‘Արմեն Բադալյան. Ավագանու ընտրություններում կարող են հաջողության հասնել’

2180

iLur.am-ի հետ զրույցում ասում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը

-ԱԺ Հայ Ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդես է եկել առաջարկով, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ, ՀՅԴ եւ Ժառանգություն կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն միասնական ցուցակով: Ձեր կարծիքով որքանո՞վ է այս տարբերակը հավանական:

-Մինչեւ Երեւանի ավագանու ընտրություններին անդրադառնալը պետք է փաստենք, որ ՀՀ  նախագահի ընտրությունները մեզանում ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո ավարտվել են` անկախ նրանից, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական ինչպիսի քայլեր է իրականացնում: Ու հիմա ռեալ հնարավորությունը, որ կարող են ձեռք բերել ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն մոտակա քաղաքական գործընթացների ժամանակ, դա մասնակցելն է Երեւանի ավագանու ընտրություններին: Սա Հայաստանում ունի կարեւորագույն նշանակություն, եւ ավագանին ընդամենը մեկ գործառույթ է իրականացնելու` քաղաքապետ ընտրելու գործառույթը: Ու եթե Երեւանի ավագանու կազմում ՀՀԿ-ն մեծամասնություն չունենա, նա ստիպված է լինելու հաշվի նստել այլ ուժերի հետ: ուստի Երեւանի ավագանու ընտրությունները շատ ավելի կարեւոր նշանակություն ունեն, քան նախագահական ընտրությունները, որոնց ելքը որոշված էր վաղուց:

-Բայց մի՞թե այս ընտրություններում կեղծիքներ  չեն լինի:

— Իհարկե, այս ընտրություններում էլ կլինեն կեղծիքներ, բայց ի տարբերություն նախագահական ընտրությունների, ավագանու ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն: Եվ կախված ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ-Ժառանգություն կուսակցությունների քարոզարշավից, հանձնաժողովներում գրագետ ու բանիմաց մարդկանց առկայությունից, կարելի է ենթադրել, որ ընդդիմադիր ուժերը մեծ հնարավորություններ ունեն այդ ընտրություններում հաղթելու, իսկ նվազագույն ծրագիրը ՀՀԿ-ին թույլ չտալ, որ ավագանիում ունենա մեծամասնություն: Նախագահական ընտրությունների անվան տակ տեղի ունեցած միջոցառումը մեկ դրական դեր կատարեց. դա յուրօրինակ սոցիոլոգիական հարցման գործառույթ իրականացրեց, եւ այդ միջոցառման ժամանակ պարզ դարձավ, որ բավական շատ են իշխանությունների դեմ տրամադրված անձիք: Միաժամանակ նաեւ խնդիրներ կան ՀՀԿ ներսում գոյություն ունեցող թեւերի պայքարի հետ կապված: Այսինքն` կան բազմաթիվ գործոններ, որոնց գրագետ օգտագործումը ոչ իշխանական ուժերին կարող է ցանկալի արդյունք ապահովել:

-Իսկ ավագանու ընտրություններում այդ ուժերը, ձեր կարծիքով, պետք է միասի՞ն մասնակցեն, թե՞ առանձին-առանձին:

-Ես խնդրին անդրադարձա ստրատեգիական առումով` քննարկելով առկա գործոնները, որոնք կարող են հաջողություն բերել: Ձեր հարցը վերաբերում է տակտիկան խնդիրներին: Հիշում եք` նախագահական ընտրություններից առաջ էլ շրջանառության մեջ դրվեց միասնական թեկնածուով հանդես գալու հարցը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ես պնդում եմ` միասնական թեկնածուի տարբերակն աշխատում է այն երկրներում, որտեղ կան ազատ եւ արդար ընտրություններ, որտեղ ընտրազանգվածը քաղաքական դիրքորոշումներով է աչքի ընկնում եւ կուսակցությունները կոնկրետ կերպարներ ունեն: ՀՀ-ում դեռեւս այդ վիճակը չէ: Պետք է հասկանալ` ընտրությունների ժամանակ, երբ միավորվում են 2, 3, 4 ուժեր, ապա դրա արդյունքում բացասական գործոններն ավելի մեծ դեր են կատարում, քան դրականը:  Ընդունենք` միասնական ցուցակ է ստեղծվում, սակայն սա չի նշանակում, որ այդ ուժերի ընտրազանգվածների մեխանիկական գումար կլինի: Ընդհակառակը` միգուցե ավելի քիչ ձայն ստանան, քան առանձին-առանձին մասնակցելու դեպքում այդ ուժերի ձայները գումարելիս: Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում օրինակ ԲՀԿ ընտրազանգվածը բացասաբար տրամադրված լինի Ժառանգության կամ ՀԱԿ-ի, կամ ՀՅԴ-ի նկատմամբ, եւ հակառակը: Այսինքն` այդ ուժերը, նրանց ընտրողները միմյանց հանդեպ բացասական տրամադրված լինեն: Օրինակները շատ են: Երկրորդ բացասական գործոնը պարզ չէ, թե ինչ սկզբունքով ու ինչ համամասնությամբ պետք է ձեւավորվի այդ ցուցակը` ըստ ձայների՞: Այդ դեպքում մեծ տեղ պետք է ունենա ԱԺ-ում երկրորդ ուժը` ԲՀԿ-ն, թե նախագահի ընտրություններում երկրորդ տեղը գրաված Ր.Հովհաննիսյանի կուսակցությունը: Եւս մեկ խնդիր է լինելու, թե ո՞վ է գլխավորելու ընտրացուցակը, որ կուսակցությունը: Ուստի, եթե ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ եւ Ժառանգություն կուսակցությունները ցանկանում են Երեւանի ավագանու ընտրություններին առավելագույն արդյունք գրանցել, ապա տրամաբանական կլինի ընտրություններին առանձին-առանձին մասնակցելը: Սակայն նրանք պետք է համագործակցեն միմյանց հետ եւ հանձնաժողովներում` հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց մակարդակով, եւ մեդիա ոլորտում:

-Իսկ ի՞նչ եք կարծում` եթե այս ուժերը, կամ այդ ուժերից ոման որոշեն բոյկոտել ավագանու ընտրությունները, որքանով է տարբերակը ձեռնտու:

— Կարծում եմ՝ այս դեպքում բոյկոտն անիմաստ տարբերակ է: Հարկավոր է իրարից հստակ զատել նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունները: Նախագահական ընտրություններում մեկ աթոռ էր եւ կանխորոշված էր, թե ով է լինելու այդ աթոռին: Իսկ ավագանու ընտրություններում ոչ թե մեկ, այլ` 65 աթոռ է: Եվ այդ աթոռները պետք է բաշխվեն: Ուստի, Երեւանի ավագանու ընտրությունները բոյկոտելը համարում եմ անիմաստ եւ անօգուտ, ընդհակառակը` դա կարող է վնասել բոյկոտող ուժին, քանի որ հաջորդ համապետական ընտրությունները կլինեն 2017-2018թթ.:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Շնորհավորում ենք Արաս Օզբիլիսին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանի պատգամավորները բաց նամակ են հղել Վրաստանի վարչապետին’