‘Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունն» էլ կհանդիպի ԲՀԿ-ի հետ ‘

997

««Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը զանգահարել է ինձ և պաշտոնապես «Ժառանգություն» կուսակցությանը հանդիպում է առաջարկել: Հանդիպումը տեղի կունենա, և մենք կառաջարկենք մեր տեսակետները»: Այդ մասին iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նաիրա Զոհրաբյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ առաջարկում էր անցնել կառավարման խորհրդարանական համակարգին և 100% համամասնական ընտրակարգին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ պարզելու այս գաղափարի շուրջ համախմբվելու հնարավորությունները:

Արմեն Մարտիրոսյանի պնդմամբ՝ մինչև ԲՀԿ-ի մտահոգություն հայտնելը կամ հայտարարելը հենց միայն ինքը 2007 թվականի ընտրություններից հետո երկու անգամ Աժ-ում 100% համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկ է արել:

Պատասխանելով այն հարցին, թե երեկ Շարմազանովը ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո անձնական կարծիքներ է հնչեցրել ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի վերաբերյալ, արդյոք սպասվում են նաև սուբյեկտիվ կարծիքներ կամ էլ քննադատություններ «Ժառանգության» հասցեին, Մարտիրոսյանն ասաց.

«Չեմ կարծում, «Ժառանգությունը» միշտ բաց ու հրապարակային է գործել: Եթե մենք տեսնում ենք խնդիրը, փորձում ենք այն լուծել, առաջարկում ենք հանդիպել, լսելու համար միշտ բաց ենք:  Նույն ձևով վարչապետը հրավիրել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ. գնացինք, լսեցինք իրենց մոտեցումները, առաջարկեցինք մեր մոտեցումները: Որևէ խնդիր չենք տեսնում: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում համագործակցությունը կշարունակենք այն դեպքում, եթե մեր առաջարկներն ընդունվեն»:

Նախորդ հոդվածը‘Հայտնի բռնցքամարտիկը խաղադրույքով մեկ միլիոն դոլար է շահել’
Հաջորդ հոդվածը‘Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բացեիբաց քննարկել իր միջուկային ծրագիրը ‘