‘Արմեն Բադալյան. Եթե հինգ տարի առաջ մարդիկ հույս ունեին իրենց ապագայի նկատմամբ, ապա այսօր այդ հույսը գոյություն չունի’

1304

Տարբերությունն այն է, որ եթե 2008 թվականին մարդիկ հույս ունեին երկրի ապագայի նկատմամբ և պայքարում էին իրենց իրավունքների համար, ապա հիմա մենք ձանձրալի քարոզարշավ ենք տեսնում: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ «Օգոնյոկ» պարբերականին տված հարցազրույցին:

Սերժ Սարգսյանը հարցազրույցում, մասնավորապես, ասում է. «Հինգ տարի առաջ քաղաքական հակադրությունները և ատելությունը բառացիորեն թունավորել էին կյանքը երկրում: Պետք էր քանդել այդ ողջ բարդ հանգույցը, քանզի մեջքից հարվածել չէր կարելի: Մեզ հաջողվեց կայունացնել և բացել քաղաքական համակարգը, անհրաժեշտ մակարդակով խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Մենք արդյունավետ համակարգեր ստեղծեցինք հասարակական-քաղաքական երկխոսության համար»:

Արմեն Բադալյանը նշեց, որ փոփոխություններ կան, սակայն դեպի բացասականը: Եթե հինգ տարի առաջ մարդիկ հույս ունեին իրենց ապագայի նկատմամբ, ապա այսօր այդ հույսը, կարելի է ասել, գոյություն չունի:

«Նախորդ նախագահական և այս նախագահական ընտրությունների արանքում իշխանությունների կողմից տարված սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքում Հայաստանից պաշտոնական տվյալներով մոտ 200.000 մարդ հեռացել, գնացել է: Եթե նախորդ ընտրությունների ժամանակ մենք տեսնում էինք քաղաքական ակտիվություն ու պայքար, ապա անցած տարվա մայիսին տեղի ունեցած «միջոցառման» ժամանակ մենք տեսնում էինք ընտրողների աննախադեպ ձայների գնում»,- ասաց Բադալյանը:

Նախորդ հոդվածը‘Փարպեցու փաբերն ընտրարշավի զո՞հ. Ժամանակավորապես փակ է դրանցից մեկը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզումը «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում’