‘«ԱՐՄԵՆԱԼ»-ը Եվրադատարանում շահել է ընդդեմ ԵՄ Խորհրդի հայցը’

1064

Եվրամիության Գերագույն դատարանը բավարարել է Հայաստանում տեղակայված «Ռուսալ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ հայցը, որով անվավեր է ճանաչվում Եվրամիության Խորհրդի որոշումը` ԵՄ երկրներ ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրած ալյումինե փայլաթիթեղի ներկրման վրա հակադեմպինգային մաքսատուրք սահմանելու վերաբերյալ:

«ՌՈՒՍԱԼ» ընկերությունից iLur.am-ին տեղեկացնում են, որ 2009-ի սեպտեմբերի 24-ին ԵՄ Խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն, ներդրվել են վերջնական հակադեմպինգային մաքսավճարներ եւ հաստատվել են նախնական մաքսավճարներ Հայաստանից, Բրազիլիայից եւ ՉԺՀ-ից ալյումինե փայլաթիթեղի որոշ տեսակների ներկրման համար:  

2009-ի դեկտեմբերին ԱՐՄԵՆԱԼ գործարանը` ընկերության փայլաթիթեղ արտադրող դուստր-արտադրամասը, Լյուքսեմբուրգում տեղակայված ԵՄ դատարան հայց է ներկայացրել` պահանջելով չեղյալ համարել սույն կանոնակարգը: ԱՐՄԵՆԱԼ-ը, ի թիվս այլոց, պնդում է, որ այս փաստաթուղթը խախտում է ԵՄ Խորհրդի` նախկինում հաստատած կանոնակարգը Եվրոպական միության անդամ չհանդիսացող երկրներից կատարվող դեմպինգային ներկրումից պաշտպանության մասին, ինչպես նաեւ` Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնադրության որոշ կետեր:

2010-ին Եվրահանձնաժողովը միացել է ԵՄ Խորհրդին` դատաքննության ընթացքում պաշտպանելով վերջինիս դիրքորոշումն ընդդեմ ԱՐՄԵՆԱԼ-ի:

2013-ի նոյեմբերի 5-ին կայացրած վճռով ԵՄ դատարանը հաստատել է, որ ԱՐՄԵՆԱԼ-ի փաստարկները հիմանվոր են, եւ վերացրել է ԵՄ Խերհրդի նշված կանոնակարգը: Դատարանը պատասխանող կողմին պարտավորեցրել է նաեւ վճարել դատական ծախսերը: 

Նախորդ հոդվածը‘Սիրիահայ գործարարներ. Հարկերը Հայաստանում չափազանց մեծ են. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանցի մասնագետները Իրաքում էներգետիկ ծրագրերի կմասնակցեն’