‘«Արմավիա». Դատական հայցի վերաբերյալ տեղեկություններն աղավաղված են’

1221

«Արմավիա» ընկերությունը չի մեկնաբանում ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ VTB բանկը 22 միլիոն ԱՄՆ դոլարի դատական հայց է ներկայացրել գործարար Միխայիլ Բաղդասարովի Mika Limited եւ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունների դեմ:

«Որեւէ կերպ չենք մեկնաբանում այդ լուրը, որովհետեւ  նյութում այլափոխված փաստեր կան», — iLur.am-ին փոխանցեցին «Արմավիայի» մամուլի ծառայությունից՝ չմանրամասնելով, թե հատկապես որ փաստերի վերաբերյալ են առարկությունները:

Ըստ «Իզվեստիայի» հրապարակման, բանկը ցանկանում է վերադարձնել գումարները, որոնք նա տրամադրել է ավիափոխադրողին վարկային միջոցների վերաֆինանսավորման նպատակով: Այդ վարկերը «Արմավիան» վերցրել է ռուսական Sukhoi Superjet-100 օդանավերը ձեռք բերելու համար: Հրապարակման մեջ նշվում է, որ, հնարավոր է, նշված ընկերությունները սնանկ ճանաչվեն, եւ արդյունքում «Արմավիայի» ակտիվները հայտնվեն բանկի վերահսկողության տակ: Մասնավորապես,  ՎՏԲ-ն կարող է օրինական պահանջ ներկայացնել ՝լիզինգային պայմանագրերով ձեռք բերված ինքնաթիռների լիզինգային պայմանագրի իրավունքը ստանալու համար, որպեսզի հետագայում կարողանա ինքնաթիռները վաճառել աճուրդով:

 

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Սա լինելու է լրիվ նոր տիպի կուսակցություն, որն ամենից վեր գնահատելու է անհատի ազատությունը’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին զրկեցին քաղաքական լեգիտիմությունից’