‘Արման Մուսինյան. Մի կողմում ռեժիմը, մյուս կողմում` ժողովուրդը ‘

1437

«Այսօր Հայաստանի հասարակության մոտ գնալով խորանում է այն միտումը, որ ՀՀԿ-ի եւս 5 տարվա պաշտոնավարումը` Սերժ Սարգսյանի դեմքով որպես երկրի նախագահի աթոռը զբաղեցնող անձ, կարող է կործանարար հետեւանքներ ունեալ, եւ կարծում եմ, քաղաքական դաշտի խաղացողներից շատերն են գնալով հասկանում մարտահրավերի լրջությունը, եւ այդ պատճառով նաեւ, գնալով ուժեղանում է համագործակցության, հնարավոր կոնսոլիդացիայի գիտակցությունը»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» հաղորդման ժամանակ երեկ հայտարարել է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

Նա նշել է, որ շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ կոնսոլիդացիոն առումով անել առավելագույնը՝ որպեսզի Աերժ Սարգսյանը հնարավորություն չունենա իր իշխանությունը, որը զավթել է ժողովրդից, շարունակել: Ինչ վերաբերում է այդ հարցում ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության առումով Կոնգրեսում առկա տարակարծություններին, Մուսինյանը նշել է, որ Կոնգրեսի ներսում տարակարծություններ միշտ եղել են, ինչը համարել են Կոնգրեսի հարստությունը, բայց այդ տարակարծությունների հիման վրա միեւնույն է՝ վերջում միշտ ունեցել են պաշտոնական դիրքորոշում:

«Կարող եմ ասել, որ դեռեւս օգոստոս ամսին Կոնգրեսի քաղխորհուրդը որոշում է կայացրել վստահել Առաջին նախագահի կողմից վարվող քաղաքականությանը, որով հեռանկար էր բացվում ԲՀԿ-ի հետ համագործակցելու ընդդեմ այս ռեժիմի, եւ այդ որոշումը մնում է ուժի մեջ:

«Տարակարծությունները կարող են լինել, եւ դա նորմալ երեւույթ է, եւ ես վստահ եմ՝ ցանկացած երկու քաղաքական ուժեր, որոնք որոշում են կայացնում ինչ-որ ռազմավարական հարցերում համագործակցելու, երկու թեւերում էլ կարող են լինել տարակարծություններ»,- նշել է Մուսինյանը:

Այն հարցի վերաբերյալ, որ ՀՀԿ-ն փորձում է ցույց տալ, թե չի «վախենում» անգամ այդ հնարավոր համագործակցությունից, Մուսինյանը ասել է, թե ՀՀԿ-ի այդ ողջունումը «անկեղծ չէ», եւ որ դա գալիս է այն շատ խորը վախից, որով իրոնք հասկանում են, թե այդ կոնսոլիդացիան ինչի կարող է բերել:

«Այդ պարագայում Սերժ Սարգսյանը չի կարող տեսնել նախագահի աթոռը, դա է պատճառը, որ հանրապետականները վախեցած են,բայց իրենք նաեւ պարտավոր են արտաքուստ ցույց տալ, որ իրենք ոչնչից չեն վախենում:

Նորմալ է, կանցնի որոշ ժամանակ, երբ ընտրությունները կմոտենան, քաղաքական դաշտում կոնսոլիդացիան արդեն ավելի ձեւավորված տեսք կստանա, եւ դուք կտեսնենք այդ վախի դրսեւորումները»,- ասել է Մուսինյանը:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ այդ կոնսոլիդացիային միանան այլ ուժեր, Մուսինյանը պատասխանել է, որ Կոնգրեսի անունից կարող է ասել, որ միայն կարելի է ողջունել, եթե որեւէ քաղաքական ուժ ընդունի այն հիմնական սկզբունքը, որ պետք է ամեն ինչ անել այս վարչակազմից ազատվելու համար, որը Հայաստանին որեւէ բան չի խոստանում: «Եթե կլինեն քաղաքական ուժեր, ովքեր կընդունեն այս գիտակցությունը, կհասկանան պահի կարեւորությունը, դա միայն պետք է ողջունել եւ ներգրավել, հնարավորինս լայն կոնսոլիդացիայի դաշտ ստեղծել, որպեսզի ՀՀԿ-ն մնա մենակ: Նա պետք է հասկանա, որ մի կողմում ինքն է եւ ռեժիմը, մյուս կողմում՝ ժողովուրդը եւ նրա կամքը արտահայտող քաղաքական ուժերը»,- ասել է Մուսինյանը:

Նախորդ հոդվածը‘Զինվորական «Ուրալը» Քարվաճառում վթարի է ենթարկվել. Նախնական տվյալներով՝ կան զոհեր (Թարմացված)’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Հայտնի են Քարվաճառում վթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները’