‘Արման Մուսինյան. Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ ժամանակին տարածված մի հերյուրանքի թարմացման փորձի մասին’

7793

Պատմաբան Արտակ Մովսիսյանը այսօր անդրադարձել է դաշնակցության կողմից 1993 թվականին հրապարակված մի կեղծ փաստաթղթի, որում արձանագրված է, թե իբր ՀՀ Առաջին նախագահը եղել է ԿԳԲ-ի ավագ լեյտենանտ։

Ժամանակին Առաջին նախագահի մամլո ծառայությունը այնքան անհեթեթ է համարել այդ հրապարակումը, որ հարկ չի համարել անդրադառնալ դրան։ Մենք ուրախ ենք, որ Մովսիսյանը մեզ առիթ է տալիս մեկընդմիշտ սպառիչ կերպով հերքելու այդ զառանցանքը։ Այդ նկատառումով, ստորեւ հրապարակում ենք որոշ փաստաթղթեր Լեւոն Տեր-Պետրոսյանի զինվորական հաշվառման անձնական գործից.

 

1. Երեւանի Պետական Համալսարանի ռազմական ամբիոնի բնութագիրը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին

Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արա­բական բաժնի 5-րդ կուրսի ուսանող Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանի ծառայողական բնութագիրը.– 1965թ. Փետրվարից մինչեւ 1967թ. Դեկ­տեմբեր ռազմական ամբիոնում սովորելու ընթացքում Լ. Հ. Տեր-Պետ­րոսյանն իրեն դրսեւորել է որպես ընդունակ, աշխատասեր եւ կարգա­պահ ուսանող։ Քաղաքական առումով արտահայտել է ԽՄԿԿ ազգային քաղաքականությանը վերաբերող սխալ տեսակետներ։

Աչքի է ընկնում լավ ընդհանուր զարգացածությամբ։ Ռազմական առարկաներն ուսումնասիրել է հետաքրքրությամբ։ Ձեռք է բերել արա­բերենից-ռուսերեն եւ հակառակ ուղղությամբ ինչպես բանավոր, այն­պես էլ գրավոր թարգմանության կայուն հմտություններ։ Տիրապե­տում է լավ արաբական ձեռագրի։

Ռուսերեն եւ արաբերեն լեզուների ռազմական տերմինոլոգիան յու­րացրել է հիմնավորապես։ Ռազմական առարկաների բոլոր կուրսային եւ ավարտական քննությունները հանձնել է գերազանց։

Ակտիվ մասնակցություն է ունեցել ֆակուլտետի գիտական աշխա­տանքում եւ ռազմական ամբիոնի պատի թերթի թողարկման ու քաղ­ինֆորմացիաների անցկացման գործում։

Գիտական հետազոտությունների հակում ունի, հետաքրքրվում է արա­բական երկրների պատմությամբ եւ տնտեսությամբ։ Գիտե թուրքերեն, լրացուցիչ՝ ինքնուրույնաբար սովորել է ֆրանսերեն։

Շարային առումով բարեկազմ է։ Բնավորությամբ՝ հանգիստ, զուսպ, նախաձեռնող։ Հաճախ բողոքել է գերհոգնածության պատճառած գլխա­ցավից։

Եզրակացություն

1. Քաղաքական, գործնական եւ անձնական որակներով արժանի է «վարչական ծառայության պահեստազորի կրտսեր լեյտենանտ» առաջ­նային սպայական կոչման շնորհմանը։

2. Խաղաղ եւ պատերազմական վիճակներում որպես արաբերենի թարգմանիչ կարող է օգտագործվել երկրի ներսում։– Ռազմական ամ­բիոնի ավագ դասախոս, փոխգնդապետ Ռոգուշին։ Բնութագրի եւ եզ­րա­կացություննեի հետ համաձայն եմ՝ գնդապետ Պերեդերեյ։

  


2. Լեւոն Տեր-Պետրոսյանի զինվորական ծառայության պիտանելիության ատեստացիան, տրված Երեւանի Սպանդարյանի շրջանի զինվորական կոմիսար, գնդապետ Ա. Մկրտչյանի եւ հաստատված ՀԽՍՀ Զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Ա. Ղազարյանի կողմից

 

Այս երկու փաստաթղթերից ակնհայտ է դառնում՝

ա. որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է ոչ թե ԿԳԲ-ի, այլ ԽՍՀՄ զինված ուժերի պահեստազորի ավագ լեյտենանտ, ռազմական թարգմանչի մասնագիտությամբ.

բ. որ նա, ԵՊՀ ռազմական ամբիոնի բնութագրի համաձայն, «արտահայտել է ԽՄԿԿ ազգային քաղաքականությանը վերաբերող սխալ տեսակետներ» եւ «որպես արաբերենի թարգմանիչ կարող է օգտագործվել երկրի ներսում», ինչը նշանակում է, որ Տեր-Պետրոսյանին դեռեւս ուսանողական տարիներից փակցվել է «այլախոհի», այն է՝ անհուսալի տարրի պիտակ, եւ նա, ըստ էության, հավերժ զրկվել է արտասահմանյան ուղեւորությունների հնարավորությունից։

Եթե ներկայացված փաստերն էլ չհամոզեն հերյուրանքի հեղինակներին ու տարածողներին, ապա խորհուրդ կտանք դիմել հոգեբանի օգնությանը։

Նախորդ հոդվածը‘Լեհաստանում չեղարկել են Հոլոքոստում լեհերին մեղադրելու համար նախատեսված պատասխանատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Գերմանիայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց և դուրս մնաց մրցաշարի հետագա պայքարից (տեսանյութ)’