‘Արմեն Բադալյան. Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին զրկեցին քաղաքական լեգիտիմությունից’

1478

iLur.am-ը ներկայացնում է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ հարցազրույցի շարունակությունը: Այս անգամ թեման ներքաղաքական զարգացումներն են:

— Պարոն Բադալյան, նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը կարծես թե հարթ չի ընթանում. «խիարը թարս է բուսնում», «ընտրություններին 100-ից 90, 80,70 կամ 60 կխփենք» եւ այլն: Այս պահվածքն ինչպե՞ս կգնահատեք, ինչո՞ւ է նա նման կերպ պահում իրեն:

— Երբ պարզ դարձավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն առաջադրելու իրենց թեկնածությունը նախագահի ընտրություններում, այդ պահից ընտրությունները, որպես այդպիսին, ավարտվեցին, ու ամիսներ առաջ արդեն պարզ դարձավ, թե ով է հռչակվելու փետրվարի 18-ի միջոցառման հաղթող: Ու նման պայմաններում ընտրական գործընթացն այդպիսով վերածվեց զավեշտի: Մենք տեսանք, որ դեռ դեկտեմբերին կառավարությունը հարկային փոփոխությունների փաթեթ ներկայացրեց խորհրդարան, որը ենթադրում է հարկային տեռոր ատամնաբույժների հանդեպ: Նորմալ երկրներում ընտրական այս փուլում իշխանությունները նման օրենքներ չեն ներկայացնում խորհրդարան՝ մտավախություն ունենալով հասարակության մոտ դժգոհություն առաջացնել: Այնինչ՝ մեզ մոտ իշխանությունները շատ հանգիստ գնացին այդ քայլին, որովհետեւ շատ լավ գիտեն, որ այս ընտրությունները մրցակցային չեն, այս ընտրությունները դեռ չսկսված՝ ավարտվել են: Սերժ Սարգսյանը որեւէ մտահոգվելու խնդիր չունի: Նա գիտի, որ անգամ առանց ընտրությունների, ի սկզբանե 600-700 հազար ձայն ունի, որից 500 հազարը գոյություն չունեցող ընտրողներն են, մյուս մասը՝ իշխանական-ադմինիստրատիվ ռեսուրսը: Ու նման պայմաններում նա այլեւս իրեն թույլ է տալիս կորցնել զգոնությունը եւ պահել այնպես, ինչպես իրականում է՝ արդյունքում թույլ տալով նման կիքսեր:

— Ուղղակի թվում է, թե նա հիմա պետք է առավել քան զգոն լինի, քանի որ չունի որեւէ խնդիր: Եվ տրամաբանական է, որ նա պետք է նման պայմաններում հանգիստ քարոզարշավ անցակցներ:

— Ոչ, նա չի կարող այդպես վարվել: Նա հասկանում է, որ ընտրություններում չկա որեւէ մրցակցություն, փետրվարի 18-ին ընտրություններ, որպես այդպիսին, չեն լինելու: Մյուս կողմից էլ, միջազգային հանրությունը ՀՀ իշխանություններից պահանջում է անցկացնել ազատ եւ թափանցիկ ընտրություններ: Ս.Սարգսյանը լավ է հասկանում, որ փետրվարի 18-ից հետո այս իրավիճակն իր դեմ է շուռ գալու, բանակցությունների ժամանակ միջազգային հանրության կողմից հնարավոր է՝ նրա դեմ օգտագործեն այս հանգամանքը: Մինչդեռ ինքը վերջերս ասաց, թե իրեն պետք են ազատ եւ արդար ընտրություններ, որպեսզի կարողանա աշխարհաքաղաքական կենտրոնների հետ խոսելիս «երկար լեզու ունենալ»: Այնինչ՝ իր լեզուն արդեն կարճացել է: Ուստի, նման պայմաններում Ս.Սարգսյանը կորցրել է իր զգոնությունն ու իրեն նման «շռայլություններ» է թույլ տալիս: Նա իր ենթագիտակցության մեջ ունի միտքը, որ ընտրությունների անվան տակ կատարվող գործընթացն անլուրջ է, զավեշտալի: Եկեք չմոռանանք, որ հաճախ ենթագիտակցությունն է ղեկավարում մարդու գիտակցությունը:

— Այնուամենայնիվ, Ս.Սարգսյանին այս ընտրություններում իր համար կկարողանա՞ ապահովել լեգիտիմություն, թե՞ ոչ:

— Սերժ Սարգսյանն ի սկզբանե լեգիտիմ չէ. Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը, չմասնակցելով այս ընտրություններին, զրկեցին նրան քաղաքական լեգիտիմությունից, ի սկզբանե կտրեցին նրա լեզուն: Քաղաքական լեգիտիմությունը պետք է ձեւավորվեր փետրվարի 18-ի պայքարի ընթացքում: Բայց այդ օրը պայքար չի լինելու, լինելու է թվանկարչություն: Այնպես որ, կարելի է ասել՝ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հասան իրենց նպատակին:

— Իսկ եթե մրցակից թեկնածուները ճանաչե՞ն ընտրությունների արդյունքներն ու շնորհավորեն Ս.Սարգսյանին: Դա կապ ունի՞, թե՞ ոչ:

— Այդ շնորհավորանքն ամենեւին էլ կապ չունի. անկախ նրանից, թե ով կշնորհավորի Ս.Սարգսյանին, նա, միեւնույն է, ի սկզբանե չունի լեգիտիմություն: Եթե անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեց, դրանով ո՞ւմ են խաբում՝ հասարակության այն մասին, որը փողո՞վ է գնում քվեարկության, թե՞ ադմինիստրատիվ ռեսուրսով: Այսօր իշխանությունները մարդկանց ստիպում են գնալ քվեարկության, միայն հասնեն տեղամաս՝ անկախ նրանից, թե ում կընտրեն: Իշխանություններին հիմա պետք է ընտրությունների ժամանակ մասնակցության բարձր ցուցանիշ ապահովել. Ս.Սարգսյանն ունի իր քվեները՝ 100-200 հազար հոգի իրական ընտրող, եւ 500 հազար քվեաթերթիկ էլ ունի ՀՀ-ից բացակայողների ու գոյություն չունեցող ընտրողների փոխարեն: Նման պայմաններում նրան կշնորհավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, թե ով, միեւնույն է՝ ոչ մեկին դրանով չես խաբի, առավել եւս՝ ոչ ՌԴ-ին, ոչ Արեւմուտքին:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘«Արմավիա». Դատական հայցի վերաբերյալ տեղեկություններն աղավաղված են’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացին ներկայացել է որպես ահաբեկիչ և 80 մլն դրամ պահանջել «Զվարթնոցի» տնօրենից’