‘Արման Մուսինյան. Բոլորը հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի. Տեսանյութ’

2056

«Այս բոլոր թանկացումները կապված են իրար: Եթե հետեւել եք Հայաստանի կարեւոր ընտրական ցիկլերին, ապա կտեսնեք, որ դրանց ավարտին հաջորդում են թանկացումները: Վարչախումբը այդ ընտրական ժամանակահատվածում ծախսում է հսկայական ռեսուրսներ՝ ընտրությունները կեղծելու համար, եւ դրանից հետո պետք է բավարարի իր ներսում գտնվող տնտեսական, քրեական էլեմենտների ախորժակը՝ այդ գումարները ետ բերելու համար»,- քիչ առաջ Կենտրոն հ/ը «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

Նա նշեց, որ այս իշխանության բնույթն է այնպիսին, որ իր իսկ իշխանությունը պահելու համար անընդհատ պետք է կեղեքի սեփական ժողովրդին, որովհետեւ նա իշխանությունը պահելու այլ ռեսուրս չունի:

Հարցին, թե ինչո՞ւ մասսայական բողոքներ չեղան ընտրություններին հետեւած թանկացումների կապակցությամբ, Մուսինյանը պատասխանեց, որ այսօր Հայաստանում չկա մեկը, ով դժգոհ չէ. այլ բան է, որ մարդկանցից շատերը դեռ վախենում են բաց ձեւով իրենց բողոքը ձեւակերպել: Նա նշեց, որ այսօր Հայաստանում բացի իշխանությունից եւ նրա ներսում գտնվող չինովնիկական-քրեական կոռումպացված տարրերից, այլ գոհ մարդիկ չկան:

Գազի թանկացման վերաբերյալ Մուսինյանը նշեց, որ դեռ անցած տարվա աշնանը Կոնգրեսը հայտարարել է, որ այս կառավարությունը գաղտնի բանակցությունների մեջ է, եւ գազը թանկանալու է: Իշխանությունները, սակայն, հերքեցին, այսինքն՝ ստեցին: «Երկրորդ անգամ ստեցին այս տարվա ապրիլին, երրորդ անգամ մենք հարցրերինք՝ ե՞րբ է որոշվել թանկացնել գինը, ուզում էինք ցույց տալ, որ դեռ վաղուց էր որոշումը կայացվել, դա էլ ստեցին, չասացին: Ստելը այս իշխանության կարեւոր հատկություններից մեկն է»,- նշեց Մուսինյանը՝ հիշեցնելով, որ նույն Տարոն Մարգարյանը դեռ մարտ ամսին հայտարարում էր, որ տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:

Տրանսպորտի թանկացման վերաբերյալ քաղաքապետարանի կողմից ներկայացված բացատրություն-հիմնավորումը Մուսինյանը անհիմն համարեց: Նա նշեց, որ այնտեղ ուռճացված թվեր են ներկայացվել: Ավելին, Մուսինյանը խոսքով, նույնիսկ այն հաշվարկներով, որը ներկայացրել էր քաղաքապետարանը, մեկ ուղեւորի տեղափոխման գինը կազմում է մոտ 85 դրամ:

«Այսինքն, ըստ էության, 100 դրամը նույնպես թանկ է: Իսկ 100 դրամը դարձնելով 150 դրամ՝ իրենց հսկայական շահույթը դարձնելու են գերհսկայական: Սա այլ բան չէ, քան թալան»,- նշեց Մուսինյանը: Նա նաեւ հավելեց, որ սա, սակայն, մեկ տեղական- լոկալ խնդիր չէ:  

«Թանկացել են բոլոր պարենային ապրանքները, գազը, հոսանքը: Այսինքն, նույնիսկ եթե տեսականորեն վերցնենք, որ այդ 50 դրամը եթե տրանսպորտին չենք վճարում, վճարելու ենք այլ տեղերում: Խնդիրն այն է, որ հասարակությունը հասկանա, որ այս բոլոր խնդիրների լուծումը մեկ կետում է, որ հասարակությունը պետք է մոբիլիզացվի այդ մեկ խնդրի լուծման շուրջ՝ այս մարդասպան, ժողովրդին հարստահարող ռեժիմը պետք է փոխել»,- հավելեց Մուսինյանը:

Տրանսպորտի թանկացման դեմ տեղի ունեցող ակցիաներին անդրադառնալով՝ Մուսինյանը նշեց, որ «հրաշալի է, որ այս ակցիաները տեղի են ունենում, որ ներգրավվում են բազմաթիվ երիտասարդներ, ովքեր փայլուն ճանապարհ են անցնում, հաղթահարում են հրապարակային արտահայտվելու վախը, ոստիկանից վախը», եւ որ անկախ նրանից, որ դրանում կփորձեն սղոսկել իշխանական կուրատորներ, միեւնույն է՝ հասարակության նոր շերտեր կներգրավվեն:

Արման Մուսինյանը նաեւ վստահություն հայտնեց, որ աշնանը եւ հատկապես ձմռանը քաղաքական շատ լուրջ բողոքների ալիքների ականատես կլինենք: Դա Մուսինյանը հիմնավորեց նրանով, որ «հասարակության ճնշող մասի համար կյանքը այսօր դարձել է ամենօրյա մաքառման խնդիր»:

Հարցին, թե եթե ՀՀԿ-ի փոխարեն իշխանության լիներ Կոնգրեսը, մի՞թե թանկացումներ չէին լինի, Մուսինյանը պատասխանեց, որ նույնիսկ ժողովրդավարական երկրներում լինում են թանկացումներ, բայց այնտեղ քաղաքացիները իրենց քաղաքական ազատության համար չեն հետապնդվում, այնտեղ տնտեսական միջավայրը ազատ է: «Եթե լիներ մրցակցություն, այսօր Հայաստանում շատ ապրանքների գներ ավելի ցածր կլիներ»,- նշեց Մուսինյանը:

Նա հավելեց նաեւ, որ այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին մասնակցում են նաեւ Կոնգրեսի վարչության անդամները, ակտիվիստները, համակիրները:

«Այլ բան է, որ կապված ամառվա հետ քաղաքական ուժերը այս հարցում դեռ չեն կոնսոլիդացվել: Սակայն աշնանից Կոնգրեսը, ենթադրում եմ՝ նաեւ Դաշնակցությունը եւ ԲՀԿ-ն շատ ավելի ակտիվորեն, շատ ավելի կլայնացնեն իշխանության դեմ պայքարի ճակատը: Երեկվա քաղաքական ընդդիմախոսները, թշնամիները, բոլորը հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի»,- եզրափակեց Մուսինյանը:  

 

Նախորդ հոդվածը‘Կարլոս Տևես. «Նոր Մարադոնայի» վերելքներն ու անկումները մինչ «Յուվենտուս» տեղափոխությունը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը կոչ է անում չխաթարել վարորդների հոգեվիճակը’