‘Արմեն Աշոտյան. Օբամային նշանակեք «յութուբյան նախագահ», Հռոմի Պապին՝ «թվիթերյան Հռոմի պապ»’

1134

ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե իր հրաժարականի լուրերն ակտիվացան այն բանից հետո, երբ խոսվեց Սերժ Սարգսյանի նոր Հայաստանի մասին, հիմա ինքն արդյոք պատրա՞ստ է հրաժարական տալ, ասաց. «ՀՀ ոչ մի պաշտոնյա իրականում կառչած չէ իր պաշտոնից, եւ Սերժ Սարգսյանը հետընտրական զարգացումների ու իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում տնօրինելու է համապատասխան նոր  կադրային հնարավորությունները: Դա չի նշանակում, որ պետք է ամբողջությամբ սրբվի այսօրվա թիմը, որովհետեւ այս թիմը շատ արդյունավետ ու նորմալ աշխատել է: Ես պատրաստ եմ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման համար առաջինը տալ հրաժարական: Ես պատրաստ եմ լինել առաջինը եւ օրինակ հանդիսանալ շատ նախարարների համար»: Այս թեմայով էլ Ilur.am-ը զրուցեց Աշոտյանի հետ:

-Ըստ շրջանառվող լուրերի՝ առաջիկայում փոփոխվելու է կառավարության կազմը: Ձեր կարծիքով, կփոխվի նաեւ վարչապե՞տը, թե՞ Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել:

— Մենք մի թիմ ենք: Կառավարության ղեկավարն ու նախարարները քաղաքական մեկ թիմ են, որ հրաշալի աշխատել են վերջին տարների ընթացքում՝ փորձելով առաջ մղել Հայաստանի զարգացման ծրագրերը: Ես, որպես ԿԳ նախարար, շատ արդյունավետ եմ համարում Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունը: Մյուս կողմից՝ պարկեշտ չեմ համարում ձեր հարցադրումը՝ ակնկալելով պատասխան մի մարդու մասին, որի հետ ես այսօր աշխատում եմ:

— Իսկ ՀՀ-ում վերջին հինգ տարիներին գրանցված 35 տոկոս աղքատությո՞ւնը, կամ արտագաղթը՞: Դա ե՞ւս այդ թիմի հրաշալի աշխատանքի հետեւանք է:

— Ես բազմիցս ասել եմ… կարո՞ղ եք այդ մաստակը դնել մի կողմ, ու խոսենք խնդիրների լուծման մասին: Ինքդ լուծում տուր…

— Բայց դուք եք իշխանությունը, դուք պետք է լուծեք:

— Իշխանությունների բաղկացուցիչ մասը նաեւ ընդդիմությունն է: Օրենսդիր մարմնում ընդդիմությունը ներկայացված է որպես օրենսդիր իշխանության բաղկացուցիչ մաս: Ընդունենք, որ արտագաղթի պատճառներից մեկը նաեւ այն հուսալքությունն է, որ պատում է մեր քաղաքացիներին, երբ դժգոհ լինելով իշխանություններից՝ նրանք հույս չեն կապում նաեւ գործող ընդդիմության հետ: Գործող ընդդիմությունը նաեւ պետք է հույսի աղբյուր լինի մարդու համար՝ փոփոխությունների հասնելու համար:

— Ֆեյսբուքյան Ձեր գրառումները պարբերաբար քննադատության տեղիք են տալիս. նորմա՞լ է, երբ նախարարը այդքան ժամանակ է անցկացնում սոցիալական ցանցերում:

— Դա հասարակության կողմից ստեղծված զինանոցի տարատեսակներից է՝ ուղիղ, անմիջական կապի մեջ մտնելու հասարակության հետ: Ոչ թե նորմալ, այլ՝ ողջունելի է այն, երբ անմիջական կապի ու շփման մեջ ես մտնում հասարակ քաղաքացիների հետ: Եթե ոմանց դուր չեն գալիս իմ քաղաքական հայացքները, եւ փորձում են պրոյեկտել իրենց դժգոհությունը ֆեյսբուքում իմ որոշ քաղաքական գրառումների վրա, ապա ես դա դիտարկում եմ որպես իմ ազատ խոսքի ոտնահարման փորձ:

— Պարբերաբար առաջարկներ են հնչում, որ հարկավոր է բացել վիրտուալ, ֆեյսբուքյան նախարարություն, եւ ձեզ էլ նշանակեն նախարար:

— Այդ դեպքում Օբամային էլ նշանակեք «յութուբյան նախագահ», Հռոմի Պապին՝ «թվիթերյան Հռոմի պապ»:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Ողջամիտ առաջարկների հորձանուտում’
Հաջորդ հոդվածը‘Կինն այրել է Սերժ Սարգսյանի նկարը, Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնեցրել է նրան’