‘Արմեն Չախալյանը երկու ամսով կալանավորվել է’

999

Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը, երկու ամսով կալանավորել է՝ հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Այս մասին PanArmenian.net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վահագն Չախալյանը: Նա նշել է, որ Արմեն Չախալյանին խուլիգանություն կատարելու մասին մեղադրանք են ներկայացրել:

Նրա խոսքով` Արմեն Չախալյանը դատարանում չի ընդունել իր մեղքը, սակայն առանց փաստական հիմքերի դատարանը նման որոշում է կայացրել: Կայքի հետ զրույցում Վահագնը նշել է, որ մի քանի րոպեով տեսակցել է եղբոր հետ, նրան ծեծել են և դեմքին վնասվածքներ են եղել: Արմեն Չախալյանը դատարանին հայտնել է, որ այդ վնասվածքները նա ստացել է ձերբակալութան ժամանակ և պետք է հետաքննություն իրականացվի:

«Արմենը պատմեց, որ հարցաքննության ժամանակ իրեն գործի հետ կապված որևէ հարց չեն տվել: Հետաքրքրվել են, թե ինչով է զբաղվում, ես ինչով եմ զբաղվում: Քննչական մարմինը որևէ փաստ չի հավաքել, մենք ավելի շատ հիմքեր ենք հավաքել»,- ասաց Վահագն Չախալյանը և հույս հայտնեց, որ անաչառ քննություն կլինի և իրականությունը կպարզվի: Վահագն Չախալյանն ընդգծեց, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը, իսկ Արմենի միակ մեղավորությունն այն էր, որ գնացել է այդ միջադեպի վայրը:

Նա նշել է նաև, որ Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունները ներկայիս իշխանություններին ձեռնտու չեն, սակայն ինչ-որ գործընթացներ են գնում Ջավախքում:

Կայքը հիշեցնում է, որ շաբաթ օրը միջադեպ էր տեղի ունեցել և Վրաստանի իրավապահ մարմինները երիտասարդների էին բերման ենթարկել: Նրանց թվում էր նաև ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը, ով գնացել էր վեճը հարթելու:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ-ն անտեսանելի ժապավեննե՞ր է գնում ‘
Հաջորդ հոդվածը‘Մինչ Աղվան Հովսեփյանը փաստաթղթեր էր ստորագրում, պատվիրակներից մեկը պառկեց եւ քնեց’