ պատմության, պատմատի, դիամատի, սոցիալիստական քաղաքատնտեսության հարյուրավոր մասնագետները, ռուսաց լեզվի ու գրականության մասնագետների ահռելի բանակի գոնե մի մասը, այս բոլորին սպասարկող ինստիտուտները, ամբիոններն ու բյուրոկրատիաները [7]։  Նրանք այլևս հասարակությանը պետք չէին, եթե նույնիսկ երբևէ պետք էին եղել։ Իսկ որ ավելի սարսափելի էր՝ նրանք դադարել էին պետք լինել իշխանությանը, որովհետև ժողովրդի քվեն ու համակրանքն ունեցող և երկրի ապագայի նկատմամբ ոչ անտարբեր իշխանությանը նման «մտավորականները» երբեք չեն կարող պետք լինել։

Միանգամայն օրինաչափ ու հասկանալի է, հետևաբար, որ նրանք ոխերիմ ատելությամբ էին լցվելու այն ժամանակվա իշխանության նկատմամբ և ամեն ինչ անելու էին նման իշխանությունից ազատվելու, իսկ հետո նրա վերադարձը կանխելու համար։  Օրինաչափ էր, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների կոռուպցիայից, «թրքամետ» ու «պարտվողական» քաղաքականությունից այդքան զայրացած «մտավորականությունը» բերանը ջուր էր առնելու Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, չնայած այդ ժամանակաշրջանում էր, որ կոռուպցիան դարձավ սիստեմատիկ և աճեց երկրաչափական պրոգրեսիայով, իսկ տնտեսությունը փոխարինվեց տրանսֆերներով, չնայած Քոչարյանը բաց տեքստով հայտարարեց, որ Թուրքիայից որևէ տարածքային պահանջ Հայաստանը չունի, չնայած Քոչարյանի ու Սարգսյանի «հաղթողական» քաղաքականության հետևանքով ղարաբաղյան բանակցությունների ամեն հաջորդ փաստաթուղթ նախորդից ավելի վատը դարձավ, չնայած Սարգսյանի թեթև ձեռքով ցեղասպանության փաստը վիճարկելի հիպոթեզի վերածվեց, չնայած Սարգսյանը մի առիթով հայտարարեց, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսվելու դեպքում Հայաստանի զինված ուժերը պատրաստ չեն պատերազմի, չնայած նրա վարչապետը արտագաղթի ցանկալիության մասին հայտարարություններ է անում, և այսպես շարունակ։ 

Օրինաչափ էր այս ամենը, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, շատ լավ ուսումնասիրած լինելով իրենց նախորդի փորձը և ունենալով նրանից չափազանց տարբեր նախընտրություններ Հայաստանի ապագայի վերաբերյալ, ոչ միայն որդեգրեցին այս զանգվածի հռետորաբանությունը, ինչը «մտավորականության» համար միշտ շատ ավելի կարևոր է, քան արդյունքները, այլև տերպետրոսյանական ոճի բանավեճերն ու թեժ քննարկումները փոխարինեցին նրանց հետ բրեժնևյան ոճի հանդիպումներով ու դատարկ ճառերով, և իհարկե, բրեժնևյան միևնույն ոճով սկսեցին առատորեն մեդալներ ու պաշտոններ բաժանել։ Օրինաչափ էր, որ պատմատի ու ՍՄԿԿ պատմության նախկին դասախոսները դառնալու էին նվիրյալ նժդեհականներ և դասագրքեր էին գրելու, թե ինչպես հայկական կողմը, Հայաստանի իշխանությունների կամքին հակառակ, հաղթեց պատերազմում, էլ չեմ խոսում այն դասագրքերի մասին, որտեղ սահմանվում են փիլիսոփայական այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են «հայրենասիրությունն» ու «դավաճանությունը», որովհետև այլապես ստիպված կլինեին հանրօգուտ աշխատանքով զբաղվել։ 

