‘ Արման Մուսինյան. Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք որակապես նոր իրավիճակ ‘

2084

Ոչ իշխանական քաղաքական ուժերը եւ հասարակության գերակշիռ հատվածը քաղաքական աշուն են մտնում մարտականորեն տրամադրված, մինչդեռ իշխանությունը առավել քան թուլացած է: Քանի որ, ըստ նրա, Սերժ Սարգսյանի վարչակարգը որեւէ դեղամիջոց չունի հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման հարցում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:

Նրա խոսքով, վարչակարգը ունի մեկ նպատակ՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով գցել իր վերարտադրության հիմքերը: «Որեւէ խնդիր, որն այսօր կա Հայաստանում, պայմանավորված չէ Սահմանադրությամբ: Գործող Սահմանադրությունն արգելում է Սերժ Սարգսյանին երրորդ անգամ հայտնվել նախագահի աթոռին, իսկ դա խորը հակասության մեջ է նրա իշխանատենչության հետ: Վստահ եմ, որ սահմանադրական փոփոխության միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրվելու այս պլանը ձախողվելու է, եւ, չունենալով որեւէ ռեսուրս (տնտեսական, արտաքին քաղաքական հաջողություններ եւ այլն)` նա ստիպված է լինելու հեռանալ քաղաքական ասպարեզից», — ասաց Մուսինյանը:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություների հարցում ՀՅԴ-ի հետ տարհամաձայնության հարցին՝ Արման Մուսինյանը վստահություն հայտնեց, որ դա չի պառակտի Քառյակը: «Սերժ Սարգսյանի երազանքը՝ Քառյակում հակասություններ ստեղծել եւ պառակտել, կմնա երազանք, եւ վստահ եմ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք որակապես նոր քաղաքական իրավիճակ», — ասաց Կոնգրեսի խոսնակը:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Բորուսիա» Դ.-«Արսենալ» Խաղից առաջ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Սա առաջին հանդիպումը չէ, որտեղ ստիպված ենք լինելու խաղալ առանց մեր առաջատար ֆուտբոլիստների»’