‘Արմեն Աշոտյան. Շտեմարանը քննական ճիշտ եղանակ է’

1276

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է տարեվերջին Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակված  «Հայոց լեզու և գրականություն» առարկայի շտեմարաններին, որոնք դիմորդների և մասնագետների շրջանում որոշակի դժգոհությունների տեղիք են տվել:
 
Ինչպես հայտնում են Կրթության և գիտության նախարարությունից, նախարար Ա. Աշոտյանը համոզմունք է հայտնել, որ  շտեմարանների վերաբերյալ առկա  բողոքները նույնպես լրացուցիչ ապացույց են, որ  շտեմարանը  քննական ճիշտ եղանակ է. «Եթե չլինեին թեստային որոշ առաջադրանքների հետ կապված հանրային քննարկումները, մասնագետների կողմից չբարձրաձայնվեին դիտողությունները, որևէ երաշխիք, որ վիճելի առաջադրանքները  չէին սպրդի քննաթերթիկներ, չէր լինի:

Իսկ այս դեպքում մենք ունենք հնարավորություն` մինչև քննաշրջան «մաքրելու» քննական առաջադրանքները վիճահարույց, դպրոցական ծրագրերից դուրս, ինքնանպատակ բարդեցված և տվյալ առարկայի իմացության հետ որևէ կապ չունեցող առաջադրանքներից: Ես միացնում եմ իմ ձայնը դիմորդների բողոքներին և կիսում նրանց մտահոգությունները»,- համոզմունք  է հայտնել ՀՀ ԿԳ նախարարը,  ավելացնելով, որ շտեմարաններ կազմելը նախարարության անմիջական գործառույթներից դուրս է, դրանով զբաղվում է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Նախարարի կողմից  ԳԹԿ-ին  առաջարկ է ներկայացվել վերանայել «Շտեմարան»-ում առկա վիճահարույց հարցերը:

«Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կկազմակերպվեն  մասնագիտական քննարկումներ, որպեսզի հնարավոր լինի զատել բարդ, բայց ծրագրի շրջանակում գտնվող թեստը ծրագրից դուրս գտնվող ու իրական գիտելիքի ստուգման հետ կապ չունեցող թեստերից: Կարծում եմ, որ այս ընթացքում պետք է մասնագիտական քննարկումները հնարավորինս թեժ լինեն, որը կնպաստի որակյալ քննական թեստեր ունենալուն»,- նշել է  նախարարը, խոստանալով հետևողական լինել, որ քննական թերթիկներում որևէ անորակ, ցածրորակ, սխալ կազմված թեստ չլինի:

Նախորդ հոդվածը‘Գյումրու քաղաքապետն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներին’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն անդրադարձել է ջրամատակարարման հիմնախնդիրներին’