Երջանիկ էր այս ամբոխը կրկին։ Վերականգնվել էր պրետորիական գվարդիայի նրանց նախկին կարգավիճակը, և ոչ ոք նրանց այլևս չէր հիշեցնում, թե որքան անհամապատասխան էին նրանք իրենց կոչումներին, պաշտոններին ու դիրքերին։  Դրանից հետո Սերժ Սարգսյանը կարող էր Սևանն էլ թուրքերին տալ և մի գրամ կասկած չունենալ, որ «մտավորականությունը», կամ առնվազն դրա հարաբերականորեն լավ կերակրված հատվածը, նույն եռանդով շարունակելու էր ազգի դավաճաններ փնտրել ընդդիմության շարքերում։ Մենք էլ կարող ենք կասկած չունենալ, որ որևէ մտավորական կամ քաղաքական գործիչ, ով կհանդգնի խոսել մերիտոկրատիայի ու ժողովրդավարության մասին, կվաստակի այս մարդկանց հավերժ ատելությունն ու թշնամանքը։  Կարող ենք կասկած չունենալ, որ որևէ մտավորական կամ քաղաքական գործիչ, ով կհանդգնի այս մարդկանց հետ տրամաբանության ու փաստերի վրա հիմնված բանավեճ ծավալել, ավտոմատ կերպով կհայտարարվի մասոն ու Մոսսադի ագենտ, դե որովհետև տրամաբանության ու փաստերի վրա հիմնված, կեղծ պաթոսից ու էմոցիոնալությունից զուրկ խոսքը պարզապես «հայեցի չէ»,  որովհետև «իսկական հայ մտավորականը» պետք է Սևրի պայմանագրի ու Ուիլսոնի իրավարար վճռի մասին խաբված կնգա պես նվնվա օրուգիշեր, հայրենիքը շատ սիրելու մասին նժդեհյան աֆորիզմներ արտասանի, ապացուցի, որ բոլորից ավելի գեղարվեստական ձևով կարող է արտահայտել իր ատելությունը Ռամիլ Սաֆարովի նկատմամբ և, իհարկե, տեսություններ երկնի այն մասին, թե ինչպես են եվրոպացիները Հայաստանում միասեռականություն ու տարբեր աղանդներ քաջալերելու հատուկ գաղտնի որոշում կայացրել։  Այլապես ի՜նչ հայ մտավորական։

Ամփոփենք։ Միաժամանակ և՛ մերիտոկրատական մոդեռնիզացիայի, և՛ նոմենկլատուրային տոտալիտարիզմի երկիր լինելու խորհրդային պարադոքսը չէր կարող լինել կայուն ու հարատև։ Այդ երկու իրարամերժ սկզբունքները վաղ թե ուշ փորձելու էին միմյանց ոչնչացնել։  Խորհրդային Միության վերջին շրջանի պատմությունը կարելի է նկարագրել որպես մոդեռնիզացիայի ուժերի հաղթանակ նոմենկլատուրային տոտալիտարիզմի դեմ։  Իսկ այն, ինչին մենք վերջին 15 տարիներին ականատես ենք լինում Հայաստանում, կարելի է մասամբ նկարագրել որպես պարտված նոմենկլատուրայի ռևանշ արտագաղթից, ռեսուրսների սղությունից և անցումային շրջանի օբյեկտիվ դժվարությունների պատասխանատվությունից թուլացած մոդեռնիզացիայի ուժերի դեմ։ Այդ նոմենկլատուրայի «մտավորական» հատվածը մարքսիստական ու խորհրդային պարամետրերով սահմանված ազգայնական հռետորաբանությունն այժմ փոխարինել է ցեղակրոնության ու պահպանողականության հռետորաբանությամբ։  Փոխվել և ավելի նենգ են դարձել նաև նրանց մեթոդները։ Բայց ինչպես այն ժամանակ, այդպես էլ հիմա, նրանց հիմնական նպատակը՝ չվաստակած արտոնություններն ու ժողովրդի հաշվին ապրելու իրավունքը պաշտպանելը, մնացել է նույնը։ Նույնն է մնացել նաև դա հեշտացնելու նպատակով մեր մշակույթից ու քաղաքական դիսկուրսից ամեն ռացիոնալը, փաստականն ու բանականը դուրս մղելու և այդ ամենն անհեթեթության ու սիմվոլների պաշտամունքով փոխարինելու իմպերատիվը։

Շարունակելի


[1]Տարածված կարծիքը, թե Լ. Տեր-Պետրոսյանն իշխանության եկավ ազգային զարթոնքի ու կոմունիզմի դեմ պայքարի ալիքի վրա, հիմնովին սխալ է, որովհետև այդ ալիքը շատ ավելի «ազգային» ու շատ ավելի հակակոմունիստ գործիչների էր հրապարակ բերել, որոնք հասցրել էին հակադրվել Տեր-Պետրոսյանին, և որոնց ժողովուրդն աներկբայորեն մերժեց։

