‘«Արմավիան» ապրիլի 1-ից դադարեցնու՞մ է բոլոր չվերթները կամ ինչու է սնանկանում Բաղդասարովը. Մամուլ’

1334

«Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավտիսովան երեկ, ըստ էության, չի հերքել «ՀԺ»-ի այն տեղեկությունը, որ ապրիլի 1-ից «Արմավիան» բոլոր չվերթները դադարեցնում է: «Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է»,- ասել է նա:

Ըստ «Հժ» աղբյուրների, չվերթների դադարեցումից հետո սկսվելու է «Արմավիայի» սնանկացման գործընթացը: «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին ոչ մի կերպ չի հաջողվում գնորդ գտնել իր այս, ինչպես նաև մի քանի այլ ընկերությունների համար: Մեր տեղեկություններով, «Արմավիան» չի դիմել լիցենզիայի երկարաձգման համար: Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ եթե դիմեր էլ, լիցենզիան չէր երկարաձգվի: Բազմիցս գրել ենք, որ Բաղդասարովը ցանկանում է վաճառել «Արմավիան»: Դա սակայն որևէ կերպ չի ստացվում: Բաղդսարովի ուզած գինը` 50 միլիոն դոլար, ոչ ոք պատրաստ չէ վճարել: Բանն այն է, որ «Արմավիան» նաև 22 միլիոն դոլարի վարկ ունի ՎՏԲ բանկին, որը վերցրել է ռուսական ինքնաթիռներ գնելու համար, բայց ոչ ինքնաթիռ էր գնել, ոչ էլ վարկն է կարողանւմ փակել: Բացի սա, թռիչքներն այս պահին իրականացվում են ընդամենը երկու ինքնաթիռով: Մյուս ինքնաթիռները վերանորոգման կարիք ունեն, բայց դա ֆինանսական խնդիրների պատճառով հնարավոր չի լինում կազմակերպել: Գումարած սրան էլ, ավիաընկերությունն անձնակազմին մի քանի ամսվա պարքտ ունի, որը ևս չի կարողանում վճարել: Մեր տեղեկություններով, կառավարությունում արդեն 2-3 ամիս է, քննարկվում է ազգային նոր ավիափոխադրող գտնելու հարցը: Օրերս մամուլում լուր եղավ, որ «Արմավիան» ցանկանում է գնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ այդմ, այդ հարցով Ծառուկյանն ու Բաղդասարովը բանակցությունների մեջ են: Երեկ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիյանը չհիմնավորված է որակել այս խոսակցությունները: Նա հայտարարել է, որ «Արմավիայի» վաճառքի հետ կապված որևէ կազմակերպությունից հայտ չեն ստացել, ավելին, նախկինում ինքն է դիմել մի քանի օտարերկրյա,ավիաընկերության, սակայն նրանց կողմից հետաքրքրություն չի եղել: Թե ով կարող է դառնալ մեր ազգային նոր ավիափոխադրողը հայտնի չէ: Այս պահին գործող տեղական ավիաընկերություններից է «airarmenia»-ն, որ չարթերային թռիչքներ և բեռնափոխադրումներ է իրականացնում: Սույն ընկերության անունը կապվում է Աժ պատգամավոր Դավիթ Հարությունյանի անվան հետ: ՔԱԳՎ պետը, սակայն, երեկ չի բացառել, որ ստեղծվի պետական ավիաընկերություն:

Նախորդ հոդվածը‘Ընտրովի մոտեցում տուժողների նկատմամբ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է ջերմաստիճանի բարձրացում’