‘Արմեն Բադալյան. Չեմ կարծում, թե Օսկանյանի գործը կարող է միավորել ընդդիմադիր չորս խմբակցություններին ‘

1238

Չեմ կարծում, թե Վարդան Օսկանյանի գործը կարող է միավորել ընդդիմադիր չորս խմբակցություններին: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նա միաժամանակ նշեց, որ ինչ-ինչ հարցերում նրանք միավորվում են, և դա երևաց գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի քվեարկության ժամանակ:

«Դա կարող է երևալ բյուջեի քննարկման ժամանակ, այս կամ այն օրենսդրական նախաձեռնության ժամանակ, ԱԺ-ից դուրս այս կամ այն հարցի վերաբերյալ, սակայն նախագահական ընտրություններին յուրաքանչյուր քաղաքական ուժ գնալու է միայնակ, և ոչ մի բան չի կարող նրանց միավորել»,- ասաց փորձագետը:

Անդրադառնալով Օսկանյանի գործին՝ Բադալյանը կարծիք հայտնեց, որ դա կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի, ընդամենը PR շոու է, որի նպատակը մեկն է՝ նախընտրական արշավից առաջ իշխող քաղաքական ուժը ցանկություն ունի ազդեցության լծակ ունենալ մեկ այլ ազդեցիկ ընդդիմադիր ուժի նկատմամբ:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարին, ապա Բադալյանը դա միֆ է համարում: Շարունակելով նախագահական ընտրությունների թեման՝ փորձագետը նշեց, որ «Բարգավաճ Հայաստանն» ու Հայ ազգային կոնգրեսը պետք է ոչ միայն իրենց ընտրազանգվածի հետ աշխատեն, այլև առավելապես աշխատեն աշխարհաքաղաքական կենտրոնների հետ:

«Մասնավորապես՝ Արևմուտքի կամ Ռուսաստանի, որովհետև նախագահական ընտրություններում նրանց ձայնն է լինելու վճռորոշ: Կարճ ասած՝ նրանք են նշանակելու ՀՀ նախագահ: Նախագահական ընտրությունների միակ ինտրիգն այն է, թե այդ աշխարհաքաղաքական կենտրոններից որն է նշանակելու նախագահ»,- ասաց Բադալյանը:

Նրա համոզմամբ՝ նախագահ է նշանակվելու ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի քաղաքական շրջանակներից որևիցե մեկը:

Նախորդ հոդվածը‘Գովազդի մասին օրենքը խախտել և հետագայում տուգանվել է միայն «Արմենիա» հեռուստաընկերությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոուլինգի նոր գիրքը գլխավորում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բեսթսելլերների ցանկը’