‘«Արմենիա» ՓԲԸ-ն այսուհետ ռեսուրսներ չի տրամադրի «Զվարթնոցի» հին շենքի համար’

895

«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը ներկայումս «շատ վտանգավոր կառույց է»: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն՝ հայտարարելով, որ այսուհետ էլ ռեսուրսներ չի տրամադրի հնացած շինության պահպանման վրա, ինչպես նաև պատասխանատվություն չի կրի որևէ վթարի դեպքում: Փոխանցում է Pan.ARMENIAN.Net-ը:

«Մենք մտադիր ենք և պատրաստ ենք արդիականացնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, սակայն ռեսուրսներ և ժամանակ չենք ծախսի ռիսկային և օգտագործումից դուրս եկած շինության պահպանման վրա, որը չի համապատասխանում ժամանակակից աերոնավիգացիոն ստանդարտներին»,- ասված է ընկերության տարածած հայտարարությունում:

Օդանավակայանը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին հանձնվել է 2002թ. Հունիսին՝ ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» արգենտինական ընկերության միջև կնքված 30 տարի ժամկետով կոնցեսիոն պայմանագրով:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, ի սկզբանե հիմնական նպատակն և պարտավորությունն է եղել ապահովել ուղևորների ու թռիչքների անվտանգությունն ու ապահովությունը:

«Այդ սկզբունքներից ելնելով էլ 2004թ Հայաստանի կառավարությունը հաստատել է մեր մաստեր պլանը, որով սահմանվում էր, որ պետք է կառուցվի նոր ուղևորային համալիր, որը կհամապատասխանի սեյսմակայունության պահանջներին, կունենա ջեռուցման և լույսի վերահսկման համակարգ, ուղևորների ապահովության համար ժամանակակից սարքավորումներ: Նոր շինությունը կառուցվել է հին շենքի հարևանությամբ, որը կառուցվել է 1982թ, սակայն այլևս չի օգտագործվում և չունի ներկայումս պահանջվող համապատասխան սեյսմակայունություն և օդանավակայանի հատակագծի վրա տեղաբաշխված է` ապահովության և անվտանգության ժամանակակից նորմատիվներին ոչ համապատասխան:

2007թ մենք գործարկեցինք առաջին համալիրը, իսկ 2011թ պաշտոնապես բացվեց նոր օդանավակայանը: Ռազմավարական առումով գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դարձել է տարածաշրջանային հաբ, որը կարող է տարեկան սպասարկել մոտ 3 միլիոն ուղևոր: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն կառուցել է ավելի քան 19,000 քմ մակերեսով մեկնման և ժամանման նոր սրահներ (ստերիլ գոտի), կոմերցիոն տարածքներ, VIP սրահներ և ուղեւորների նստեցման կամրջակներ»:

Սեպտեմբերի 26-ին ՀՀ Հանրային խորհրդում «Զվարթնոց» օդանավակայանի հին կլոր շենքը քանդելու առաջարկին նվիրված քննարկման ընթացքում Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը ներկայացրել էր «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բիզնես-պլանը: Դրանում ներառված գալիք տարի նախատեսված աշխատանքների թվում կա օդանավակայանի հին շենքը քանդելու մասին դրույթը: Ըստ ՔԱԳՎ ներկայացուցչի, շենքը գտնվում է «անմխիթար վիճակում» և նրա ամրացման համար կպահանջվի 10-12 մլն դոլար: Բանն այն է նաև, որ կառավարիչը մտադիր է ընդլայնել օդանավակայանը դեպի աջ, սակայն հին շենքը խանգարում է դրան:

Քննարկմանը մասնակից ճարտարապետները դեմ էին օդանավակայանի հին շենքը քանդելու առաջարկին: 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Մարդուց դրոշն է մնում’
Հաջորդ հոդվածը‘Գեղի կլուբ. Արդյոք ո՞վ է ավելի թուրք’