‘Արմեն Ռուստամյան. «Մենք գնում ենք դեպի Եվրասիական միություն»’

1357

Այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ ԱԺ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցին, նշեց. «Սեպտեմբերի 3-ից Հայաստանում բոլորովին այլ վիճակ է, բոլորը գիտեն, որ ամսի 3-ից հետո նոր իրավիճակ է առաջացել: Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը փոխվել է: Մենք գնում ենք դեպի Եվրասիական միություն: Եվրասիական միությունը աշխարհաքաղաքական բևեռ է ձևավորում, որի առանցքը Ռուսաստանն ու Չինաստանն են, Հայաստանը մտել է այս գործընթացի մեջ»:

Արմեն Ռուստամյանը նաև ասաց, որ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը սխալ է ներկայացնում Մաքսային միության բովանդակությունը, այն միայն տնտեսական համագործակցություն չէ, դա աշխարհաքաղաքական բևեռ է, որի մեջ մենք մտնում ենք: Սա բոլորովին այլ հարց է, բոլորովին այլ տեղ է տեղափոխում խնդիրը:

Արմեն Ռուստամյանի պնդմամբ՝ արտգործնախարարի և Սերժ Սարգսյանի հայտարարությունները իրար չեն բռնում. արտգործնախարարը խոսում է միայն Մաքսային միության մասին՝ չխոսելով Եվրասիական միության մասին, իսկ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է, որ մենք մտնում ենք Մաքսային միություն և պատրաստվում ենք Եվրասիական միության մեջ մտնել:

Ռուստամյանը նաև հայտարարեց, որ Հայաստանն այլընտրանք չուներ, իսկ Եվրամիությունը հաշվի կնստի կատարված փաստի հետ և Հայաստանի հետ համագործակցության այլ ձևաչափ կգտնի: Բանախոսը, սակայն, նշեց, որ դա չի լինի այն «և՛-և՛»-ը, ինչպես փորձում էր ներկայացնել իշխանությունը:

«Մինչև սեպտեմբերի 3-ը եղած համաձայնագրերը, որոնք փորձում էին բանակցել և համաձայնեցնել, այլևս չեն լինելու, դրա մասին պետք է մոռանալ, համագործակցությունը այդ ծավալով այլևս չի լինելու»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Նախորդ հոդվածը‘Սեպտեմբերի վերջին նախատեսված է Նեթանյահուի և Օբամայի հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘400 ամենահարուստ ամերիկացիները՝ ըստ Forbes ամսագրի’