‘Արման Մուսինյան. ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել ՀՀԿ-ի հետ կնքած հուշագիրը’

2417

 iLur.am-ի հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը 

Պարոն Մուսինյան, ինչպե՞ս կմեկնաբանեիք ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու եւ ընտրություններում որեւէ թեկնածուի չսատարելու մասին հայտարարությունը:

-Մենք խոստացել էինք լրացուցիչ մեկնաբանություն տալ այս հարցի վերաբերյալ: Ասեմ, որ մենք տեղյակ էինք ԲՀԿ-ի այս որոշման մասին, քանի որ, ելնելով բանակցային էթիկայից՝ ԲՀԿ-ն մեզ այդ մասին տեղեկացրել էր նախապես: Իսկ տեղի ունեցածի իմաստը մեկն է՝ ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել ՀՀԿ-ի հետ կնքած հուշագիրը, եւ այսպիսով Հայաստանի իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից:

-Իսկ հետագայում, հնարավո՞ր է ԲՀԿ-ի հետ համագործակցությունը շարունակվի:

-Վերջին շրջանում մենք արդեն ԲՀԿ-ի հետ արձանագրել ենք խորհրդարանական համագործակության մի քանի հաջող փորձ, մասնավորապես, Ընտրական Օրենսգրքի բարեփոխումների, արտահերթ նիստ հրավիրելու, Սահմանադրական դատարան դիմելու, Մարտի 1-ի հանձնաժողող ստեղծելու հարցերում, եւ հուսով ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի:

-Մամուլում տեսակետներ են շրջանառվում, որ այս հարցում Կոնգրեսի որդեգրած ռազամավարությունը ձախողվել է: Դուք անձամբ ինչպե՞ս կմեկնաբանիք այդ տեսակետները:

-Ես ինչքան հիշում եմ, իսկ ես լավ եմ հիշում, Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող պրոպագանդան, որին կամա, թե ակամա՝ լծվել են նաեւ արտաքուստ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող հասարակությանը ոչ անհայտ գործիչներ, մեզ ներկայացվում էր հետեւյալ հիմնական մեղադրանքը, որ Կոնգրեսի քաղաքականության հետեւանքով ԲՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին, շեղելու է ընդդիմադիր զանգվածի ձայները դեպի իրեն, իսկ վերջում, ընդունելու է Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը՝ այդ ձայները որպես օժիտ նվիրելով նրան: Հիմա թե ինչքան «հիմնավոր» էին այդ «մեղադրանքները», թողնում եմ ընթերցողների եւ հասարակության դատին: Ասեմ միայն, որ անկախ իրադարձությունների զարգացման ընթացքից, ոչ վարչախմբի քարոզչությունը, ոչ էլ նրան լծված վերը նշված գործիչները,  չէին դադարեցնելու իրենց հարձակումները Կոնգրեսի վրա, կամ որ նույն է՝ չէին դադարելու հնարավորինս օժանդակել Սերժ Սարգսյանին: Ավելին, եթե ԲՀԿ-ն նախագահի թեկնածու առաջադրեր, նույն ջանասիրությամբ քարոզչամեքենան, եւ նրան լծված «ընդդիմադիր» գործիչները նույնպիսի «քննադատության» էին ենթարկելու Կոնգրեսին: Իրականությունը, սակայն, այն է, որ նրանք բոլորը լծված են Սերժ Սարգսյանի եւ ողջ ռեժիմի վերարտադրության՝ իրենց համար սուրբ դարձած գործին: Հետեւաբար այս հիստերիան, ինչպես նաեւ հանրապետականների ճամբարում նկատվող դեպրեսիվ տրամադրությունները վկայում են, որ Նախագահ Տեր-Պետրոսյանն իր ռազմավարության մեջ, ինչպես միշտ, չի սխալվել: 

Նախորդ հոդվածը‘Կատուն Սոչիում ամբողջ թաղամասի հոսանքազրկման պատճառ է դարձել ‘
Հաջորդ հոդվածը‘Հայազգի 11-ամյա Րաֆֆին դուրս է եկել ֆրանսիական X Factor նախագծի եզրափակիչ (Տեսանյութ) ‘