‘Արշակ Մուսախանյան. Գրչի մեկ հարվածով թռցրո՛ւ բռնապետին ‘

1606

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանն Ազատության հրապարակում խոսեց նախաձեռնության իրականացրած որոշ խնդիրների մասին:

Նա նշեց, որ, ի տարբերություն այլ նախաձեռնությունների, «Չեք անցկացնի»-ն իր քննադատության թիրախը միանգամից դարձրեց  Սերժ Սարգսյանին եւ նրա վարչախումբը եւ արձանագրեց, որ սահմանադրական փոփոխությունները Սարգսյանի իշխանության երկարաձգման նպատակն ունի:

«Մենք ուղղակի ասել ենք իրականությունը, մի բան, որից շատ նախաձեռնություններ ինչ-ինչ պատճառներով խուսափել են: Մի կողմ թողնենք այն գաղափարը, որ այս իշխանությունները իրենց բնույթով որեւէ բարեփոխման ընդունակ չեն, եւ ցանկացած բարեփոխման առաջին պայմանը իշխանափոխությունն է: Սակայն եթե անգամ սոցիալական խնդիր է բարձրանում, ապա իշխանության կողմից զիջում հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն վտանգ զգա իր իսկ իշխանության համար: Հակառակ դեպքում ցանկացած խնդիր տանելի է դառնում իշխանության համար», — նշեց Մուսախանյանը:
Նրա խոսքով, նախաձեռնությունն իր գործունեությամբ հասել է այն բանին, որ իշխանությունները չկարողացան սահմանադրական  գործընթացի սկզբում ներդնել իրենց նախաձեռնությունը, որը ինչ-որ պահի Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիայի կմասնակցեր:

«Մենք զարգացրինք «Դեմ եմ» շարժան՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հետ համագործակցության փորձը: Այս առումով մենք վերջնականապես ջարդեցինք այն կարծրատիպը, որ քաղաքացիական նախաձեռնությունները չպետք է համագործակցեն քաղաքական ուժերի հետ:  Այս ամենի արդյունքում այսօր «ոչ»-ի շարժումը կառուցվածքային առումով ամբողջական է: Քաղաքական ուժերից եւ հասարակական կազմակերպություններից բացի գործում են նաեւ քաղաքացիական նախաձեռնություններ, ինչը նշանակում է, որ մեր քաղաքացիներն ազատ են ընտրելու իրենց ազատ ձեւաչափը՝ մասնակցելու «ոչ»-ի քարոզին», — ասաց նա:

Նա նկատեց, որ գնալով ավելի պարզ է դառնում, որ իշխանությունները որեւէ սոցիալական հենարան չունեն, եւ հասարակության ակտիվության դեպքում իշխանությունների պլանն ուղղակի կտապալվի:

«Պետք է դեկտեմբերի 6-ը դարձնել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու համաժողովրդական քվեարկության օր: Այնուամենայնիվ, առաջարկում եմ դեկտեմբերի 6-ին քվեարկել ոչ այնքան ի պատիժ, որքան հանուն: Հանուն մեր արժեքների,՝ իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետության: Դեկտեմբերի 6-ին քվեարկենք հանուն մեր երազանքի: Մեզ երբեք չեն կարող արգելել երազել: Սիրելի քաղաքացի, մտի՛ր տեղամաս եւ ընդամենը գրչի մեկ հարվածով թռցրո՛ւ բռնապետին: Դու կարո՛ղ ես», — եզրափակեց Մուսախանյանը:

Նախորդ հոդվածը‘Սուսաննա Մուրադյան. Կեցցե անՍերժ Հայաստանը’
Հաջորդ հոդվածը‘Դեմիրճյան. Ոչ ասելով՝ մենք ոչ ենք ասում կեղծիքներին’