‘Արմեն Մարտիրոսյան. Առանց լիակատար իշխանափոխության` տեղային պայքարը արդյունք չի տա’

896

Առանց լիակատար իշխանափոխության` տեղային պայքարը նրա այս կամ այն նախաձեռնության դեմ արդյունք չի տա: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արամեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, անցյալ տարի «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանական երեք ուժերի` ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ հետ համատեղ պայքարեց կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրման, ինչպես նաև ՌԴ հետ «գազային համաձայնագրերը» վավերացնելուն դեմ: «Այս չորս քաղաքական ուժերի համագործակցությունը, նրանց կամքի և հետևողականության, ինչպես նաև այլ գործոնների պայմաններում, կարող է արդյունավետ միջոց հանդիսանալ իշխանափոխության համար: Մենք լավ ենք հասկանում, որ առանց լիակատար իշխանափոխության անհնար է փոխել կառավարման համակարգը, իսկ պրոբլեմների երկարաժամկետ լուծումները, երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելը պահանջում են համակարգն ամբողջովին փոխել»,-ասել է Մարտիրոսյանը:

Նա նաև ընդգծել է, որ «Ժառանգությունը» սատարում է Արցախյան պատերազմի վետերանների շարժմանը, որն ուղղված է Հայաստանում տիրող ճգնաժամային իրավիճակի վերացմանը: «Հուսով եմ, որ Արցախյան պատերազմի վետերանների ջանքերը, որոնք վերջերս բավականաչափ ակտիվություն են ցուցաբերում, իզուր չեն անցնի, և մենք նրանց հետ արդեն փետրվարին ձեռնամուխ կլինենք քաղաքական նոր պայքարին»,-նշել է քաղաքական գործիչը: 

Նախորդ հոդվածը‘Երգիծաբան Զադորնովն անպատիժ «գրոհում է» Ուկրաինան’
Հաջորդ հոդվածը‘2013 թ. ՀՀ զինված ուժերում զոհվել 31 զինծառայող (տեղեկանք)’