‘Արմեն Աշոտյանն ավտովթարից հետո ուժեղ սթրես է տարել և մի լավ խմել է ‘

1035

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում, որտեղ, մասնավորապես, ասվում է.

\”Իմ հարգելի և սիրելի ընկերներ:

Այսօր իմ մեքենան իրոք ենթարկվել է ավտովթարի: Բարեբախտաբար ոչ վարորդս, ոչ ես վնասվածքներ չունենք: Անեկեղծ շոնրահակալ եմ Ձեր անհանգստության, սրտացավության, մտահոգության և անկեղծության համար: Ձեր բազում գրառումներն ու համերաշխությունը ապացուցում են, որ մեր ընկերությունն ու մտերմությունը վիրտուալից դարձել են իրական:Խորին երախտապարությամբ` Ձեր Արմեն:

Հ.Գ. Անկեղծ ասած, ուժեղ սթրես եմ տարել, գնացել եմ ու մի լավ խմել: Կներեք ուշ գիշերային գրառման համար\”:

 

Հիշեցնենք, որ նախարար Արմեն Աշոտյանը ավտովթարի էր ենթարկվել Երևան-Գավառ ճանապարհին: Աշոտյանն ու նրա վարորդը վնասվածքներ չէին ստացել, բայց մեքենան ջարդվել էր:Արմեն Աշոտյանը գնում էր Գավառ՝ մասնակցելու քաղաքի պետական համալսարանի հիմնադիր, սփյուռքի նախարարի հոր՝ Հրանտ Հակոբյանի կիսանդրու բացմանը:

Նույն թեմայով shamshyan.com կայքը, որը հիմնականում մասնագիտանում է ավտովթարների լուսաբանման վրա, գրել է.

«Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում, Սևան-Գավառ ավտոճանապարհի Լճաշեն գյուղի խաչմերուկում, Երևան քաղաքի բնակիչ Արամ Բարսեղյանը վարելով «Volkswagen Touareg» մակնիշի 012 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենան խախտելով երթևեկության կանոնները, բախվել է Արարատ Մկրտչյանի վարած «ՊԱԶ-672» մակնիշի 6361 Լ համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Volkswagen Touareg»-ը սպասարկում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որն այդ պահին եղել է իր ծառայողական ավտոմեքենայի մեջ:

Նախարարը մեկնելուց է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հոր՝ Հրանտ Հակոբյանի կիսանդրու բացման արարողությանը: Վթարից հետո, ըստ Գ. Շամշյանի, նախարար Աշոտյանին միջոցառման է տարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրի խաչմերուկում տեղադրված է 2.4 տեղանշանը, որը նշանակում է, որ առանց կանգառի երթևեկությունն արգելված է: Իսկ նախարարի վարորդ Ա. Բարսեղյանը ոչ միայն չի կանգնել նշված հատվածում զիջելով հանդիպակաց եկող տրանսպորտային այլ միջոցին, այլև մեքենան վարել է մեծ արագությամբ: Ինչն էլ վթարի պատճառ է դարձել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նախարարի վարորդը հրաժարվել է վարույթից, իսկ վթարի վնասը հատուցելու է ապահովագրական ընկերությունը»:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» ամանորյա զվարճալի տեսահոլովակը’
Հաջորդ հոդվածը‘Վաչե Գաբրիելյանը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում’