‘Արմեն Մարտիրոսյան. Քաղաքացիները պահանջում են իրականացնել ամբողջական իշխանափոխություն’

2559

iLur.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

Խորհրդարանական Քառյակը հունիսին հրապարակեց իր 12 կետանոց պահանջներն ու իշխանություններին մինչեւ աշուն ժամանակ տվեց` դրանք կատարելու համար: Ձեր կարծիքով՝ այդ ժամանակն իշխանությունների կողմից որքանո՞վ արդյունավետ օգտագործվեց, ու որքանով կատարվեցին պահանջները:

— Բնականաբար, որեւէ դրական տեղաշարժի մասին չեմ կարող խոսել: Առավելագույնը, որ նրանք արել են, տուգանքների չափերի նվազեցումն է: Ես դեռ 2010թ. ԱԺ-ում համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ էի հանդես եկել, բայց իմ առաջարկն այն ժամանակ մերժեցին: Բավական ժամանակ պահանջվեց իշխանություններից` հասկանալու համար, որ պետք է գնալ այդ քայլին: Քառյակի պահանջներից միայն այս մեկն է կատարվել, բայց դա ֆունդամենտալ խնդիր չէ: Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված նրանց քայլերն, ընդհակառակը, ավելի վատ վիճակի հանգեցրին: Մյուս պահանջների վերաբերյալ` անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգի, ընդդիմությանը վերահսկողական լծակներ տրամադրել, տնտեսական մենաշնորհների վերացում եւ այլն, նույնիսկ խոսակցություն չկա: Այնպես որ՝ կարող եմ փաստել` Քառյակի 12 պահանջները չեն կատարվել:

Եվ ի՞նչ է սպասվում դրանից հետո:

— 12 կետերի վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության հայտարարության մեջ նշված է, որ եթե մատնանշված քայլերը կյանքի չկոչվեն, ապա մենք աշնանը քաղաքացիների հետ կորոշենք մեր հետագա անելիքները: Իսկ թե ինչ են պահանջում քաղաքացիները` ինքներդ էլ հրաշալի գիտեք՝ Հայաստանում իրականացնել ամբողջական իշխանափոխություն: Առավել եւս՝ օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ միայն բանակն է մնացել, որ կարող է լիարժեք իրականացնել իր գործառույթները: Իսկ մնացած առումով պետական համակարգի հետ կապված խնդիրներ ունենք, եւ այդ խնդիրները լուծելու համար հարկավոր է արմատական իշխանափոխություն:

Սերժ Սարգսյանը վերջերս «Բազե-2014» ճամբարում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, թե իշխանափոխության խնդիրը լուծվում է ընտրությունների ժամանակ, իսկ այլ ժամանակ իշխանության խնդիր լուծել` նշանակում է օրենքից դուրս գտնվել:

— Ոչինչ, միայն Սերժ Սարգսյանը չէ, որ այլ կերպ իշխանափոխություն չի պատկերացնում: Շատ այլ բռնապետներ, նախագահներ, վարչապետներ են եղել, որոնք եւս չեն պատկերացրել իշխանափոխություն, բայց դա իրականություն է դարձել: Սերժ Սարգսյանի ասածը որոշակի տրամաբանության շրջանակներում կլիներ, եթե ինքը լեգիտիմ լիներ, ընտրությունները 2008-ին ու 2013-ին կեղծած չլիներ, ԱԺ ընտրությունները կեղծած չլիներ: Չնայած, աշխարհում եղել են դեպքեր, երբ լեգիտիմ իշխանությունները եւս հրաժարական են տվել: Եթե իշխանությունն իր առաջ դրված խնդիրները չի կարող լուծել, ապա պետք է հեռանա: Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետեւաբար` ժողովուրդը եթե որոշի հեռացնել, նա պետք է հեռանա: Այլ կերպ իշխանափոխության մասին էլ ասեմ, որ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, որի համաձայն՝ իշխանությունները պետք է անեն ամեն ինչ, որ քաղաքացիները ստիպված չլինեն դիմել ապստամբության` որպես վերջին միջոցի: Այնպես որ՝ ապստամբությունը միջազգայնորեն ընդունված նորմ է, եւ եթե իշխանությունները չեն կարողանում, չեն ցանկանում կատարել իրենց պարտականությունները, ինչպես Հայաստանում է, նրանց պետք է հեռացնել:

Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, թե ընդդիմությունը միշտ թեժ աշուն է խոստանում, նաեւ առաջարկել էր. «Խնդրեմ, եթե դժգոհություն ունեն՝ արտահայտեն իրենց դժգոհությունը»: 

— Ես ընդդիմադիր չորս խմբակցություններից որեւէ մեկի շուրթերից չեմ լսել, որ ասեն` թեժ աշուն եմ խոստանում: Համենայն դեպս, ցանկացած պարագայում՝ ակնհայտ է, որ Հայաստանում թեժ աշնան համար բավական հիմքեր կան: Եթե քաղաքական պրոցեսների ակտիվություն տեղի ունենա, դա կլինի տրամաբանության սահմաններում: Ու երբ հասնենք արմատական իշխանափոխության, դրանից կշահի հասարակությունը:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳՆ. Կալիֆորնիայի Սենատի ընդունած բանաձևը հայտարարության բնույթի է և իրավաբանական ուժ չունի’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ Կալիֆորնիայի Սենատի ընդունած բանաձևը’