‘Արմեն Բադալյան. Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը պետականաշինության մասին դասախոսություն էր ‘

1499

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը գործող նախագահին ուղղված դասախոսություն էր պետականաշինության և դիվանագիտության մասին: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին հայտարարությանը և դրանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

«Նախկին նախագահը անուղղակի ձևով գործող նախագահին դասեր էր տալիս, թե, օրինակ, ինչպես պետք է քաղաքական առաջնորդները առաջնորդվեն իրենց քաղաքականության մեջ»,- ասաց Արմեն Բադալյանը:

Ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատում էր գործող նախագահին այն բանի համար, որ եթե անգամ վերջինս ստիպված է եղել ընդունելու Մաքսային միությանն անդամագրվելու Ռուսաստանի առաջարկը, ապա դա գոնե պետք էր անել արժանապատիվ ձևով, այլ ոչ թե այնպես, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը:

«Առաջին նախագահի ելույթը սկզբից մինչև վերջ քննադատություն էր ներկայիս նախագահին: Իր դասախոսությունը ավելի հիմնավոր դարձնելու համար առաջին նախագահը մեջբերումներ էր անում իր փորձից և կոնկրետ օրինակներ բերում, որպեսզի ասելիքը ավելի շուտ տեղ հասնի»,- ասել է նա:

Արմեն Բադալյանն ընդգծել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր վերջին ելույթից ավելի մանրամասն ու հանգամանալից վերլուծություններ է արել. «Պարզապես՝ այսօրվա նախագահին դրանք տեղ չէին հասնում: Հիմա, սեպտեմբերի 3-ից հետո առաջին նախագահը ևս մեկ անգամ կարդաց դասախոսություն: Չգիտեմ՝ այս մեկը գոնե տեղ կհասնի, թե չէ, բայց եթե հասնի էլ, կարծես շատ ուշ է»:

Դիտարկմանը, թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից՝ մասնավորապես այն խոսքերից, ըստ որոնց` ոչ մի վիրավորական արտահայտություն չպետք է մեզ թույլ տանք Ռուսաստանի, ռուս ժողովրդի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, չի կարելի եզրակացնել, որ իրականում նա ևս ռուսամետ է, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ առաջին նախագահը իր ելույթում հստակ ասել է, որ իրենք երբեք չեն եղել ո՛չ ռուսամետ, ո՛չ արևմտամետ:

Նախորդ հոդվածը‘Երվանդ Բոզոյան. Ստեղծված վիճակի միակ պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ’