‘Արշակ Բանուչյան. Իշխանափոխությունից հետո նույն այդ պատմաբանը դիֆերամբներ է ձոնելու նոր իշխանություններին’

1253

«Փաստորեն՝ ԵՊՀ-ն այսօր ծառայում է ներկայիս ռեժիմին և պատմությունը կարող է խեղաթյուրել այնպես, ինչպես կցանկանա ռեժիմը: Վերևները երևի տեղյակ էլ չեն եղել, որ նման դասագիրք է գրվել, սա պարզապես մարդկանց մեջ նստած ստրուկն է, որը թելադրում է՝ ինչ անել՝ իշխանություններին դուր գալու համար: Սա ստորաքարշություն կոչվածն է: Վստահեցնում եմ, որ իշխանությունների փոխվելուց հետո նույն այդ պատմաբանը դիֆերամբներ է ձոնելու նոր իշխանություններին, եթե իշխանությունը լինի թուրքական, ապա կգրի թուրքերին»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Արշակ Բանուչյանը՝ անդրադառնալով iLur.am-ի վերջին հրապարակման մեջ տեղ գտած աղմահարույց բացահայտմանը, թե ինչպես ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի համահեղինակած դասագրքում 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունները ներկայացված են խեղաթյուրված տեսքով, իսկ փաստերին տրված են ոչ օբյեկտիվ գնահատականներ:

Պատմաբանն իրեն ահավոր վիրավորված է զգում այն բանից, թե ինչպես է Հայաստանում ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետն իր ամբողջ գիտական անձնակազմով իրեն թույլ տալիս այսպիսի կեղծիք ներկայացնել: Ըստ նրա՝ տպավորությունն այնպիսին է, որ այս ամենը քաղված է 2008 թվականի «Հայլուրի» լրատվությունից, և եթե այդ դասագիրքը համեմատելու լինենք հատուկ քննչականի մեղադրական ճառի հետ, հավանաբար, որոշ հատվածներ բառացիորեն կկրկվեն:

Արշակ Բանուչյանի խոսքով՝ եթե պատմաբանը գրում է մենագրություն, ապա ինչ ուզում է, այն էլ կարող է գրել, սակայն բարեխիղճ պատմաբանը նույնիսկ մենագրություն գրելու ժամանակ պետք է ներկայացնի բոլոր տեսակետները:

«Բայց այս դեպքում խոսքը մեկնաբանությունների, տեսակետների կամ մենագրությունների մասին չէ, այլ դասագրքի, որտեղ կան ակնհայտ կեղծիքներ և շրջանցած փաստեր: 1937 թվականին այսպիսի հիմքեր էին ստեղծում, որպեսզի մարդկանց աքսորեին: Իսկ 1937 թվականին վերադառնալու փորձեր վաղուց են արվում, բայց մեր հասարակությունը, որը մի անգամ վերապրել է այդ ամբողջ, այլևս թույլ չի տա: Այդ մարդիկ օրվա չոր հացը վաստակելու համար պատրաստ են ամեն տեսակի ստորաքարշության»:

Նախորդ հոդվածը‘«Կրասնոդարի» ղեկավարությունը մրցավարին մեղադրել է կողմնակալության մեջ. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի նախկին նախագահին թունավորել են’