‘Արմեն Բադալյան. Ժամանակն է, որ փաստացի մեկ կուսակցությունը վերածվի դե յուրե մեկ կուսակցության’

1689

iLur.am-ի հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

— Հայ ազգային կոնգրեսը դառնում է մեկ կուսակցություն. արդեն նախաձեռնող խումբը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, դիմել է արդարադատության նախարարություն` նոր կուսակցություն գրանցելու համար: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է արդյունավետ այս քայլը:

— Ես մոտ մեկ տարի առաջ կարծիք էի հայտնել, թե ժամանակն է արդեն, որ Հայ ազգային Կոնգրեսը դաշինքից վերածվի կուսակցության: Ինչո՞ւ. 2008թ. մարտի 1-ից հետո, երբ ստեղծվեց Կոնգրեսը, այդ կառույցի շուրջ հավաքվեց տարբեր տեսակետներ ունեցող բողոքական ընտրազանգվածը: Այն ժամանակ հարկավոր էր, որ ՀԱԿ-ը լինի տարբեր կուսակցություններից բաղկացած դաշինք: Ժամանակի ընթացքում, տարբեր պատճառներից ելնելով, Կոնգերսը, որպես բազմակուսակցական դաշինք, դադարեց փաստացի գոյություն ունենալուց` վերածվելով փաստացի կուսակցության: Ու հիմա ժամանակն է, որ փաստացի մեկ կուսակցությունը վերածվի դե յուրե մեկ կուսակցության: Հասկանալի է`Կոնգրեսում, որպես այդպիսին, կա հիմնականում մեկ կուսակցություն` ՀՀՇ-ն, որն ունի ցանցային կառուցվածք, արեւմտամետ դիրքորոշում, համագործակցում է արեւմտյան կառույցների հետ` անդամակցելով Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը: Մյուս ուժերն ընդամենը ՀՀ ԱՆ-ում գրանցված լինելով են համարվում կուսակցություն, որովհետեւ նրանց մեծ մասն իրականում մի քանի հոգանոց խմբեր են: Բացի այդ, Կոնգրեսի մաս կազմող ուժերից մեկը սոցիալիստ է, մեկը` ազատական, մեկը կարեւորում է արեւմուտքին  ինտեգրվելը, մյուսը` դրական վերաբերմունք ունի դեպի ՌԴ: Ուստի, հիմա ժամանակն է, որպեսզի այս անորոշությունները մի կողմ դրվեն, եւ ստեղծվի մեկ կառույց, որը կունենա հստակ ուղղվածություն, կունենա կազմակերպչական ցանցային կառուցվածք, կկարողանա է՛լ ավելի արդյունավետ օգտագործել ընտրական ռեսուրսը:

— Դատելով Կոնգրեսի անդամ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններից՝ նոր կուսակցության ստեղծմանը կողմ է միայն ՀՀՇ-ն, եւ հավանական է, որ այն ստեղծվի հենց ՀՀՇ-ի ու Կոնգրեսի անկուսակցական մարդկանց հիմքի վրա: Արդյո՞ք սա խնդիր չէ:

— Ովքեր չեն ցանկանա Կոնգրեսին միանալ՝ իրենց խնդիրն է, իրենց որոշելիքը, նրանց պետք է հաջողություն մաղթել իրենց հետագա գործունեության մեջ: Սակայն պետք է հիշել նաեւ մեկ սկզբունք` ովքեր այս տարիների ընթացքում դուրս եկան Կոնգրեսից, դադարեցին որպես քաղաքական գործոն գոյություն ունենալուց, քաղաքականապես մահացան` լինի «Հանրապետությունը», «Լիբերալ կուսակցությունը», թե ով: Նաեւ եկեք տեսնենք` որքանով են այդ կուսակցություններն առանցքային: Իմ կարծիքով՝ առանցքային են համարվում այն կուսակցությունները, որոնք ՀՀ մարզերում ունեն իրենց ներկայացուցիչները, բոլոր 41 ընտրատարածքներում ունեն իրենց տարածքային կազմակերպությունները, կարողանում են ընտրատեղամասերում վստահված հազարավոր անձինք ունենալ, այլ ոչ թե այն կուսակցությունները, որոնց ղեկավարներն օրական երեք մամուլի ակումբում ասուլիս ու հարցազրույց են տալիս, ու վերջ: Բացի այդ, առանցքային է այն ուժը, որին նաեւ դրսի գործընկերներն են ճանաչում: Այս առումով ՀԱԿ-ում միայն ՀՀՇ-ն է, որը համագործակցում է արեւմտյան կառույցների հետ, եվրոպական կուսակցության անդամ է: Գյություն ունի նաեւ մեկ նրբություն. երբ արեւմտյան քաղաքական գործիչներ են գալիս Հայաստան, հանդիպում են Կոնգրեսի քաղաքական առաջնորդի` Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ նրա ներկայացուցիչների հետ: Սակայն ժամանակն է, որպեսզի հիմա Կոնգրեսը այլեւս ինստիտուցիոնալ առումով հարաբերվի, համագործակցի արեւմտյան կառույցների, կուսակցությունների հետ:

— Ի՞նչ եք կարծում`նոր ստեղծվելիք ուժը արդյունավետ կգործի՞, թե՞ ոչ, եւ կկարողանա՞ իրականացնել ավազակապետության կազմաքանդման եւ սահմանադրական կարգի հաստատման խոստումը:

— Ես գուշակություններով չեմ ուզում զբաղվել: Իր առաջ դրած նպատակների լուծման հարցում որքանով արդյունավետ կլինի կուսակցության գործունեությունը, կախված կլինի, թե որքանով որակյալ կուսակցություն կստեղծես: Տեսականորեն` սա ճիշտ որոշում է: Նաեւ` եկեք չմոռանանք, որ այսօր Կոնգրեսին ձայն տալով՝ ընտրազանգվածը ձայն է տալիս ոչ թե Կոնգրեսի անդամ այս կամ այն կուսակցությանը, այլ` Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն` Կոնգրեսի ընտրազանգվածը անհատական կողմնորոշմամբ է քվեարկում: Նման պայմաններում, երբ ստեղծում ես կուսակցություն, հստակ սահմանում ես նաեւ քո կողմնորոշումը` դեպի արեւմտյան, թե ռուսական ինտեգրացիոն համակարգեր, անհատական կողմնորոշմամբ քվեարկող ընտրազանգվածին ավելացնում ես նաեւ քաղաքական կողմնորոշմամբ քվեարկող զանգվածը:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Բենեդիկտոս XVI-ը մտադիր չէ պաշտոնաթողությունից հետո մասնակցել եկեղեցու կառավարմանը’
Հաջորդ հոդվածը‘Գերմանացի իրավապաշտպանի և Իրանի դեսպանի «թխի գա՛» ողջույնը մեծ աղմուկ է բարձրացրել (տեսանյութ) ‘