‘Արմենակ Դովլաթյան. ՀՀ ՈԱՎՎ-ն իր կայքում չի տեղադրելու ընտրացուցակները’

906

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իր կայքում չի տեղադրելու ընտրացուցակները՝ պատճառաբանելով, թե Ավանում դեկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունները համապետական չեն: Այդ մասին iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արմենակ Դովլաթյանը:

«Մի քանի անգամ դիմել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ պարզելու համար, թե ինչու իրենց կայքում տեղադրված չեն ընտացուցակները, նոյեմբերի սկզբին պատասխանել են, որ աշխատում են ցուցակների վրա և շուտով կտեղադրեն նոր լրացված ցուցակները: Մի քանի օր հետո  նորից զանգահարեցի, և ինձ պատասխանեցին, որ ցուցակները տեղադրում են համապետական ընտրությունների ժամանակ, իսկ ԱԺ մեծամասնական ընտրությունները համապետական չեն համարվում»,-մանրամասնեց նա:

Նրա փոխանցմամբ՝ ինքն  արդեն հասցրել է ընտրական հանձնաժողովից վերցնել մայիսի 6-ի ընտրությունների հին ցուցակը, դիմել է նաև նոր ցուցակ ստանալու համար, իսկ հանձնաժողում իրեն խոստացել են, որ շուտով կտրամադրեն:

Խոսելով ընտրախախտումների մասին ՝ Արմենակ Դովլաթյանը նշեց, որ բնակիչները ահազանգում են, թե  դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցներին հրահանգում են ընտրություններում քվեարկել ՀՀԿ-ական թեկնածուի օգտին:

Հիշեցնենք, որ Արմենակ Դովլաթյանը Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող՝  Հայաստանի Կանաչների կուսակցության նախագահն է: 

Նախորդ հոդվածը‘Արտաշատի ջրանցքում տղամարդու դիակ է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» նախագահը հանդիպել է Նեյմարի հոր հետ’