‘ Արմեն Մարտիրոսյան. Ձուկը գլխից է նեխած, համակարգը պետք է փոխվի’

1289

Գյումրիում ընթացող ընդդիմադիր երեք ուժերի համատեղ հանրահավաքում ելույթ ունեցավ Ժառանգության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա ելույթը սկսեց հրապարակում հավաքված բազմությանն ուղղված հարցով. «Ուզո՞ւմ եք իշխանափոխություն, ուզո՞ւմ եք դա 2018-ին լինի, ուզո՞ւմ եք հիմա լինի դա»: Մարդկանց «այո» բացականչություններին Մարտիրոսյանը պատասխանեց. «Վե՛րջ, ձեր պահանջը ձեւակերպված է, ուրմեն, մենք գնում ենք հենց այդ պահանջն իրականացնելու, միասին»:

«Կարեւոր ժամանակներում ենք ապրում, իշխանությունները մեր կողմից ընդունված չեն, բայց իրենք մեր քաղաքացիներն են, մեր հայերն են, մենք այս պայքարը, որ տանում ենք, ոչ թե իշխանության դեմ ենք տանում, այլ Հայաստանի համար, որովհետեւ միայն բարի ու արդար նպատակի համար կարող ենք հաղթանակի հասնել: Այս օրերին տարբեր ուժային կառույցներ տարբեր գործողություններ են իրականացնում, կանչում են՝ ասելով, թե չգնաք հանրահավաք, ոչինչ, մեր ոստիկանությունն է, ուրիշ չի, մի քանի օր հետո իրենք էլ են փոխվելու եւ ծառայելու են բացառապես օրենքին:

Դուք, որպես հավաքականություն, արդեն ձեւակերպել եք պահանջը, որովհետեւ արդեն պարզ է՝ ձուկը գլխից է նեխած, համակարգը պետք է փոխվի, եւ դա հնարավոր կլինի, եթե մենք ենք այն ձեւավորում, եւ ոչ թե այսօրվա իշխանությունները, որոնք ձեւավորում են համակարգ, որը ծառայում է բացառապես իրեն: Ուստի, հոկտեմբերի 10-ից սկսում ենք այդ բարեփոխումների շրջանը»,- նշեց Մարտիրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Կոկե. «Ռոնալդուն ատլետ է, իսկ Մեսսին՝ Աստված»’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Հրավիրում եմ ձեր բաժին ազատությունը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից վերցնելու (տեսանյութ)’