[2]Ամերիկյան քաղաքագետները հաճախ այդ հիմքը նկարագրելու համար և այն սովորական ընտրողներից՝ էլեկտորատից տարբերելու համար օգտագործում են «սելեկտորատ» եզրույթը։

[3]Այս պնդումների ավելի մանրակրկիտ քննարկումը մեզ շատ հեռու կտանի։ Հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ հետևյալ աշխատություններին, որոնք կօգնեն հասկանալու բոլշևիզմի՝ որպես մոդեռնիզացիայի շարժման էությունը, և թե ինչու խորհրդային մոդեռնիզացիան չէր կարող բռնապետական չլինել. Alexander Gerschenkron, Economic Backwardness in Historical Perspecive (Cambridge, MA: Harvard University Press, 1962); Alec Nove, Economic Rationality and Soviet Politics, or Was Stalin Really Necessary? (New York, NY: Praeger, 1964); Jack Snyder, “Russian Backwardness, and the Future of Europe,” Daedalus, Vol. 123, no. 2, (Spring, 1994); Yuri Slezkine, The Jewish Century (Princeton, NJ: Princeton Univeristy Press, 2006).  

[4]Ավելի մանրակրկիտ վերլուծության համար տե՛ս Arman Grigoryan, “Ethnofederalism, Separatism, and Conflict: What Have We Learned from the Soviet and Yugoslav Experiences?”  International Political Science Review, Vol.  33, no. 5 (November, 2012), pp. 520-538.

[5]Խորհրդային Միության ու հայկական ազգայնականության հարաբերությունների մասին ավելի մանրամասն տե՛ս Ronald Suny, Looking toward Ararat: Armenia in Modern History (Indianapolis, IN: Indiana University Press, 1993), chs. 10-11.

[6]Պետք է նշել, որ «մտավորականության» մի մասն այն ժամանակ որոշել էր «թռչել գնացքից» և միանալ համաժողովրդական շարժմանը։  Բայց երբ պարզ դարձավ, որ շարժումը ոչ թե «ազգային», այլ ժողովրդավարական է, այսինքն՝ որ «шваль»-ի իշխանության հեռանկարն իրական է և շարժման առաջնորդների ու ակտիվիստների մեծ մասի համար նախընտրելի, նրանք հեռացան և դարձան այդ նույն շարժման ամենաարմատական հակառակորդները։ Շատերը երևի հիշում են համաշխարհային ազգի մասին Վազգեն Մանուկյանի վարդապետությունը, ինչը նա հակադրել էր նորմալ, այսինքն՝ ժողովրդավարական պետության գաղափարին։ Այդ վարդապետության ամբողջ իմաստը «шваль»-ի իշխանության մերժումն էր։  Երբեմն, իհարկե, դժվար էր վերծանել Վազգեն Մանուկյանի խոսքը, որովհետև այն անխուսափելիորեն քողարկված էր՝ «шваль»-ին չվիրավորելու նկատառումով, բայց 1996 թվականից իրեն ժողովրդավարության մարտիրոս հռչակած Վազգեն Մանուկյանն այս կապակցությամբ դեռևս 1990 թ. խիստ անզգուշաբար անկեղծացել էր «Հայք» թերթին տված մի հարցազրույցում, ենթադրում եմ՝ առանց կոնյակի ազդեցության։  Ցավոք, ձեռքիս տակ միայն հայտարարության անգլերեն տարբերակը կա, ինչը մեջբերում եմ առանց թարգմանելու. “…democracy can be deadly to our people; it can lead to atomization and it can cut off the precarious links of mutual responsibilities that tie us together.  It is very important to revive our national traditions, religious traditions, and morality. Otherwise, we would constitute a mob, not a nation.” Տե՛ս Gerard J. Libaridian, ed., Armenia at the Crossroads (Watertown, MA: Blue Crane Books, 1991, p. 46.

[7]Անախրոնիզմ դարձած ուժերի կողմից ընդհանրապես քաղաքական ու տնտեսական բարեփոխումները խոչընդոտելու մասին հետաքրքիր ուսումնասիրության համար տե՛ս Daron Acemoglu and James Robinson, “Economic Backwardness in Political Perspective,” American Political Science Review, Vol. 100, no. 1 (February, 2006), pp. 115-131.


Նախորդ հոդվածը‘Երևանի «Մաքուր երկաթը» վերզինման նախագիծ է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի բնակչության կեսից ավելին Ռուսաստանին թշնամի է համարում ‘