‘Արմեն Մարտիրոսյան. Եթե բովանդակային առաջարկ լինի, ապա դա կարելի է քննարկել’

1373

Պետք է ընդունել այն հանգամանքը, որ համապետական ճգնաժամ է, և դա բնականաբար իրենից ենթադրում է համապետական լուծում և՛ համակարգային առումով, և՛ համապետական ընտրությունների առումով: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովի խոսնակ Հովվիկ Աբրահամյանի երեկ արած հայտարարությունը, թե «իշխանությունը պատրաստ է գնալ փոխզիջումների, բայց խելամիտ, ողջամիտ»:

«Եթե այդպիսի բովանդակային առաջարկ լինի, ապա դա կարելի է քննարկել: Եթե դա լինելու է կոսմետիկ ինչ-որ փոփոխություն անելու առաջարկ, ապա դա որևէ խնդիր չի լուծի, ճգնաժամն ավելի է խորացնելու»,- ասաց Մարտիրոսյանը՝ չնշելով, թե կոնկրետ ինչ փոզիջումային տարբերակ են ակնկալում իշխանությունից:

Ինչ վերաբերում է Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հայտարարությանը, թե իրենք չեն բանակցում, որ փոխզիջումների գնան, Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե նորմալ է համարում, որ իշխանության մեջ տարբեր կարծիքներ կարող են լինել:

«Ցանկացած պարագայում, եթե ցանկություն կա իսկապես լուծել ճգնաժամը, ապա բնականաբար դա միայն բովանդակային առաջարկների արդյունքում կարող է լինել, որն իր մեջ ներառում է համապետական լուծումներ»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Մեր հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրա՞ստ է ընդունել իշխանության առաջարկները, եթե նույնսիկ դրանք վերաբերեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց նախագահի պաշտոնի համար է պայքարում, Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ ճիշտ կլինի սպասենք «երկու նախագահների հանդիպմանը»: Նա հույս հայտնեց, որ Սերժ Սարգսյանը կգա Ազատության հրապարակ:

Նախորդ հոդվածը‘«170 մլրդ դոլարի չնչին տոկոսն է բյուջե մտնում»’
Հաջորդ հոդվածը‘Դրվագներ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ արգենտինահայերի հետ ունեցած առնչություններից ‘