‘Արոնյանը հաղթեց Ռաջաբովին’

4757

Հաղթեց. 6 ժամ «տանջեց» հայ հասարակությանը, բայց հաղթեց: Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը չափազանց կարեւոր հաղթանակ տարավ Ռաջաբովի նկատմամբ:

Արոնյանը պարտիայի միջնամասում որոշակի առավելություն ստացավ եւ աստիճանաբար սկսեց ճնշումը մեծացնել: Սակայն Ռաջաբովը երկար ժամանակ դիմադրում էր, բայց ի վերջո չդիմացավ, սխալների շարան թույլ տվեց եւ հայ գրոսմայստերը հաղթեց:

Սա շատ կարեւոր հաղթանակ էր՝ հաշվի առնելով, որ ավելի վաղ տուրի մյուս կենտրոնական պարտիայում ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը չհանձնեց քննությունը Մագնուս Կառլսենի առջեւ: Կառլսենը իր գերհամակարգիչ ուղեղով սեւերով պարզապես ճզմեց մրցակցին եւ 36-րդ քայլում ստիպեց անձնատուր լինել Սվիդլերին:

Սա նշանակում է, որ այս մրցաշարում արդեն ունենք երկու ընդգծված առաջատար՝ Արոնյանն ու Կառլսենը՝ որոնք վաստակեցին 4,5 միավոր եւ բավական առաջ անցան մնացած շախմատիստներից:

Տուրի մյուս պարտիաները՝ Իվանչուկ-Կրամնիկ, եւ Գրիշչուկ-Գելֆանդ՝ ավարտվեցին ոչ-ոքի:

Մրցաշարային դիրքը 6-րդ տուրից հետո հետեւյալ տեսքը ստացավ. 1-2. Արոնյան, Կարլսեն` 4,5; 3-4. Կրամնիկ, Սվիդլեր` 3; 5-6. Ռաջաբով, Գրիշչուկ` 2,5; 7-8. Գելֆանդ, Իվանչուկ` 2:

Այսօր մրցաշարում հանգստյան օր  է: Այսպիսի վալիդոլային պարտիայից հետո իսկապես պետք է շունչ քաշեն թե Արոնյանը, թե նրա բազմաթիվ երկրպագուները:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Բաքուն քննադատում է Թուրքիային՝ Երեւան-Վան չվերթների համար’
Հաջորդ հոդվածը‘Ո՞րն է, բաբո, մեր ասելիք’