‘Արման Նավասարդյան. Դեսպաններին նույնիսկ կարելի է persona non grata հայտարարել’

942

Օտար երկրի դեսպանը իրավունք չունի որևէ հարցում որևէ հայտարարություն անելու իր դեսպանական երկրում վարվող քաղաքականության մասին կամ դրա դեմ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Եթե նման բան լինում է, նույնիսկ նրանց կարելի է persona non grata հայտարարել: Ես միշտ ասել եմ, որ չի կարելի դառը հաբը կուլ տալ: Օրենքներ կան, խաղի կանոններ կան, և անգամ ամենահզոր երկրի դեսպանը իրավունք չունի թույլ տալու ամենափոքր երկրում նման հայտարարություններով հանդես գալ: Որպես 1961 թվականին Վիեննայի կոնվենցիայի անդամ երկրներ՝ բոլորն էլ հավասար իրավունքներ ունեն, և ըստ միջազգային օրենքների՝ չի կարելի երբևիցե խառնվել որևէ երկրի ներքին գործերին, մանավանդ՝ նման հրապարակային ձևով: Ես տեսել եմ, թե ինչպես հետամնաց, փոքր երկրում Ամերիկայի դեսպանն իրեն լավ չի պահել, նրան շպրտել են փողոց, և դրանից երկրների հարաբերություններում ոչ մի բան չի փոխվել»,- ասաց Նավասարդյանը:

Նրա համոզմամբ՝ եթե մենք նման իրադարձություններում մեզ պահենք ինչպես պետք է, դրանից ոչ մի վնաս չի լինի: Նավասարդյանի կարծիքով՝ ինչպիսին էլ լինի իրավիճակը երկրում, ոչ մի երկրի դեսպան հրապարակայնորեն չպետք է իրեն թույլ տա նման հայտարարություններ անել: «Թող նրանք գրեն իրենց զեկուցագրերում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  Սերժ Սարգսյանն ընտրողների հետ հանդիպմանն ասել էր. «Նախընտրական բնական լարվածության տակ են ի հայտ գալիս երևույթներ, որոնք սովորական ժամանակ քողարկված են։ Եվ բնական է, որ այս օրերին ամեն ինչ կարելի է տեսնել: Օրինակ, կարելի է տեսնել, թե ինչպես օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետը իր հանրային խոսքը ձեւակերպում է որպես նորաթուխ բլոգեր»։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը կոնկրետ անուն չէր նշել: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» նախագահ. Ռոնալդուին ես նույնիսկ անվճար չէի բերի թիմ’
Հաջորդ հոդվածը‘Թե ինչպես էր «Բաղրամյան 26 սողոսկածը» 96-ին պատրաստվում կրակել ժողովրդի վրա’