‘«Արմավիայի» աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը’

721

«Արմավիայի» աշխատակիցներն այսօր դարձյալ ընկերության գրասենյակի դիմաց էին՝ իրենց նախկին գործատուից պահանջելով մարել աշխատավարձերի պարտքերը:

Աշխատակիցներից ոմանց հրավիրվել են ներս եւ, ըստ հանդիպման մասնակցածների, ընկերության ղեկավարությունից իրենց նույն պատասխանն էին տվել, ինչ նախկինում. «Ինչ որ բան կվաճառվի, փողերը կտանք», հայտնում է Փաստինֆոն:

Ի դեպ, նշենք, որ արդեն տեւական ժամանակ է, ընկերությունից այս պատասխանն են տալիս իրեց նախկին աշխատակիցներին:

Ավելին, «Արմավիան» դեռեւս անցյալ շաբաթ խոստացել էր մարել պարտքերը, նշելով, որ իրենց պարտք ունեցող «Ավիա-Սերվիս» ընկերությունը վճարելու է պարտքը եւ այդ գումարն իրենք ուղղելու են աշխատավարձերի մարմանը: Բայց, ինչպես այսօր հավաստիացրեցին բողոքի մասնակիցները, իրենց ոչինչ չեն վճարել:

«Գուցե 1-2 հոգու որոշ գումար տվել են, բայց հիմնական մասը ոչինչ չի ստացել»,-նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ բողոքի հերթական ակցիային մասնակցում էին հիմնականում թռիչքային անձնակազմի, անդամները՝ օդաչուները, բորտինժեներները եւ ուղեկցորդները, որոնց աշխատավարձերը ավելի բարձր են մյուս աշխատակիցների համեմատ, ուստի եւ «Արմավիա»-ն այս մասնագետներին ամենից շատ է պարտք:

Չբավարարվելով ընկերությունում իրենց տրված պատասխանով, բողոքի մասնակիցներն ուղեւորվել են դեպի ՀՀ կառավարության շենք՝ գործադրից պահանջելով միջամտել ստեղծված խնդրին լուծում տալու համար:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Շահինյանի զարմանալի արկածները ՕԵԿ-ում’
Հաջորդ հոդվածը‘Նոր օրենք, ըստ որի՝ արագությունը 1կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանք է նախատեսվում’