‘Արմեն Գրիգորյան. Եվրոպայում հստակ դժգոհություն կար ԵՄ կառույցների աշխատանքից’

2756

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ զրուցեցինք Եվրախորհրդարանի վրջին ընտրությունների արդյունքների մասին:

Արմե՛ն, Եվրախորհրդարանի ընտրություններում առաջատար երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, հաղթանակ են տարել, համապատասխանաբար՝ եվրասկեպտիկների տեսակետները ներկայացնող եւ ծայրահեղ աջ համարվող ուժերը, ինչն աննախադեպ է: Ոմանք ասում են, որ դրանով բրիտանացիներն ու ֆրանսիացիներն անվստահություն են հայտնել իրենց երկրների իշխող ուժերին, եւ դա քիչ կապ ունի բուն Եվրախորհրդարանի հետ: Կա նաեւ տեսակետ, թե եվրոպացիները չեն կարեւորում եվրակառույցները եւ պատրաստ են այնտեղ ուղարկել ծայրահեղականներին: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված սա:

Եվրասկեպտիկները ավելի շատ հաջողություն են գրանցել, որովհետև նրանք այժմ վերահսկում են Եվրապառլամենտի տեղերի ընդամենը 30 տոկոսը, իսկ մնացած 70 տոկոսը վերահսկում են պրոեվրոպական խմբերը: Ի դեպ, պրոեվրոպական ուժերը 2009թ. ընտրությունների արդյունքում վերահսկում էին 80 տոկոսը: Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները մեծապես կապված են այն հանգամանքի հետ, որ ԵՄ կառույցները չեն կարողացել պատշաճ կերպով արձագանքել  2008թ. սկսած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին: Եվրոպայում հստակ դժգոհություն կար ԵՄ կառույցների աշխատանքից: Հենց այդ դժգոհությունն են եվրասկեպտիկ կուսակցությունները օգտագործել և ընդլայնել իրենց ներկայությունը պառլամենտում:

Եվրասկեպտիկների հաջողությունը ստիպելու է պրոեվրոպական ուժերին աշխատել ավելի արդյունավետ, այն է՝ ապահովել տնտեսական աճ, որպեսզի կարողանան կանգնեցնել եվրասկեպտիկների առաջընթացը:

Միևնույն ժամանակ՝ անհրաժեշտ է նշել, որ այդ հաղթանակը մեծ հնարավորություն չի ընձեռել եվրասկեպտիկներին: Այդ կուսակցությունների միջև անհամաձայնություններ կան, և հաճախ նրանք պայքարում են միմյանց դեմ: Օրինակ՝ Գերմանիայից հաջողություն գրանցած «Այլընտրանք Գերմանիայի համար» ուժը ոչ թե դեմ է ԵՄ-ին, այլ՝ եվրոյին: Վերջերս Միացյալ Թագավորության «Անկախություն» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի ու Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի միջև հարաբերությունները վատացել  են, նրանք միմյանց հասցեին հնչեցրել են քննադատություններ: (Այս երկու առաջնորդների եվրասկեպտիկ կուսակցությունները հաղթանակ են տարել եվրախորհրդարանի ընտրություններում): Բազմաթիվ հակասություններ կան եվրասկեպտիկ կուսակցությունների քաղաքական դիրքորոշումների միջև:

Իսկ ինչո՞վ առհասարակ բացատրել ծայրահեղական, հատկապես ծայրահեղական աջ համարվող ուժերի՝ վերջին շրջանի ակնհայտ հաջողությունները Եվրոպայում:

Ես կխուսափեի «ակնհայտ հաջողություններ» եզրույթի օգտագործումից, քանի որ, օրինակ, Նիդեռլանդներում ծայրահեղ աջ համարվող Գիրթ Վիլդերսի կուսակցությունը կորցրել է աջակցությունը, նույնը կատարվել է ֆիննական ծայրահեղականների հետ: Ընդհանրապես՝ ծայրահեղականների հաջողությունները մեծապես պայմանավորված են 2008թ. սկսած ֆինանսատնտեսական ճգնաժամով: Եթե հետ նայենք, ապա կտեսնենք, որ նմանատիպ երևույթներ են եղել նաև նախկինում: 1929թ. սկսած Մեծ Ճգնաժամից հետո ծայրահեղ ուժերը Եվրոպայի տարբեր երկրներում հաջողություն են գրանցել, նույնիսկ ֆաշիզմի ձևավորման և հաջողության հիմք է հանդիսացել տնտեսական ճգնաժամը:

Տնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն է ունեցել աջերի վերջին հաջողությունների վրա, և նրանց հետագա հաջողությունները մեծապես կախված կլինեն այն բանից, թե ԵՄ կառույցները ինչպես կաշխատեն ճգնաժամից ամբողջությամբ դուրս գալու և տնտեսական աճ ապահովելու համար:

Կարդացեք նաև

Արմեն Գրիգորյան. Համակարգը
մոբիլիզացրեց բոլորին 
ընդդեմ
Սերժ Սարգսյանի 
                                            

Նախորդ հոդվածը‘Արաբագետ. Բաշար Ասադի հաղթանակն ընտրություններում մոտեցրեց Սիրիայի հակամարտության ավարտը’
Հաջորդ հոդվածը‘Երևանում կբացվի գեղասահքի դպրոց’