‘Արմեն Աշոտյան. «Հայոց պատմություն» դասագրքում «ոչ մի նախադասություն չի փոխվի»’

1443

Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե չեն պատրաստվում փոխել Հայոց պատմության բուհական դասագրքում տեղ գտած 2008 թվականի մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների մասին «ոչ մի նախադասություն»:

«Իհարկե, չենք պատրաստվում որևէ բան անել: Կարծում եմ, որ առաջինը` որևէ մեկին իրավունք չի վերապահված փորձելու սահմանափակել այլոց ազատությունները, հատկապես` ակադեմիական ազատությունները: Կա գիտնականների խումբը, որը ունի ինչ-որ մի կարծիք, այդ կարծիքը շարադրելու իրավունք իրենց հեղինակած դասագրքում: Հայաստանի անկախության  տարիներին առաջին անգամ է ստեղծվել Հայոց պատմության դասագիրք, և ստվերել այդ հսկայական աշխատանքը քաղաքական և իրականում մեզ բոլորիս համար ցավոտ նորագույն պատմության էջերից մեկի տարաբնույթ մեկնաբանություններով մենք թույլ չենք տա», — ասաց Աշոտյանը:

Մինչ դասագիրքը կհասներ ուսանողներին, այն հաստատվել է կրթության և գիտության նախարարության կողմից: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հաստատելով այդ դասագիրքը, կիսո՞ւմ է այն տեսակետը, որ երկուստեք կիրառվել է հրազեն, կրթության և գիտության նախարարը պատասխանեց. — «Ես չեմ հաստատել, որ այդ դասագրքում գրված յուրաքանչյուր նախադասություն կամ բառ ճիշտ է: Կրթության և գիտության նախարարը, անկախ իր անձից, չի կարող հայոց պատմության կամ ֆիզիկայի կամ կենսաբանության լիարժեք մասնագետ և փորձագետ լինել: Կա համապատասխան մասնագետների կողմից տրված փորձագիտական եզրակացություն, որ այդ գիրքը համապատասխանում է բուհական դասագիրք լինելու չափանիշներին, և իմ հրամանով այդ եզրակացության հիման վրա գիրքը հաստատվել է: Ի դեպ, եզրակացությունը տրվել էր դեռևս 2011 թվականին»:

Նախարարը կարծում է, որ գիտնականներն այս դեպքում ազատ են իրենց կարծիքը արտահայտել` հիմնվելով իրենց ունեցած տպավորությունների և փաստական նյութերի վրա: Աշոտյանն ասում է` որևէ մեկը չի կարող ամբողջությամբ պատասխանել, թե ինչ է եղել այդ ժամանակ, և գիտնականներն էլ չեն հավակնել «վերջին ատյանի» ճշմարտություն գրել:

Նախորդ հոդվածը‘Տ.Սարգսյան. Մենք ունենալու ենք ոչ միայն ծրագրավորող ընկերություններ, այլև չիպերի արտադրություն’
Հաջորդ հոդվածը‘Չավի. Իսպանական ֆուտբոլը անգլիականի լրիվ հակապատկերն է’