‘Արմեն Գևորգյան. Սյունիքի արոտավայրերը Իրանին վարձակալությամբ տալու վերաբերյալ որևէ փաստաթուղթ շրջանառության մեջ չկա’

1799

Այս պահի դրությամբ որևէ նմանատիպ փաստաթուղթ շրջանառության մեջ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե ի վերջո Սյունիքի մարզի ու Իրանի միջև մարզի արոտավայրերը վարձով տալու համաձայնագիր ստորագրվելու է, թե ոչ:

«Նմանատիպ գաղափարներ, առաջարկություններ առիթից առիթ ծնվում են, քննարկվում են ոչ միայն Սյունիքի մարզում, այլև հանրապետության տարբեր մարզերում: Օտարերկրյա տարբեր ներդրողներ, որոնք ցանկություն ունեն Հայաստանում ոչխարաբուծության, անասնապահության զարգացմամբ զբաղվելու, այդ առաջարկություններով դիմում են: Սյունիքի մարզի հետ կապված այս պահի դրությամբ նմանատիպ փաստաթուղթ ֆորմալ առումով չկա, շրջանառության մեջ դրված չէ, մարզպետը Իրան չի այցելել, նմանատիպ փաստաթուղթ չի ստորագրվել»,- ասաց Գևորգյանը:

Նա խոստացավ, որ եթե նմանատիպ փաստաթուղթ լինի, Տարածքային կառավարման նախարարությունը դրա մասին անպայման կհայտնի: Գևորգյանը վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ արոտավայրերը մաքսիմում արդյունավետ օգտագործվեն, և եկամուտներ ապահովեն համայքներին: Նա տեղեկացրեց նաև, որ Վայոց Ձորի մարզում ևս նմանատիպ առաջարկություն կա, այն քննարկվում է և որոշումներ դեռ կայացված չեն:

Հիշեցնենք, որ IRNA իրանական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ համաձայնագիրը կստորագրվի Սյունիքի մարզպետի՝ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգ կատարելիք այցի ընթացքում: Նոր համաձայնագրի համաձայն` Սյունիքի մարզը հինգ հազար գլուխ տավարի համար հինգ տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Արևելյան Ադրբեջանին:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ավելի վաղ iLur.am-ին ասել էր՝ «որ ստորագրենք՝ կիմանաք, դեռ չենք ստորագրել»:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետի ունեցվածքի ցուցակը բաղկացած է 31 էջից’
Հաջորդ հոդվածը‘Կոնստանտին Մելաձեն մահացու ելքով ՃՏՊ-ի մեղավո՞ր’