‘ «Արմավիայի» աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրեցին’

883

Այսօր «Արմավիա» ավիաընկերության արդեն նախկին աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրեցին ընկերության նախկին գրասենյակի մոտ՝ Սախարովի հրապարակում: Ակցիայի մասնակիցները պահանջում էին իրենց աշխատավարձերը, որն ընկերությունը հրաժարվում է վճարել այն պարագայում, երբ առկա է դատարանի որոշում՝ հօգուտ նախկին աշխատակիցների: iLur.am-ի հետ զրույցում աշխատակիցներից Արսեն Սարիբեկյանը նշեց, որ անտեսելով դատարանի որոշումը՝ աշխատավարձերը առանց որեւէ պատճառի չեն վճարվում, իսկ ԴԱՀԿ-ն իր հերթին ոչինչ չի ձեռնարկում:

Բողոքի ակցիային մասնակցում էին նաև քաղաքացիներ, ում «Արմավիան» անընդհատ ձգձգելով՝ չի փոխհատուցում չօգտագործված տոմսերի գումարը: Այսօր պարզ դարձավ, որ ընկերության գրասենյակը տեղափոխվել է, իսկ նոր գրասենյակի վայրի մասին որեւէ տեղեկություն չկա: Նախկին աշխատակից Մհեր Գաբրիելյանը իր խոսքում նշեց, որ  իրենք դիմել են համապատասխան  բոլոր մարմիններին, սակայն որեւէ արդյունք չի գրանցվել:

Սախարովի հրապարակից բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Կառավարության շենք, որտեղից որեւէ եւս արձագանք չեղավ: Այնուհետեւ նրանք ուղեւորվեցին դեպի նախագահական նստավայր՝ բաց նամակ ուղղելով Սերժ Սարգսյանին, ումից պահանջում էին ապահովել օրենքի կատարումը եւ լուծում տալ խնդրին:

Ի դեպ՝ բողոքի ակցիայի մասնակիցները ողջ ընթացքում իրենց դժգոհությունն էին հայտնում ներկա իշխանություններից, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանից եւ վարչապետ Տիգրան Սարգսյանից, որոնք որեւէ քայլ չեն ձեռնարկում ապօրինությունները դադարեցնելու համար: Ավելին՝ քաղաքացիները նշեցին, որ իրենց դժգոհությունը հայտնելու են Ազատության հրապարակում՝ մասնակցելով մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին: 

Նախորդ հոդվածը‘2013-ին Հայաստան է այցելել 110 հազար իրանցի’
Հաջորդ հոդվածը‘ Փետրվարի 24-ից մարտի 2-ը կանցկացվեն ձմեռային համահայկական առաջին խաղերը’